RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-24 20:18:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1922, Տպվել է` 212, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՙ ՓԱՄԲԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Թվում էՙ քանդված ճանապարհներով արտաքին աշխարհից կտրված, կապուտակ Սեւանի ու անբիրշտ հարեւան Ադրբեջանի մեջտեղում հայտված Փամբակ գյուղը ոչինչից տեղյակ չէ, ինքն էՙ իր հին կածանները (գյուղի բնակիչները հիմնականումՙ 1988թ. խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանված (ժամ. Ադրբեջանի Դաշքեսանի շրջան, Փիփ-Զա լիկ յուղ) հայերն են) : Բայց արի ու տես, որ շուրջ մեկ տարի է, ինչ դպրոցի դասասենյակներից մեկը վերածվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի: Սարքավորումները տեղում են եղել 2017 թ. դեկտեմբերից, շահագործվել 2018 թ. հունվարից: Լաբորատորիան հիմնադրվել է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի եւ Ինովացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Ինձ հետ զրույցում դպրոցի տնօրեն Արթուր Բարսեղյանը նշեց, որ շատ դժվար է եղել լաբորատորիայի բացումը, բայց մեծ ջանքերից հետո հաջողվել է հասնել շոշափելի արդյունքի.

«Շատ ենք չարչարվել, բայց մենք նրա համար ենք, որ չարչարվենք հանուն մեր կրտսերների: Հայաստանի դպրոցների ու նման լաբորատորիաների թվերի միջեւ սարեր-ձորերի տարբերություններ կան, ավելին, եթե հաշվի առնենք քանի՞ աշակերտ է սովորում մեր դպրոցում, ապա կարելի է ասել, որ սա եզակի երեւույթ է, որովհետեւ կան հազար եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցներ, օրինակՙ հենց մայրաքաղաքում ու հարակից բնակավայրերում, որտեղ նման լաբորատորիաներ չկան» - ասաց Արթուր Բարսեղյանը:

«Լաբորատորիայի խմբակում սկզբից 20 երեխա են եղել, հիմա 18-են: Անհամեստություն չլինի, բայց սա հիանալի ցուցանիշ է: Այս փոքրիկ, սահմանամերձ գյուղում 18 երեխա ռոբոտներ են պատրաստում, նույնիսկ փոքրիկ անօդաչուներ պատրաստելու նախագծեր են տարվում, իհարկե, դա կարվի մի փոքր ավելի կատարելագործվելուց հետո. թշնամիներով շրջապատված երկրի համար նման աշակերտներ ունենալն ուղղակի երազանքի պես մի բան է: Ընթացքում պետք է այնպես արվի, որ ավելի շատ աշակերտներ ներգրավվեն խմբակում, որովհետեւ անցած երեսուն տարիները, առավելապեսՙ վերջին մեկ տասնամյակը, մեզ ապացուցեցին, որ անհնար է առանց ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման առաջ գնալ այս աշխարհում. մեզ ուժեղ սերունդ է պետք» ,- շարունակեց Արթուր Բարսեղյանը:

Զրուցեցի նաեւ լաբորատորիայի վարիչ Շառլ Շաբոյանի հետ, որն ամեն դասընթացի համար շրջկենտրոն Վարդենիսից հասնում է Փամբակՙ երեխաներին ավելի հմտացնելու ու նրանց ապագա մասնագետներ դարձնելու համար:

«Երբ տեսնում եմ, որ իմ սաներն արդեն ռոբոտներ են պատրաստում, հետաքրքրական գաղափարներ առաջարկում, ինձ համար այդ 70-80 կիլոմետրը, որը կտրում եմ գյուղ գնալ-գալու համար, երկու քայլ է թվում: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ այս լաբորատորիայում, համոզված եմ, որ այստեղից շատ լուրջ պատրաստվածությամբ ուսանողներ կարող ենք ուղարկել Հայաստանի տարբեր համալսարանների համապատասխան ֆակուլտետներ» - ասած Շ. Շաբոյանը:

Երեխաների հետ զրույցից էլ հասկացա, որ շատ ուրախ են նման լաբորատորիա ունենալու համար, ավելինՙ ոմանք արդեն որոշել են հետագա մասնագիտական կյանքը դնել այս ոլորտի ռելսերի վրա: Նրանք պատմեցին, որ իրենցից յոթ հոգիՙ մեկ շաբաթով, այս տարվա ըթացքում եղել է Լոռու մարզի «ԳՈՒԳԱՐՔ» ճամբարում, մեկ հոգի էլ եղել է Գանձասարումՙ կրկին մեկ շաբաթով:

Իմ հարցինՙ թե արդյո՞ք ծնողները գոհ են ստացված արդյունքներից, եւ եթե դժգոհություններ լինում են, դրանք վհատեցնո՞ղ են, տնօերն Արթուր Բարսեղյանը պատասխանեց.

«Իհարկե, եղել են նաեւ դժգոհողներ, այսպես ասած, թերահավատորեն նայողներ: Բայց, գիտե՞ք, դա երբեք ինձ չի հուզել, իմ գործը ոչ թե վհատվելն ու նեղանալ-խռովելն է, այլ կրթելը» :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 21-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ