ՊԱՍՏՈՐ ՌՈՋԵՐՍՆ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ՕԳՆԵԼ ԷՐ ՀԱՅԵՐԻՆ Հ.Ծ. Վերջերս ժամանակակից Թուրքիայում ձերբակալված, ազատ արձակված եւ Մ. Նահանգներ վերադարձած պաստոր Էնդրու Բրանսոնի մասին գրեցին միջազգային բոլոր լրատվամիջոցները: Նշելով նրա վերաբերյալ որոշ մանրամասներ, Նյու Բրիտնից (Քոնեքթիքութ) Հարրի Մեծատուրյանը «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում ընթերցողների ուշադրությանն է հանձնում ուշագրավ տեղեկություններ մեկ այլ ամերիկացի պաստորի մասին, որ դարձյալ մարդասիրական առաքելություն կատարելիս, այս անգամ Օսմանյան Թուրքիայում, ավելի քան 100 տարի առաջ, առավել տխուր ճակատագիր է ունեցել: Խոսքը Նյու Բրիտնից (New Britain, Conn.) պաստոր Դենյըլ Մայնըր Ռոջերսի (Daniel Miner Rogers) մասին է, որ Պրինստոն համալսարանն ու Հարթֆորդի աստվածաբանական հոգեւոր կրթարանն ավարտելուց հետո իր տիկնոջՙ Մերիի հետ պարտավորվել է հոգեւոր առաքելությամբ ուղեւորվել Թուրքիա: Միջադեպը տեղի է ունեցել 1909-ին, երբ թուրք ազգայնական խուժանը հրո ճարակ էր դարձնում Ադանան: Ռոջերսն այդ ժամանակ Ադանայում է գտնվել այլ կղերականների հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Թալանից ու արյունահեղություններից մազապուրծ հայերից շատերն ապաստան են գտել Թուրքիայում քրիստոնեական առաքելություն կատարող կենտրոններում: Ռոջերսն ու նրա «եղբայր» կղերականները ամեն կերպ փորձել են օգնել նրանց նախ բուժօգնություն ցուցաբերելով, ապա հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելով: Ականատեսների վկայությամբ պաստոր Ռոջերսն անձնուրաց ջանասիրությամբ դույլերով ջուր կրելիս, դաժանաբար սպանվել է մեկ այլ կղերականի հետՙ օսմանցի դահիճների կողմից: Մի քանի օրերի ընթացքում հազարավոր հայեր կոտորվել են, ավերվել ու հրկիզվել են տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր: Ջարդերի եւ Ռոջերսի հերոսական ջանքերի մասին այդ ժամանակ լայնորեն լուսաբանել են ամերիկյան լրատվամիջոցները, որոնց թվում նաեւ «Նյու Յորք Թայմսը»: Ռոջերսը հայտնի ընտանիքի զավակ էր: Նրանք առեւտրական եւ բարեգործական բազմաթիվ գործունեություններ են ծավալել Նյու Բրիտնում: Ռոջերսի պապըՙ Դեյվիդ Նելսոն Քեմպը ճանաչված ու հարգված գիտնական, դաստիարակ եւ որոշ ժամանակ նաեւ քաղաքապետ է եղել: Ռոջերսի հիշատակը հավերժացնելու նպատակով մի քանի վայրերում հուշաքարեր են տեղադրվել, որոնցից մեկըՙ քաղաքի հարավային եկեղեցու ճակատին: |