3 ՄԻԼԻՈՆ ՀԱՅ, 3 ՄԻԼԻՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԱԻՐ ՅԱՆ Երեւանից ոտքդ դուրս ես դնում ու կարծես ուրիշ երկրում, ուրիշ իրականությունում լինես: Նախկին իշխանությունները երբ կայծակնային արագությամբ մարզեր էին այցելում (իսկ այդ այցերը մեծ մասամբ ընտրություններից առաջ էին լինում), դեռ ծառայողական մեքենայի մեջՙ արդեն սահման էին գծում իրենց ու մարզաբնակների միջեւ: Մաքուր ավլած փողոցներ, թարմ ասֆալտի կարկատաններ, տներից զոռով հանած-բերած գյուղացիներ: Նախօրոք սարքած-շինած բեմերից խոսում էին, իսկ հանրությունը պլշած նայում էրՙ անհաղորդ նրանց տեսքին ու ասածներին: Դահլիճից գրած-ձեռքները տված հարցեր էին լինում, բառարանային բառապաշարով պատասխաններՙ ամբիոններից: Ինչպես ընդունված է ասել, երկրում իրավիճակ է փոխվել, - այս ամենի մասին անցյալ ժամանակով ենք խոսում: Հայտնի ճշմարտություն էՙ թավշյա հեղափոխության իրականացման գործում մարզերը մեծ ներդրում ունեցան: Մարզերում շատ ծանրութեթեւ չեն անում, քաղաքական անցուդարձերին մեկ որակում են տալիս, այն էլ կտրուկ ու վերջնականՙ այսինչը լավն է, այնինչըՙ վատը: Հեղափոխությունից հետո մարզերում Նիկոլ Փաշինյանին շատ են սպասում: «Ջուրս կտրել են, այ որ Նիկոլը գա, հերները կանիծի:... Ապրանքս ձեռքիցս էժան խլում են, տանում, քաղաքում մեկինՙ տասը գին դնում, ծախում. այ որ Նիկոլը գա, սպեկուլյանտների վերջը կտա:... Տանս տանիքը փշրվել է, անձրեւ-ձյուն երեխեքիս գլխին է լցվում, այ որ Նիկոլը գա, գյուղապետին պատին դեմ կտա, նկուղում պահած շիֆերը կհանի, ինձ կտա»,- իրենք իրենց հույս են տալիս գյուղացիները: Գյուղացիների աչքը մինչեւ հիմա Նիկոլի ճամփին է: Վարչապետի պաշտոնակատարը մարզեր հաճախ է այցելում: Մինչեւ հիմա ցանկացած այցելության ընթացքը, մարզաբնակների հնչեցրած հարցերն ու ծառացած հոգսերը ցույց են տվել, որ գյուղերում արտագնա աշխատանքը եղել եւ մնում է եկամտի հիմնական աղբյուր, որ մարզերում կյանքի որակի վրա ազդող շոշափելի փոփոխություններ դեռ չկան, որ ոռոգման ջրի, գազի, կարկտահարության, զբաղվածության, գյուղմթերքի իրացման խնդիրները չեն լուծվել: Բայց դրանով հանդերձՙ մարզերում դեռ մայիս է, հեղափոխության էյֆորիան դեռ համենում է, բոլորը Նիկոլի արեւով են երդվում, փորները կուշտ է, թե՞ դատարկՙ Նիկոլին շարունակում են վերաբերվել որպես փրկչի: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Մարտունեցիները նշում էին Մարտունու 190 ամյակը: Ոչ այնքան քաղաքի տարեդարձն էր տեղաբնակներին հրապարակ ու փողոց հանել, որքան լուրըՙ Նիկոլը գալիս է: Նորությունը հատկապես գորովանքով միմյանց հաղորդում էին տատիկները. ու մի պահ այդ տեսարանը հիշեցրեց «Տղամարդիկ» ֆիլմը, որտեղ Վերջալույս Միրիջանյանը համագյուղացիներին ձայն է տալիսՙ Արամս գալիս է: Աչքալուսանքի հաջորդ փուլը մարտունեցիների ցնծությունն էր: Ում տանը մայիսից «Դուխով» գլխարկ ու շապիկ կար, հանել էին, հեղափոխական պաստառներըՙ Նիկոլի նկարներով ու կոչերով, երեխաների ձեռքն էին տվել: Բոլորը կենտրոնական հրապարակում էին: Առավել ակտիվներն առաջին շարքերում կազմ-պատրաստ, դուխով սպասում էինՙ հենց Նիկոլ Փաշինյանը երեւա, երկաթյա պատնեշ, թիկնապահների պատվար ջախջախելու են, որ իրենց կուռքի ձեռքը սեղմեն, պահը որսան, մի հատ ջրալի պաչեն ու գրկեն: Այդպես էլ եղավ: Հանդիսավարը գոչեցՙ մոտենում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ճիչ ու աղաղակ, ծափ ու «դուխո՜վ». ի՜նչ երկաթյա պատնեշ ու թիկնապահների պատվար: Մեկ վայրկյան հետո մարտունեցիներն իրենց հորձանուտի մեջ էին առել Նիկոլ Փաշինյանին: Իսկ նա մարտունեցիներին դիմեցՙ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հիշեցրեց, որ հեղափոխության հաղթանակը ոչ ոք չի կարող խլել նրանց ձեռքից, որ նրանք հեղափոխության ճանապարհին կամքի մեծ ուժ, հավատ ու պատրաստակամություն են ցուցաբերել, ինչի համար ինքը շնորհակալ է: Փաշինյանը հիշեցրեց, որ ԱԺ-ի ընտրություններն են մոտենում. ընտրակաշառքը, ճնշումները բացառված են լինելու, եթե Գեղարքունիքի մարզն ուզում է քաղաքական հեղափոխությունից անցում կատարել տնտեսական հեղափոխության, ուրեմն պետք է տեր կանգնի իր քվեին ու սեփական կամքով որոշիՙ ում է տալու իր ձայնը: Նա խստիվ նախազգուշացրեցՙ ընտրակաշառքի, ճնշումների որեւէ դսեւորում քրեորեն կդատապարտվի: Խիստ պատժի կենթարկվի նաեւ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչներիՙ քաղաքական ամեն մի գործընթացներում ներգրավվելու փորձ: Հետաքրքրական էին վարչապետի պաշտոնակատարի ելույթին արձագանքող մարտունեցիների ռեպլիկները: Ամեն անգամ, երբ Փաշինյանն իր մասին ասում էրՙ վարչապետի պաշտոնակատար, մարտունեցի մի տատիկ բռունցքն օդում ճոճելով գոչում էր. «Ո՛չ մի պաշտոնակատար, դու իմ մշտականն ես, Նիկոլ ջա՜ն»: Մի ուրիշ տատիկի ոգեւորությունն էլ այն աստիճանի էր հասել, որ գոչեցՙ Նի՜-կոլ Քո-չար-յան, Նի՜-կոլ Քո-չար-յան: Առանձնակի ուշադրության էին արժանի երեխաները. փայփլուն աչքերով հայացքները հառել էին Նիկոլ Փաշինյանին ու առաջին շարքերում, հրմշտոցի, քաշքշոցի մեջ անհողդողդ կանգնած մնացին մինչեւ վերջՙ փուչիկ ու պաստառը գլխավերեւում ձիգ պահած: Եկավ հարցուպատասխանի ժամանակը: Ակնհայտ էր, որ մարտունեցիների մեջ կային նաեւ էյֆորիայից դուրս եկած, օրհասական խնդիրների լուծումը վարչապետին պաշտամունքի առարկա դարձնելու հետ չկապող մարդիկ, որոնք ուղիղ հարցադրումներ ուղղեցին երկրի ղեկավարինՙ դեռ ինչքա՞ն են կաթը 100-120 դրամով մթերելու, մինչեւ ե՞րբ են արյուն-քրտինքով կարտոֆիլ աճեցնելու, իսկ վերավաճառողները եռակի շահույթ ստանալու, ե՞րբ է բացվելու ավազահանքը. առանց ավազի հնարավոր չէ շինարարություն անել: Փաշինյանը կարտոֆիլ ու կաթ արտադրողներին խորհուրդ տվեց ասոցիացիաներ ստեղծել, հավաքագրել բոլորի խնդիրները - այդ կառույցների միջոցով ներկայացնել կառավարությանը, որպեսզի չստացվի, թե մեկ-երկու հոգու բողոք է հնչում միայն: Միայն համախմբվելով ու խնդիրներն ընդհանրացնելով է հնարավոր արդյունքի հասնել: Իսկ ավազահանքը, խոստացավ, կբացվի: Հավաքի մասնակիցներից ամենահամարձակը պահանջեց, որ հավասարի իրավունքով իրեն թույլատրվի կանգնել վարչապետի կողքին, հետո խոսել: Թույլատրվեց: Երիտասարդ մարտունեցին շարունակեցՙ եթե երկրում իրավիճակ է փոխվել, էլ տեր ու ծառա, իշխանավոր ու ժողովուրդ բաժանարար սահման չկա, ուրեմն ինքն ուզում է կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ թեյ խմել, ի՞նչ կլինի որ: Փաշինյանը երիտասարդի ցանկությունը կանխեցՙ բա որ բոլորն ուզենան իր հետ թեյ խմել, ինքը որի՞ն ընդառաջի, որի՞ն մերժի: Մարտունեցիներն իրենց հետ հուշանվերներ էին բերելՙ էլ Փաշինյանի ասեղնագործ դիմանկարըՙ «դուխով»-ը գլխավերեւում, էլ գորգ-սրբապատկերներ, էլ խաչեր ու վանքերի մանրակերտեր: Նիկոլ Փաշինյանը բեմից Գեղարքունիքի մարզպետին ու Նորատուս համայնքի ղեկավարին խիստ դիտողություն արեց. Երեւանից Մարտունի ուղեւորվելիս ծառայողական ավտոմեքենայի պատուհանից տեսել է, որ չիչխանի անտառները ծածկված են պոլիէթիլենի տոպրակներով, աղբով, իսկ Նորատուսում մի քանի միլիոն դոլար արժողությամբ հյուրանոցի կողքին հյուրանոցի մեծության աղբակույտ կա: Բոլորն ուղեւորվեցին Նորատուս: Մեղավորները տեղում արժանացան Փաշինյանի նախատինքին: Բայց մինչ տեղ հասնելը, աղբատարներն արդեն աղբը տեղափոխում էին, աղբահեռացման աշխատանքներն աննախադեպ կերպով եռում էին: Վարչապետի պաշտոնակատարին սպասում էին նաեւ Գավառում: Մարզպետարանում հանդիպման ժամանակ Փաշինյանը գավառցիներին եւս հիշեցրեցՙ առջեւում ընտրություններ են, չլինեմ-չիմանամՙ ընտրակաշառք, ճնշումներ, վախի մթնոլորտ ավանդական միջոցները նորից կիրառվեն: Թեմաներ կան, որոնց Փաշինյանն անդրադառնում է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Նա միշտ կրկնում է, որ հեղափոխության տրամաբանական սկզբունքներից մեկն էլ աշխատանքի խրախուսումն է: 350.000 առաջնային հարկատուների եւ նրանց հաշվին նպաստ ու թոշակ ստացող 800.000 քաղաքացիների թեման մշտարթուն է յուրաքանչյուր ելույթում: Սրան հաջորդում են հաջողակ մարդկանց օրինակները. մարդիկ, որոնք չեն սպասում թոշակի ու նպաստի, չեն սպասում, թե երբ է գործատուն իրենց 80.000 աշխատավարձ տալու: Նրանք իրենք են ապրուստ վաստակելու, սեփական բիզնեսը ձեւավորելու ջանքերը գործադրում: Գեղարքունիքում Փաշինյանն օրինակ բերեց Սոթք համայնքի ղեկավարին: Ադրբեջանից Վարդենիս բռնագաղթած հայ ընտաիքը սկզբում կարտոֆիլ է ցանել կես հեկտարի վրա, իսկ հիմաՙ 150 հա-ի ու Սոթքի աղքատիկ, խեղճուկրակ տների կողքին եռահարկ առանձնատուն է կառուցել, դեռ բարեգործությամբ էլ զբաղվում է: Փաշինյանը կոչ է անում, հորդորում է, խրախուսում էՙ ոչ մեկի հույսին մի մնացեքՙ ո՛չ պետության, ո՛չ մասնավորի, արժանավայել, ֆինանսապես անկախ ապրելու ելքեր գտեք, աշխատեք, փորձեք, ռիսկ արեք, մի՛ հապաղեք: Հ.Գ. Ժողովուրդն ասում էՙ Հայաստանում 3 միլիոն հայ կա, 3 միլիոն վարչապետ, 3 միլիոն նախարար: Նիկոլ Փաշինյանն այս թեւավոր խոսքի մեջ խոր տրամաբանություն է տեսնում. Հայաստանում իշխանությունը փոխանցվել է ժողովրդին, հետեւաբար նորմալ է, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն տեսնում է վարչապետի, նախարարի պաշտոնում եւ այդ պաշտոնն անհասանելի կամ անհավանական չի համարում: Չէ՞որ նախադեպը կաՙ վարչապետը ժողովրդից մեկն է, նախարարները քաղաքական կենսագրություն չունեցող երիտասարդներ են: Իսկ ԱԺ նախընտրական ցուցակների մասին էլ չխոսենք: Այնպիսի անուններ են հավակնում պատգամորական մանդատի... Երվանդ Օտյանը ողջ լիներ, «Ընկեր Փանջունին» նորից կգրեր: |