ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԸ ԿՀԵՌԱՆԱ՞ ՍԻՐԻԱՅԻՑ Պ.Ք. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամերիկյան զորքը դուրս բերել Սիրիայից, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Վերջինս մեջբերում է Թրամփի այն խոսքերը, որ ամերիկացիները լիովին հաղթել են «Իսլամական պետությանը» պատերազմից բզկտվող Սիրիայում: Գործակալության աղբյուրի տվյալներով, զորքերը պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ: Դուրսբերումը կդառնա ԱՄՆ-ի քաղաքականության կտրուկ փոփոխությունը, ինչը կարող է հանգեցնել ամերիկացիների աջակցությունը վայելող քրդական ջոկատների եւ Թուրքիայի զինված ուժերի բախումների: Ֆրանսիական Liberation թերթը իր հերթին հաղորդում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի վերահսկողությանը ենթակա տարածքներում տեղաբաշխված են ամերիկացի մոտ 2000 զինծառայողներ: Դրանք հիմնականում հատուկ նշանակության զորքեր են: Թրամփի որոշումը վրդովմունք է առաջացրել նույնիսկ հանրապետական կոնգրեսականների շրջանում: Սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ «զորքի դուրսբերումը կարող է ԱՄՆ-ի համար դրամատիկ հետեւանքներ ունենալ տվյալ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում: Դա մեծ հաղթանակ է «Իսլամական պետության», Իրանի, Բաշար Ասադի եւ Ռուսաստանի համար»: Հոդվածագիրը նշում է, որ «Իսլամական պետությունը» Սիրիայում դեռ վերջնականապես պարտված չէ եւ պաշտպանական դիրքեր է զբաղեցնում մասնավորապես երկրի հարավ-արեւելքում: Դիմադրության օջախներ կան նաեւ անապատումՙ Իրաքի սահմանից ոչ հեռու: |