ԳՅՈՒՄՐՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ Իսկ Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի նորոգման համար դրամահավաք է հայտարարված Գյումրու ավարտվող ամռան ու աշնանամուտի համապատկերում իշխողը ճանապարհաշինարարների քանդած հատկապես կենտրոնական փողոցներն ու մայթերն են եւ դրանց նորոգման ընթացող աշխատանքները: Այս վերջիններս են պատճառը, որ քաղաքի բնակիչները սովորականի պես չեն բողոքում ստեղծված անհարմարություններից, որոնք այս պարագայում ժամանակավոր են: Ընդգրկման ծավալներով երեւի աննախադեպ այդ աշխատանքներն ընթանում են երեք ծրագրերով, որոնցից գլխավորն ու ամենամեծըՙ 23,84 մլն եվրոյին համարժեք ընդհանուր գումարով, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» երկար սպասված ծրագիրն է: Դրանով նախատեսվում է երեք տարվա ընթացքում իրականացնել քաղաքի տասնյակ ճանապարհների հիմնանորոգման եւ փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, ներառելով ասֆալտի, մայթերի եւ դրանց եզրաքարերի նորացում, ջրահեռացման, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում ու արդիականացում եւ այլն: Նշված ծրագրի շրջանակներում ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվում Երեւանյան խճուղում, Կոմիտասի, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհի, Տիգրան Մեծի, Գերցենի փողոցներում, քաղաքի պատմական միջուկիՙ Ջիվանու, Ղորղանյան, Աբովյան, Վարպետաց փողոցներում, իրականացվում են «Մուշ» թաղամասը «Անի» թաղամասին կապող ճանապարհի կառուցման աշխատանքներ: ՀՀ կառավարություն-Գյումրու քաղաքապետարան համատեղ ծրագրով «Մուշ» թաղամասում հրապարակ է կառուցվում: Քաղաքի պատմական միջուկում գտնվող Շիրազի փողոցի հիմնանորոգումը կիրականացվի Հայաստանի տարածքային զարգացան հիմնադրամի միջոցովՙ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մի շարք փողոցներ էլ նորոգվում են համայնքային բյուջեի միջոցներով: Աշխատանքը շատ է, քաղաքապետի հավաստմամբՙ նույնիսկ շինարարների թվի զգալի պակաս ու պահանջ կա: Շիննորոգման աշխատանքների է սպասում քաղաքի գիտա-մշակութային կարեւոր օջախներից մեկինՙ Շիրակի երկրագիտական թանգարանին մեկուկես ամիս առաջ հատկացված շենքը: Մշակույթի երիտասարդ նախարար Լիլիթ Մակունցը, արձագանքելով տեղից արված առաջարկությանը եւ այցելելով Գյումրի ու ծանոթանալով իրավիճակին, խոստացավ լուծել թանգարանի հիմնական շենքի 30 տարի չլուծվող խնդիրը եւ իր խոսքի տերը եղավ: Կառավարության հուլիսի 26-ի որոշմամբ թանգարանին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվեց քաղաքի կենտրոնի Գ. Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի արդեն մի քանի տարի դատարկ, ավելի քան 3000 քառ. մետր մակերեսով շենքն իր օժանդակ շինությամբ ու տարածքներով, ինչին նախապես հավանություն չէր տվել նույնիսկ Գյումրու քաղաքապետը: Այժմ, կարելի է ասել, փչանալուց ու կորստից կփրկվեն, կպահպանվեն, կուսումնասիրվեն եւ ցուցադրության կներկայացվեն քարի դարից մինչեւ մեր օրերը մարզի պատմությունը, ազգագրությունը, կենցաղը, նյութական մշակույթը ներկայացնող ավելի քան 25 հազար գտածոներն ու թանգարանային նմուշները, որոնք մինչեւ այժմ մի կերպ պահվում էին, հիմնականում արկղերում, մի հին շինության մոտավորապես 100 քառ. մետր տարածքում: Նոր շենքում նաեւ գիտահետազոտական կենտրոն, պատկերասրահ կգործի: Խնդիրը հիմա հատկացված շենքը նորոգել-նախապատրաստելն է, որի սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ: Այն հայթայթելու նպատակով սեպտեմբեր ամսին դրամահավաք է հայտարարված: Առաջիններից մեկը դրան միանալու պատրաստակամություն է հայտնել ճանաչված դաշնակահար Տիգրան Համասյանը, որը խոստացել է իր մեկ համերգի հասույթը նվիրել թանգարանին: Կազմակերպվելու են նաեւ դրամահավաքը խթանող այլ միջոցառումներ: |