ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ Պ.Ք. Իրանի դեմ կգործադրվի՞ արդյոք հարավսլավական սցենարը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդել է, որ նոյեմբերի 13-ից մինչեւ 16-ը Բաքվում, Թբիլիսիում եւ Երեւանում են եղել ԱՄՆ պետդեպարտամենտի եւ գանձապետարանի մի խումբ փորձագետներ, որոնք տեղերում պաշտոնական անձանց եւ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարելՙ «նպատակ ունենալով կառավարություններին պարզաբանել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի հարցում ԱՄՆ-ի նպատակներին առնչվող հարցերի պատասխանները»: Ըստ որում, դեսպանատունը մանրամասնել է, որ տվյալ այցելությունը վերջինն էր ծրագրվող համանման հանդիպումներից: Այդ բանակցությունների մանրամասնությունները եւ արդյունքները չեն հրապարակվել: Ավելի վաղՙ սեպտեմբերին, Բաքվում անցկացվել էր Միջազգային ըմբռնման խորհրդի համաժողով Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության եւ հաղորդակցությունների կենտրոնի համագործակցությամբ: Համաժողովի աշխատանքին մասնակցել էին ամերիկյան շուրջ քսան ընկերություններ եւ պետդեպարտամենտի տնտեսական հարցերի գծով ներկայացուցիչներ: Համաժողովը ժամանակին հիմնել է ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Դեվիդ Էյզենհաուերը: Դրա հիմնական նպատակը ամերիկյան ընկերությունների գործունեության ընդլայնումն է արտասահմանյան շուկաներում: Սեպտեմբերյան համաժողովում հայտարարվել էր, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է ջանքեր գործադրելՙ Ադրբեջանի զարգացող տնտեսությանն օժանդակելու նպատակով: Սակայն արժե հանգամանորեն անդրադառնալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլտոնի տարածաշրջանային այցին: Նա ասել է, որ «Իրանի կառավարությունը ռեալ ճնշման տակ է: Մենք մտադիր ենք շատ ուժգին ճնշել նրան, ինչպես ասում են բրիտանացիներըՙ սեղմել կիտրոնի պես, մինչեւ կորիզները դուրս թռչեն»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել պատժամիջոցների կատարման վերահսկումը: Ինչպես գրում է ամերիկյան EurasiaNet հրատարակությունը, դա նշանակում է հետեւյալը. «ԱՄՆ վարչակազմը, որը մինչեւ վերջերս առանձնակի ուշադրություն չէր դարձրել Անդրկովկասին, հիմա փորձում է այդ տարածաշրջանի երկրները բերել խախտված հավասարակշռության գոտի եւ նրանց դնել մուրճի ու զնդանի միջեւ»: Եվ սա այն պայմաններում, երբ Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում այժմ չկան նույնիսկ ամերիկյան դեսպաններ: Նշենք, որ ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես 180 օրով իրանական նավթի ներմուծման բացառություն են արել ութ երկրներիՙ Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Իտալիայի, Թուրքիայի, Տայվանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի համար: Սակայն այդ ցուցակում չկան Անդրկովկասի երկրները: Ճիշտ է, Վաշինգտոնը պատժամիջոցների ցանկից հանել է ադրբեջանական խողովակաշարի նախագիծը, որով «Շահ-Դենիզ» հանքավայրի գազը Թուրքիայով պետք է հասցվի Եվրոպա: Ըստ որում, Բոլտոնը ուկրաինացիներին խորհուրդ է տվել գտնել ռուսական գազի մատակարարման այլընտրանքՙ քննության առնելով Ադրբեջանից բնական գազի եւ ԱՄՆ-ից հեղուկ գազի մատակարարումների հնարավորությունները: Այդուհանդերձ, ինչպես գտնում է «Грузинформ» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիրը, Վաշինգտոնը կարող է Բաքվի դեմ սանձազերծել անուղղակի տնտեսական պատերազմ: Այս կապակցությամբ Eurasianet-ը հիշեցնում է, որ Ադրբեջանն Իրանի հետ ունի Կասպից ծովում նավթի ու գազի մի քանի հանքավայրերի համատեղ շահագործման պայմանագիր: Բայց խնդիրը հետեւյալն է. այդ ռեսուրսների մշակումը քիչ հավանական է թվում: Բաքվի վիճակը բարդանում է նաեւ նրանով, որ նա Իրանից բնական գազ է ներմուծում Նախիջեւանի ներքին սպառման համար: 2010 թվականին ադրբեջանցիները Անկարայի հետ ստորագրեցին համաձայնագիր Թուրքիայից դեպի Նախիջեւան խողովակաշարի կառուցման վերաբերյալ, սակայն խողովակաշարը միչեւ օրս չի անցկացվել, եւ Նախիջեւանն անմիջականորեն կախման մեջ է իրանական գազի ներմուծումից: Բացի դրանից, վերջին տարիներին տարանցիկ ճանապարհով Իրանից Ադրբեջան է ներկրվել թուրքմենական գազ, որն անհրաժեշտ է ներքին սպառման եւ Վրաստանի հանդեպ Բաքվի պարտավորությունների կատարման համար: Ենթադրվում է, որ Վրաստանն այս տարի կներմուծի մոտ 2,7 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Այնպես որ բարդ իրավիճակում է հայտնվում նաեւ Թբիլիսին, որը, տեղացի որոշ փորձագետների խոսքերով, հայտարարում է, որ իր գլխավոր առեւտրատնտեսական գործընկերներն են ԱՄՆ-ը եւ մյուս արեւմտյան երկրները, բայց իրականում ամեն ինչ տնօրինում են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը նշում է, որ Վրաստանը ստիպված կլինի հրաժարվել տարանցիկ միջանցքի նախագծից, որը Սեւ ծովը միացնում է Պարսից ծոցին եւ Հնդկական օվկիանոսինՙ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ: Հարկ կլինի նաեւ հրաժարվել Լանչխուտիի շրջանի Սուպսա գյուղում իրանական Geopars ընկերության կողմից Վրաստանում առաջին նավթավերամշակման համալիրի կառուցումից, զրկվել Իրանի հետ կատարվող ապրանքաշրջանառությունից, որը 2017 թվականին հասել էր գրեթե 200 մլն դոլարի: Հարկ կլինի նաեւ կորցնել վրացական փոխադրամիջոցների համար գնված իրանական վառելիքի 70 տոկոսանոց զեղչից եւ այլն: Վրաստանի տնտեսությունը կդիմանա՞ արդյոք այդ հարվածին: Ինչ վերաբերում է Երեւանին, որին ավելի վաղ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը նախազգուշացրել էր, որ հայաստանցի գործարարները իրանական կազմակերպությունների հետ գործարարությամբ զբաղվելուց առաջ պետք է խորհրդակցեն ամերիկյան դեսպանատան հետ, հակաիրանական պատժամիջոցներին միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել իրանական գազի ներկրումներից եւ Իրանին էլեկտրականության մատակարարումից, կրճատել Թեհրանի հետ կատարվող ապրանքաշրջանառությունը եւ մոռանալ իրանական տարածքը տարանցման համար օգտագործելու մտքից: Վաշինգտոնը Ադրբեջանին, Վրաստանին եւ Հայաստանի ինչո՞վ կհատուցի այդ ցավագին կորուստները եւ նա մտադի՞ր է արդյոք նրանց փոխհատուցում տալ, երբ լուծում է Իրանին ծնկի բերելու խնդիրը: Ամեն ինչ կախված է ամերիկացի նախկին դիվանագետ եւ ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դեվիդ Ֆրիդի հետեւյալ հարցի պատասխանից. «Իրանի դեմ պատժամիջոցների գործադրումը արժե՞ արդյոք դիտարկել միայն որպես Թեհրանի անձնատրությունը տեսնելու եւ նրան միջուկային ծրագրին առնչվող նոր բանակցությունների դրդելու Վաշինգտոնի ցանկություն: Թե՞ Վաշինգտոնի ոչ պաշտոնական նպատակը այնուամենայնիվ վարչակարգի փոփոխումն է այդ երկրում սոցիալական լարվածության սրման միջոցով»: Ի՞նչ կպատահի, եթե, ինչպես վերջերս գրեց ադրբեջանական Haqqin.az հարթակը, Ադրբեջանը Իրանում գործի դնի հարավսլավական սցենարը: Իրանցի քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի պրոֆեսոր Գադիր Գոլկարիանը , ում վկայակոչում է հրատարակությունը, գտնում է, որ «ԱՄՆ-ը Իրանի դեմ արդեն երկրորդ ճակատ է բացելՙ օգտագործելով ներքին անջատականությունը եւ մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը ոչ թե վարչակարգի փոփոխումն է, այլ մասնատումը, Իրանի բաժանումը ԱՄՆ-ի վերահսկողությանը ենթակա մի քանի էթնիկական սուբյեկտների»: Այս կապակցությամբ պատահական չէ, որ Թեհրանում վերհիշել են, թե ինչպես 1945 թվականին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Բրոնզը առաջին անգամ ներկայացրեց Իրանը յոթ ինքնուրույն պետությունների տրոհելու նախագիծ: Պատմում են, որ երբ Բրոնզի նամակը հայտնի է դարձել լայն հանրությանը, Իրանի ապագա վարչապետ Մոհամմեդ Մոսսադիկը արտասվել է խորհրդարանումՙ այն ժամանակվա վարչապետ Իբրահիմ Հաքիմիի կառավարությանը կշտամբելով այն բանում, որ նա ընդունել է Իրանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող նամակը: Ինչպես ժամանակին ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը , եթե Իրանում խաղարկվի ադրբեջանական խաղաքարտը իրանական վարչակարգի եւ Ադրբեջանի դեմ ուղղված տարատեսակ մեքենայությունների միջոցով, ապա այդ նախագծի իրականացումը առաջին հերթին կհարվածեր Բաքվին, քանի որ հենց թավրիզցիները կգան եւ իրենց կմիացնեն Բաքուն, այլ ոչ թե հակառակը: Նման սցենարի դեպքում միանգամայն ուրիշ հեռանկարով է երեւում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ադրբեջանական որոշ փորձագետներ գտնում են, որ Բաքուն ստիպված կլինի միանալ հակաիրանական պատժամիջոցներին: Սակայն, ինչպես գտնում է Ադրբեջանում աշխատող Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Զաուր Շիրիեւը , անհրաժեշտ է, որ սկզբում Վաշինգտոնը առավել ակտիվ դեր խաղա Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ գոյություն ունեցող հակամարտության լուծման մեջ: Բայց ամերիկացիներն ունե՞ն արդյոք նման ծրագիր եւ ցանկություն: Ամեն դեպքում ամերիկա-իրանական հարաբերությունները դառնում են Մերձավոր ու Միջին Արեւելքի եւ Անդրկովկասի աշխարհաքաղաքականության ծանրության կենտրոնը: Դրանք ուղեկցվում են մի շարք անդրկովկասյան գործոններով, թեեւ ենթադրվում է, որ Վաշինգտոնը այդ հարաբերությունների հարցում ուղղաձիգ կերպով չի գործի: Նա շեշտը դնում է մի շարք փոքր ճակատների, պատժամիջոցների ռեժիմի վրա, ստեղծում է տարածաշրջանի երկրների շահերին դիպչող զանազան ալեկոծումներ: Այդ ամենը դառնում է նոր իրադրության շատ կարեւոր դրսեւորումը: Հիմա շատ բան կախված է նրանից, թե Բաքվի, Թբիլիսիի եւ Երեւանի ղեկավարները որքանով ճիշտ կընկալեն ստեղծվող իրավիճակը եւ դա կհամարե՞ն արդյոք երկարաժամկետ գործոն: Հնարավոր է, որ երեք հանրապետությունները դա համարեն կարճաժամկետ վայրիվերում, որի նպատակը Թեհրանին նոր միջուկային համաձայնագրի կնքմանը դրդելն է, որ խոսքը լոկ Վաշինգտոնի թիրախային քաղաքական մանեւրների մասին է եւ ԱՄՆ-ի տեղեկատվական-քարոզչական գործողությունների մասին: Դրա հետ մեկտեղ, Իրանի հետ կապված եւ թերեւս հենց Իրանում տեղի ունեցող իրադարձությունների իրական զարգացումը Բաքվին, Թբիլիսիին եւ Երեւանին կդրդեն փնտրել հնարավորությունների նոր պատուհաններ: Անվիճելի է այն, որ աշխարհաքաղաքական վերակառուցումը սկսում է տեղաշարժվել Մերձավոր Արեւելքից դեպի Անդրկովկաս, որը հայտնվում է ԱՄՆ-ի ճնշման տակ եւ ներքաշվում ընդհուպ Աֆղանստան ձգվող լարվածության աղեղի մեջ: Ճիշտ է, Վաշինգտոնի սպասելիքները կարող են եւ չարդարանալ: Այդ դեպքում ո՞վ կարգուկանոն կհաստատի հավասարակշռությունից դուրս բերված տարածաշրջանում: |