RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 5545, Տպվել է` 548, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՏԱՆՈՂ ԱՍՖԱԼՏԸ

Հ. ԱՖՅԱՆ

Իսկ երկրում այդքան ասֆալտ կա՞, նկատի ունեմՙ փռված, որպեսզի օլիգարխներին ու նրանց թիկնապահներին պառկեցնենք վրան, ավելի ճիշտՙ պառկեցնեն, քանի որ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, չնայած, եթե հաշվի առնենք այն համակրանքն ու սերը, որ մենք սկսել ենք տածել դեպի այս երկու կառույցներըՙ լավ էլ մենք: Օրինակ, եթե Իջեւանի Խաշթառակ գյուղում երկու օլիգարխ բռնենքՙ իրենց վեց ու կես թիկնապահների հետ, որտե՞ղ ենք պառկեցնելու. չէ՞ որ վարչապետը կոնկրետ հանձնարարել էՙ ասֆալտին պառկեցնել: Չնայածՙ ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում, Երեւանում բազմաթիվ փողոցներ կան, որտեղ ասֆալտը ֆեյխուայի պես մի բան է. բոլորը լսել են, բայց քչերն են տեսել, այն էլՙ արտասահմանում: Մյուս կողմից լավ է, կառավարությունը վերջապես կսկսի համապետական ասֆալտապատման գործընթաց, այլ կերպՙ կսկսի զբաղվել տնտեսությամբ, նոր դրանից հետոՙ նույնիսկ սփյուռքի նախարարը կհագնի իր կամուֆլյաժը ու կանցնեն ռեյդի. օլիգարխները կան, ասֆալտըՙ նույնպես:

Ի դեպ, եթե կամուֆլյաժ բառը ֆրանկոֆոնները կարող են ինչ-որ կերպ հասկանալ, ապա կարիք կա նրանց համար թարգմանել ռեյդ բառը. մարդիկ իրավունք ունեն իմանալ, թե որտեղ են գալուՙ մոտ մեկ ամսից: Ճիշտ է, ԱԳ նախարար Մնացականյանը հայտարարում է, որ աշխարհի բոլոր մայրցամաքներում ապրող ֆրանկոֆոնները անհամբեր սպասում են, թե ե՞րբ է մեկնարկելու ֆրանկոֆոնյան երեւանյան գագաթաժողովը, որպեսզի հնարավորություն ունենանՙ ոտքները դնել մեր հինավուրց հողում, սակայն չի բացառվում, որ երբ նրանք իմանան, թե ինչ է նշանակում ռեյդ բառը, այն էլ անձամբ վարչապետի մասնակցությամբ, որոշեն մեկ այլ առիթով գան մեր երկիր:

Մի խոսքով, երկրում ռեյդ է, եթե սպիտակ եք, ապա անհանգստանալու կարիք չկա, պարզապես պետք է կա՛մ Ֆեյսբուքում անվերապահ աջակցւթյուն հայտնել ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին ու գրել, որ վարչապետ Փաշինյանի դուխը միայն բավարար կլիներ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի համար, կամ էլ պետք է ձեր դռան դիմաց սպիտակ կավիճով գրեքՙ Հայկո-քաղաքապետ. ռեյդի դուրս եկածներն անմիջապես կհասկանան, որ յուրային եք ու հանգիստ կանցնեն ձեր դռան մոտով:

Բայց եթե սեւ եք, սակայն Քիմ Քարդաշյանի ամուսին Քայնի Ոեսթը չեք, ավելինՙ միայն մեկ բանկում 30 միլիոն դոլար ունեք, ապա կոչ եմ անում անմիջապես ձեռնամուխ լինել համապետական ասֆալտապատման խոչընդոտմանը, քանի որ հենց ասֆալտը փռեցին, դուք հայտնվելու եք դրա վրա. վարչապետը կհանձնարարի ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին, վերջիններս էլ կգան ու կպառկեցնեն: Չի բացառվում, որ հետո, արդեն ՀՔԾ-ում ձեզ բացատրեն, որ հարուստ լինելը մեղք է, որ ավելի հեշտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը կմտնի Երկնքի թագավարություն, որ դուք սեւ սպի եք նոր Հայաստանի սպիտակ երեսին, որ Հայաստանում այսուհետ պետք է ապրեն միայն սովորական ապրուստով, որ մեկը հարստացավՙ պառկեցնելու են,... Բայց հնարավոր է, որ ՀՔԾ պետը անհրաժեշտ չհամարի ձեզ այս ամենը բացատրելըՙ նայած, թե նա ի՞նչ կարծիք ունի ձեր մասին...

Մի խոսքով, բոլոր այն օլիգարխներին, որոնք ուզում են ասֆալտին չպառկել, առաջարկում եմ պետության համար մի կարեւոր գործ անել. Հայաստանում սկսել սեւ եւ սպիտակ շապիկների արտադրությունՙ նախքան ԱԺ-ն օրենք կընդունի, որ երկրում բոլոր մարդիկ պարտավոր են հագնվելՙ սեւ կամ սպիտակՙ ըստ քաղաքական հայացքների: Ամոթ բան չէ, օրինակ Թուրքմենստանում անձամբՙ Թյուրքմենբաշու հրամանովՙ արգելված են բոլոր գույների մեքենաները, բացի սեւից ու սպիտակից: Ճիշտ է, նույնիսկ Թյուրքմենբաշին չի հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր իր հետ համաձայն չեն, պետք է սեւ մեքենա վարեն, իսկ նրանք, ովքեր իր համար խենթանում ենՙ սպիտակ:

Բայց մենք հո Թուրքմենստան չե՞նք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ