RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 2329, Տպվել է` 267, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Նախընտրական այս օրերին ամենուրեք մրցավազքի հեւոց կա, լարված նյարդեր ու միմյանց հասցեին ««շռայլվող գովաբանություններ»»: Ոչ ոք չի ուզում ոչինչ զիջել, բոլորն ուզում են հայտնվել խորհրդարանում: Հետաքրքրական ազգ ենք, բոլորս կարծում ենք, որ անփոխարինելի ենք եւ ավելի լավը, քան խորհրդարան գնացողները: Բազմագույն թվացող այս գունապնակում ակնհայտ է, որ «հները» ոչ մի կերպ չեն ուզում զիջել, իսկ «նորերին» էլ ձգտում են լիակատար իշխանության: Սակայն կա մի բան, որ բնորոշ է ամենքին. բոլորն էլ խոսում են ժողովրդի անունից, պատրաստ են ծառայելու ժողովրդին, ամեն ինչ անելու նրա համար...

Պատմաբանիս մասնագիտական դիտարկումների արդյունքում կարող եմ ասել, որ նմանատեսակ իրավիճակներ եղել են նաեւ այլ ժողովուրդների կյանքում, որոնք տարբեր կերպ են հանգուցալուծվել: Օրինակ, երբ 1917 թ. Ռուսաստանում տեղի ունեցավ հոկտեմբերյան հեղաշրջումը, բոլշեւիկները երկրում փոքրամասնություն էին` 140 միլիոն բնակչության մեջ մոտ 30.000: Սակայն նրանք հաղթեցին եւ հայտարարեցին, որ այսուհետ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Գլխավոր լոզունգն էր «Ամբողջ իշխանությունը բանվորագյուղացիական խորհուրդներին»: Այնուհետեւ հայտարարեցին, որ երկրում հաստատվում է ազատություն, ժողովրդավարություն եւ բոլորի հավասարություն:

Սակայն հենց նրանց դիրքերը շատ թե քիչ ամրապնդվեցին, սկսվեց պետական տեռորն ու հալածանքը: Արգելվեցին բոլոր կուսակցությունները, բացի կոմունիստականներից, փակվեցին թերթերն ու ԶԼՄ մյուս միջոցները: Առհասարակ, օրենքից դուրս հայտարարվեցին բոլոր այն գաղափարախոսությունները, որոնք չէին բխում Կոմունիստական մեկնակետից: Ֆիզիկապես ոչնչացվեցին կամ մահվան ճամբարներ քշվեցին բոլոր այլախոհները: Ռուսաստանում 30.000 հոգեւորականներ ոչնչացվեցին միայն այն բանի համար, որ համարձակվել էին հավատալ ոչ թե Մարքսին ու Լենինին, այլ Քրիստոսին: Սոցիալիզմի անվան տակ երկրում հաստատվեց պետական տնտեսական մենաշնորհ, անհատ մարդն անգամ չէր կարող ունենալ սեփական գործ, օրինակ` լիներ ձեռներեց վարսահարդար կամ կոշկակար:

Ամբողջ երկրում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ժողովրդի անունից գործող իշխանությունը կարճ ժամանակում ձեռքում կենտրոնացրեց ողջ իշխանությունը, եւ երկրում բոլոր մարմինների ընտրությունները վերածվեցին ֆարսի: Որպես անխախտ կանոն, թեկնածու լինում էր միայն մեկ անձ, որն էլ 97-98 տոկոսով «համոզիչ» հաղթանակ էր տանում: Բացարձակապես կարեւոր էլ չէր, թե քանի մարդ էր մասնակցել ընտրություններին: Ու թեեւ հայտարարված էր, որ երկրի ողջ հարստությունը պատկանում է ժողովրդին, բայց նա ապրում էր ծայր աղքատության պայմաններում: Դրան հակառակ, տարեցտարի կուսակցական վերնախավը ոչ միայն սկսեց լիարժեք տնօրինել իշխանությունը, այլեւ կուսակցական ու քաղաքական բուհերում ուսանելու եւ մյուս իշխանական մենաշնորհների շնորհիվ ստեղծեց բոլոր անհրաժեշտ պայմաններն այն իրենց զավակներին փոխանցելու համար:

Ամեն ինչում եւ ամեն ինչին տիրելու ձգտող կուսակցական էլիտայի հոգն էլ չէր, որ գրեթե անսահմանափակ բնական պաշարների տեր ԽՍՀՄ կայսրությունը հետ մնաց աշխարհի քաղաքակրթական եւ տնտեսական ընթացքից: Խաթարվեցին ոչ միայն տնտեսական ու քաղաքական-իրավական ոլորտները, այլեւ դրա արդյունքում սկսվեց տնտեսության ու գաղափարախոսության աննախադեպ լճացումը, հոգեւոր ու կրթական հետընթացը: Սակայն մարդկության երբեւէ վերապրած ամենահզոր կայսրությունն իր հակամարդկային ռեժիմով 70 տարի գոյատեւեց: Իսկ դրա պատճառն այն էր, որ անսահմանափակ բնական պաշարների ու ռազմական ներուժի շնորհիվ ԽՍՀՄ-ը կարողացել էր իր շուրջը ձեւավորել կոմունիստական դրածո ռեժիմների բլոկը, որն արյան մեջ էր խեղդում հակակոմունիստական յուրաքանչյուր ելույթ:

Արհեստականն ու կեղծիքը համատարած բնույթ ունեին: Ոչ միայն չէր խրախուսվում, այլեւ հաճախ արգելափակվում էր որեւիցե նախաձեռնության նշույլն անգամ: Կոմկուսին ու նրա դրածո իշխանություններին հաճելի էին եւ կարիերայի սանդուղքով կարող էին վեր բարձրանալ միայն հլու-հնազանդ, սուսուփուս կատարողները: Ողջ երկրում համատարած գաղափարական գորշություն էր ու ճահիճ, որը միանգամայն ձեռնտու էր իշխանություններին: Հենց դա էր պատճառը, որ երբ մարդիկ ոտքի կանգնեցին եւ միահամաուռ գոռացին, որ սուտ ու կեղծ է ամեն ինչ, ստի կայսրությունը կավե փղի նման անմիջապես փլուզվեց: Շուրջ քսանմիլիոնանոց կոմունիստական կուսակցությունն օրերի ընթացքում քայքայվեց այնպես, ինչպես այդ պետության հիմնադիր Լենինն էր ժամանակին քայքայվել ծանր հիվանդությունից:

Իմաստուններն ասում են, որ խելոքները սովորում են ուրիշների սխալներից, հիմարները` սեփական, որ բոլոր ժամանակների ամենաիմաստուն ուսուցիչը պատմությունն է ու նրա դասերը: Հայ ժողովրդը խելացի է եւ պատմական հարուստ կենսափորձ ունի, սակայն նոր փորձության ենթարկվելու ցանկություն չունի: Այնպես որ, այս «անցման շրջանն» էլ կանցնենք եւ գոնե այս անգամ կընտրենք իսկապես արժանավորներին: Որ գոնե այս անգամ վստահ եւ առանց երկմտելու կարողանանք ասել` իշխանության աղբյուրը մեզանում ժողովուրդն է, իսկ իշխանություններն իսկապես ծառայում են միայն ժողովրդին:

15.11.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ