ԱՔՉԱՄԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ԿԵՐԿԵՐՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՅԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ Հ.Ծ. Ցեղասպանությունից մազապուրծ քահանա Գրիգոր Կերկերյանը աշխարհով մեկ շրջելով կարեւոր փաստաթղթեր է հավաքել կոտորածների մասին, դրանց թվում նաեւ Օսմանյան շրջանի բնագիր օրինակներ: Քլարք համալսարանի ողջակիզման եւ ցեղասպանական ուսումնասիրությունների Սթրասլեր կենտրոնի աշխատակից պրոֆ. Թաներ Աքչամը , ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդման, համագործակցելով թուրք մասնագետների եւ շրջանավարտների հետ, վերջերս վերոնշյալ համալսարանում ստեղծել է Կերկերյանի հարուստ հավաքածոյի թվայնացված արխիվը, որն ընդրգկում է երկար ժամանակ կորսված համարված Նայիմ Բեյի ձեռագիր հիշողությունները տեղահանության վերաբերյալ, Երուսաղեմի հայոց պատրիարքարանից վերցված տեղեկություններ, 1919-22 թվերին Ստամբուլում կայացած դատական լսումներից որոշ վավերաթղթեր, որոնք նույնպես կորսված էին համարվում, ինչպես նաեւ Թալեաթ փաշայի «սպանության հրամանները»: Աքչամն այդ արխիվը թվայնացնելու իրավունքն ստացել է 2015-ին Կերկերյանի եղբորորդի դոկտ. Էդմոնդ Կերկերյանից եւ դոկտորականի թեկնածու իր ուսանողներինՙ Անի Օհանյանին, Աննա Ալեքսանյանին եւ Բուրչին Գերչեքին առաջարկել զբաղվել արխիվի ստեղծման գործընթացով: Նախկին ուսանողներից Ումիտ Քուրդն ու Էմրե Չան Դաղօղլուն նույնպես մասնակցել են նախագծին: Թարգմանական հարցերին օժանդակել են մասնագետներ Փարիզից եւ Ստամբուլից: Արխիվի ստեղծմանը ֆինանսական օգնություն էր ցուցաբերել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Ժիրայր Նշանյան եւ Տատուրյան հիմնադրամները, ինչպես նաեւ Վարդանանց ասպետներ եւ դուստրեր կազմակերպությունը: |