Economist-Ի 2018-Ի «ՏԱՐՎԱ ԵՐԿԻՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՆ Է Հ.Ծ. Ամեն շաբաթ ավելի քան մեկ միլիոն բաժանորդներ վստահում են մեզ զգալու աշխարհի զարկերակը, գրում է անգլիական հեղինակավոր «The Economist» շաբաթահանդեսը, որն ամեն տարեվերջին ընտրում է «տարվա երկիրը» ըստ այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների տարածաշրջանային կարեւորությանն ու միջազգային արձագանքներին: «Այս տարվա մեր մրցանակը հանձնվում է ոչ ամենաազդեցիկ, ոչ էլ ամենահարուստ երկրին: Ընդհանրապես ընտրությունը կարող է խաբուսիկ լինել: Տարվա ընթացքում կատարված աստղապսակ իրադարձությունը դեռ ապագա հաջողությունների երաշխիքը չէ: Օրինակ անցյալ տարվա մեր ընտրած Ֆրանսիայում այսօր խռովություններ են տեղի ունենում: 2015-ի մեր ընտրության երկիրըՙ Միանմարը հետընթաց է ապրում: Այդուհանդերձ, ընտրություն պետք է կատարենք: Աշխատակիցներից ոմանք առաջարկեցին Բրիտանիան ճանաչել տարվա երկիր, որպես աշխարհին օգտակար զգուշացում տվող երկրի, որը լինելով հարուստ, խաղաղ եւ կայունՙ կարող է սայթաքել եւ սահմանադրությանը դեմ գնալ: Ուրիշներ նշեցին Իռլանդիայինՙ Բրեքսիթին հակադրվելու համար: Եղան նաեւ այլ առաջարկներՙ Մալայզիա, Եթովպիա եւ Հայաստան: Ո՞ր երկիրն ամենամեծ առաջընթաց քայլը կատարեց այս տարվա ընթացքում: Մեր ընտրությունը կանգ առավ այս վերջինիսՙ Հայաստանի վրա: Սերժ Սարգսյանը փորձեց հնարամտությամբ երկարացնել իր պաշտոնավարման ժամկետը, ինչը տեղի տվեց զանգվածային բողոքների: Հայտնվեց խարիզմատիկ, մորուքավոր նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության ղեկին բազմեց օրինական եւ պատշաճ կերպով պայքարելով կոռուպցիայի եւ անձեռնհասության դեմ: Նրա նոր կուսակցություն-դաշինքը քվեների 70 տոկոսով հաղթանակ արձանագրեց խորհրդարանական արտակարգ ընտրություններում: Իշխանափոխության ժամանակ ոչ ոք չսպանվեց: Եվ մի վաղեմի, բայց հաճախ սխալ կառավարված երկիր այդ անհանգիստ տարածաշրջանում հնարավորություն ստացավ ժողովրդավարության ուղին բռնելու», գրում է հանդեսի խմբագիրը եւ վերջում անգլերեն տառերով ավելացնում «Shnorhavorum yem!»: |