«ԱԽԹԱՄԱՐ» ԼԵԳԵՆԴԸՙ ՍԱՌՑԵ ՇՈՈՒԻ ՏԵՍՔՈՎ ՀԱՄԱԼԻՐԻ ԲԵՄՈՒՄ Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» (Սառույցի արքաները) սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն էր կազմում «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը` սառույցի վրա: Մյուզիքլին հաջորդեցին աստղային հրավառություն թվացող բեմադրություններըՙ անհատական եւ զուգապարով: Շարժումներն ու երաժշտությունը լեզու էին առել ու սիրո լեզվով խոսում էին հանդիսականի հետ: Չչափազանցելով հարկ է նշել, որ սառցե շոուն շուրջ երկու ժամ հանդիսականին հնարավորություն տվեց շունչը պահած, հիացմունքով վայելելու առաջինից մինչեւ վերջին բեմադրությունը: Սառցե շոուի համաշխարհային պրեմիերայի միանգամայն նոր ձեւաչափը ուղեկցվում էր կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության համադրությամբ: Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան էր, Արտաշես արքային մարմնավորում էր Արթուր Դմիտրիեւը , Թամարայինՙ Անաստասիա Մարտյուշեւան , Ազատինՙ Կոնստանտին Գավրինը ... Ի դեպ, նախագծի պատրաստման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի մասնագետ: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլեւ կատարողների անգերազանցելի արտիստիզմը: Մարզիկների դասական կատարումներն ու յուրօրինակ համարների համադրումն անկրկնելի տպավորություն թողեց ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների եւ վառ տպավորությունների սիրահարների վրա: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կենդանացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Գեղասահորդները վերափոխվեցին հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսներիՙ լեգենդի զարգացումը հասցնելով գագաթնակետին: Կրակի աստվածուհու կերպարը մարմնավորած ռուս գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան դեռեւս 2002 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիրն էր, 2006 թվականինՙ օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիրը, աշխարհի կրկնակի չեմպիոն, պատմության մեջ Եվրոպայի առաջին յոթնակի չեմպիոն մենասահորդ, Գրան-Պրիի եզրափակչի քառակի հաղթող, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, ունի 40 ոսկե, 21 արծաթե, 18 բրոնզե մեդալ: Իրինա Սլուցկայան «Ազգ»ի հետ զրույցում ասաց. «Եթե գրելու եւ նկարելու տաղանդ ունենայի, անպայման կներկայացնեի Հայաստանում ապրած հույզերս: Իմ կյանքն ու փորձը կօգնեն առավելագույնս ձուլվել մյուզիքլի գլխավոր հերոսուհու կերպարի հետ: Դերը բարդ է, բազմակողմանի, ինչպես բացասական, այնպես էլ դրական հերոսները շատ են: Սակայն հայկական մշակույթն ու հավատն իմ մեջ է: «Ախթամարի» պատմությունը հուզում է մարդկանց սրտերը, քանի որ վերաբերում է յուրաքանչյուր հայի: Ծրագրում ենք շրջել ամբողջ աշխարհով, որպեսզի երկրագնդի վրա գտնվող յուրաքանչյուր հայ տեսնի այս պատմությունը: Արտասովոր, շլացուցիչ եւ գրավիչ է ներկայացումը» : Վառ կերպարների ստեղծման վրա աշխատել էր ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբՙ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ զգեստներն ստեղծելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք, ուսումնասիրվել են բազմաթիվ պատմական նյութեր: Հագուստներն ստեղծելիս օգտագործվել են նաեւ ժամանակակից ոճեր: Եվգենի Պլյուշչենկոն հիացած հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից, խոստացավ էլի գալ Հայաստան հյուրախաղերով: |