RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2348, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՊՐԵԼՈՒ ՄԵՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդիվ խոստացել էի անդրադառնալ պետական պաշտոնյաների, բարձրաստիճան կամ ոչ, վարձատրության խնդրին: Թեեւ այս օրերի գլխավոր մտահոգությունը նախընտրականՙ շիզոֆրենիայի հասնող քարոզչական հակամարտությունը, ավելի շուտՙ դրա խաղաղ հանգուցալուծման կասկածելիությունն է, սակայն որոշեցի հարգել խոստումս, մանավանդ որ ընտրածս թեման կարեւոր է պետականաշինության տեսակետից, նկատի ունենալով նաեւ, որ Հայաստանում եկել են նոր իշխանավորներ...

Ի սկզբանե է մարդու ընչաքաղցությունը, դեռեւս Կայենի օրերից, որը եղբորըՙ Աբելին զրկեց կյանքից հենց այդ պատճառով: Քրիստոսն անգամ իր աշակերտներին հորդորում էր սեփական ոչինչ չունենալ, այլ ապրել երկնքի թռչունների նման, քանզի, անշուշտ, գիտեր մարդկային այդ թուլության մասին: Բայց նրա հորդորը չկարողացավ ներգործել քրիստոնյաների հաջորդ սերունդների վրա, երբ նրանք հետզհետե ձեռքբերեցին իշխանություն:

Բոլոր պետությունների ու բոլոր իշխանությունների համար կարեւորագույն խնդիր է եղել իշխանավորների սեփական ունեցվածքի, եկամուտների անհամաչափ կուտակման հարցը, ժամանակակից բառովՙ կոռուպցիայի խնդիրը, որը հաճախ պատճառ է դարձել հզոր կայսրությունների այլասերման, ընդհուպՙ քայքայման:

Նույնիսկ Սովետական կայսրությունը, իր առաջին ռոմանտիկներից եւ արյունարբու հիմնադիրներից հետո փորձել է «օրինական» միջոցներ գտնել բարձրաստիճան ու միջին կարգի չինովնիկների ընչաքաղցությունը զսպելու համարՙ նրանց տրամադրելով զանազան արտոնություններՙ առավել բարեկարգ եւ ընդարձակ բնակարաններ, դաչաներ, հատուկ եւ սովորական քաղաքացիների համար անմատչելի խանութներ, լավագույն առողջարաններ, արտասահմանյան ուղեւորություններ, արտահերթ տրվող ավտոմեքենաներ, կուտակած փողերը թանկարժեք քարերի վերածելու հնարավորություններ: Սակայն, ի վերջո, այդ բոլորը չկարողացան կանխել այդ հզորագույն պետության կազմաքանդումը, որի գլխավոր պատճառներից մեկը հենց կոռուպցիան էր, տնտեսական ու հասարակական փտախտը:

Գալով մեր ժամանակներին, Առաջին նախագահի օրերին, ի՞նչպես էր ապրում գիտահետազոտական ինստիտուտներից հանկարծակի իշխանության եկած ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների կաստան. աշխատավարձո՞վ, ո՛չ, հայրիկների ու տատիկների թողած ժառանգությա՞մբ, ամենեւին ո՛չ: Ի՞նչպես էին նրանք հարստություն կուտակում: Չմոռանա՛նք. այդ տարիներին Հայաստանում ընթանում էր ամենավայրենի, քանդի՛չ սեփականաշնորհման արշավը, այսպես կոչվածՙ վաուչերային կողոպուտը, որը, ի վերջո, կազմաքանդեց «մեր դեմ խաղ չկա» գոռացող ՀՀՇ-ին: Ոչինչ, թող քանդվեր: Ողբերգականը մյուսն էրՙ երկրի տնտեսության, պետությա՛ն քանդումը:

ՀՀՇ-ին հաջորդեց պատերազմի սերունդը, ճշմարիտ կամ կեղծ ազատամարտիկների, մեկ օրից մյուսը կալվածատեր ու սեփականատեր դարձած, հանկարծ «բիզնեսմենի» վերածված զինվորականների սերունդըՙ Երկրորդ նախագահի գլխավորությամբ: Ու թեեւ ճիշտ է, որ երկիրը միայն այդ ժամանակաշրջանում օժտվեց պետական ինստիտուցիոնալ կառույցներով, սակայն, ավաղ, ուրիշներին զրկելով հարստանալու մարմաջը կանգ չառավ երբեք: Ընդհակառակը:

Հաջորդ իշխանությունը, Երրորդ նախագահի մականի ներքո, թեեւ կարողացավ, հատկապես առաջին շրջանում, քաղաքացիականություն հաղորդել պետական այդ կառույցներին, սակայն նրան չհաջողվեց կամ նա չուզեց ձերբազատվել կոռուպցիոն կառավարման ոլորտում թրծված չինովնիկներից, եւ ի վերջո ստիպված եղավ ասպարեզ բերված կրթված ու մասնագիտացած երիտասարդ չինովնիկներին կոռուպցիոն գործարքներից զերծ պահել այսպես կոչված «ծրարային» վճարումներով, իսկ ավելի ուշՙ ամբողջ համակարգը պահել փողի իշխանությամբ:

Անգլերեն լեզվում կա շատ հատկանշական բառՙ power, որը նշանակում է ե՛ւ ուժ, ե՛ւ իշխանություն, ե՛ւ, փոխաբերական իմաստով, փող: Եվ փողի իշխանությունն ու ուժը տապալեցին Երրորդ նախագահի իշխանությունը, քանզի համատարած աղքատ երկրում փողային աճպարարությունը չէր կարող երկար գոյատեւել:

Հիմա հերթը այսպես կոչված հեղափոխականներինն է, որոնք իշխանության են եկել իսկապես գրավիչ, նույնիսկ անհրաժեշտ կարգախոսովՙ ընդդեմ կոռուպցիայի: Չեմ ուզում կասկածի ենթարկել նրանց անկեղծությունը, բայց չեմ էլ կարող չհարցնելՙ ձեր համեստ աշխատավարձի պայմաններում ինչպե՞ս եք դիմանալու սպասվող փորձություններին: Կաշառատուն, ինչպես ասում են, միշտ կգտնի իր կաշառարուին: Բացի այդՙ կաշառքը տարբեր կերպարանքներ ունի, այսպես կոչված անմեղ դրսեւորումներ: Օրինակ, նախորդ գիշեր հետեւում էի մի հարցազրույցի, որի ընթացքում լրագրողը զրուցակցին հարց էր տալիս, թե անձնական ի՞նչ միջոցներով է նախընտրական շտաբ վարձել «Նաիրի» կինոթատրոնի շենքում: «Մանկության ընկերս է տվել, շատ խորհրդանշական գումարով», ասաց խորհրդարանի երիտասարդ թեկնածուն: Այդ պահին հիշեցի լուսահոգիՙ սրատես ու սրախոս Կարեն Սերոբիչին, որ տեսնելով իրեն այցելած ՀՀՇ-ական մի ծանոթ գործչի հագի նոր բաճկոնըՙ հարց էր տվել. «Որտեղի՞ց քեզ այդ կոստյումը»: «Նվեր են տվել», եղել էր նրա պատասխանը: «Այ տղա, ասել էր Կարեն Սերոբիչը, մեր ժամանակ խոմ չէին ասումՙ կաշառք է, վեր կալ, ասում էինՙ նվեր է, մաղարիչ»:

Ժամանակին Վրաստանի «վարդյա հեղափոխության» լիդեր Միխայիլ Սաակաշվիլին նույն խնդիրը մասամբ լուծեց ամերիկացիներից իր եւ մյուս չինովնիկների, ինչպես նաեւ անվտանգության ու դատական համակարգի աշխատակիցների համար մեծագումարՙ շուրջ 3 մլրդ դոլար օգնություն ստանալով, որպես մի քանի տարվա աշխատավարձի ֆոնդ: Մենք, ավելի ճիշտՙ մեր նոր իշխանությունները չեն կարող նույնը անել, աշխարհաքաղաքական նկատառումներ կան: Իսկ ռուսնե՞րը. ռուսները փող տվողը չեն: Ուրեմն... Ի՞նչպես են ապրելու մեր չինովնիկները:

Բարեբախտաբար կա՛ն ձեւեր: Մանավանդ եվրոպական որոշ երկրների որոշ չափով հաջողված փորձը կա: Բայց դրանց մասինՙ մեկ ուրիշ անգամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ