RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1846, Տպվել է` 231, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՇԵՄԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թրամփը իսպառ դադարեցրել է հատկացվող օգնությունը

ԱՄՆ վարչակազմը լիովին դադարեցրել է Պաղեստինյան ինքնավարությանՙ Գազայի հատվածի եւ Այսրհորդանանի ֆինանսավորումը: Դեռ մեկ-երկու տարի առաջ Վաշինգտոնն այնտեղ տարեկան մոտ 800 մլն դոլար ներդրում էր կատարում: Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո իրավիճակն արմատապես փոխվեց. օգնության ծավալը կրճատվեց, իսկ ներկայումս պաղեստինցիներին հատկացվող ամերիկյան օգնությունը հավասարվել է զրոյի:

Դա տեղի ունեցավ աստիճանաբար: Իսրայելցի լրագրող Ավիգդոր Էսքինը «Ռեգնում» գործակալության կայքում գրում է, որ մեկ տարի առաջ Վաշինգտոնի վարչակազմը կրճատել էր Գազայի հատվածին տրվող օգնությունը: Ինչպես հայտնի է, Գազայում կառավարում է «Համաս» արմատական շարժումը: Ապա հերթը հասել էր Մահմուդ Աբբասի եւ Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ ) գծով իր զինակիցների իշխանությանը ենթակա Այսրհորդանանին: Քայլերը հաջորդեցին իրար, եւ ահա արդեն վերջին քայլն է:

«Ներկայիս դաժան որոշումը, գրում է իսրայելցի լրագրողը, կապված է Պաղեստինյան ինքնավարության ահաբեկչությունների հետ: Այսպես, անցյալ տարի անչափ ծանր հանցագործությունների համար Իսրայելում բանտարկված պաղեստինցի ահաբեկիչների ընտանիքները իբրեւ պարգեւ ստացել են 230 մլն դոլար: Ինքնավարության բյուջեից ահաբեկիչներին անմիջականորեն հատկացվող այս օգնությունը անհնար դարձրեց ԱՄՆ-ի ֆինանսական հատկացումները: Կոնգրեսը ընդունեց հատուկ օրենք: Նախագահ Թրամփի քաղաքականությունը եւս բնավ չի խրախուսում Իսրայելի դեմ ուղղված ահաբեկչությունը»:

Գոյություն ունի մեդալի նաեւ հակառակ կողմը:

Հուդայում եւ Սամարիայում (Այսրհորդանանում) Մահմուդ Աբբասի վերահսկողության տակ գտնվող զինված աշխարհազորը զգալի ավանդ է ներդնում հակաիսրայելական ահաբեկչությունների կանխման գործում եւ նպաստում է իր հայրենիքում կարգուկանոնի պահպանմանը: Մահմուդ Աբբասի ինքնավարությանը հատկացվող ամերիկյան օգնությունը կազմում էր տարեկան 60 մլն դոլար: Այսուհետեւ այդ գումարը նույնպես կկրճատվի: Հետաքրքրական է, որ բուն Իսրայելում այդ որոշումը ինչ-որ շփոթություն է առաջացրել: Ըստ Ավիգդոր Էսքինի, Մահմուդ Աբբասի գրոհայինների հետ ուղղակի համագործակցությունը հայտնվել է սպառնալիքի տակ: Թվում էՙ ուրախանալու համար Իսրայելում բոլոր հիմքերն առկա են: Սակայն բյուրոկրատական խոշոր կառույցները չեն սիրում փոփոխություններ, ուստի Իսրայելում երկյուղով են ընդունում ներկայիս փոփոխությունը: Թեպետեւ վերլուծաբանները հասկանում են, որ Պաղեստինյան ինքնավարության լուծարումը անխուսափելի է եւ անհրաժեշտ է տարածաշրջանի անվտանգության համար:

Վերոհիշյալ մեդալի հակառակ կողմը բնավ չի վկայում Պաղեստինյան ինքնավարության եւ Իսրայելի քաղաքական համաձայնության մասին: ՊԱԿ-ի կառույցները պատրաստ չեն համակերպվել Իսրայելի գոյությանը: Ահաբեկիչներին ցուցաբերվող անմիջական օգնությունը ի չիք է դարձնում ահաբեկչությունից հրաժարվելու Պաղեստինյան ինքնավարության հավաստիացումները: Բացի դրանից, կոռումպացվածության եւ անբանիմացության պատճառով սեփական բնակչության կարիքները հոգալու անկարողությունը հոգնեցնում եւ զայրացնում է հովանավորներին:

Այս վեճերին Ռուսաստանն անմասն է մնում: Վերջին տարիներին Ռուսաստանը Հուդային ու Սամարիային եւ Գազայի հատվածին հատկացնում էր տարեկան ոչ ավելի, քան 10 մլն դոլարի օգնություն:

Միջազգային բոլոր լրատվամիջոցները դատապարտում են պաղեստինցիներին հատկացվող օգնության վերջնական դադարեցումը: Արեւմուտքցի վերլուծաբանները անդրադառնում են հիմնականում պաղեստինցիների դաժան ճակատագրին եւ քննդադատում են նախագահ Թրամփի քաղաքականությունը: Սակայն այստեղ գլխավոր նորություն կարելի է համարել Պաղեստինյան ինքնավարության առաջիկա լուծարմանը վերաբերող լուրը:

Առայժմ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Իսրայելը չեն հայտարարել Պաղեստինի ինքնավարումը վերացնելու մասին: Այդուհանդերձ, օգնությունը դադարեցնելու Թրամփի որոշումը Իսրայելում գնահատվում է որպես Գազայից եւ Այսրհորդանանից ԱՄՆ-ի հեռանալու պատրաստակամություն: Որքան էլ տարօրինակ է, Իսրայելը տվյալ հարցում աճապարանք չի դրսեւորում: Հարկ է նշել, որ խոսքն առաջին հերթին Մահմուդ Աբբասին ենթակա Այսրհորդանանի մասին է: Իսրայելցիները չեն շտապում կտրուկ փոփոխություններ կատարել իրենց խորհրդարանի ընտրությունների նախօրեին: Սակայն Իսրայելի դանդաղկոտության գլխավոր պատճառն այն է, որ նա չի ուզում պատասխանատվություն ստանձնել ինքնավարության 1,5 մլն արաբների համար:

Այդուհանդերձ, Պաղեստինյան ինքնավարության լուծարման հարցը օրակարգում է: Կարելի է ենթադրել, որ Թրամփի օրինակին կհետեւեն Մահմուդ Աբբասի մյուս հովանավորները: Գոյության միջոցներից զրկվելովՙ Պաղեստինյան ինքնավարությունը ստիպված կլինի ընդունել իր սնանկությունը, եւ այդ ժամանակ կառավարման պարտականությունները կստանձնի Իսրայելը: Տարածքները վերստին կկառավարվեն զինվորական վարչակազմի կողմից, մինչեւ որ Իսրայելը վերջնականապես միավորի դրանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ