RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2581, Տպվել է` 246, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱՂՄՈՒԿԸ ՇԱՏ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չի անցնում այն զգացումը, որ Հայաստանում արդեն շատ տարիներ հմտորեն կառավարվում է տեղեկատվական հոսքերի այնպիսի հերթագայությունը, որը թույլ է տալիս հանրության էմոցիաներն ու մտքերը ուղղել ինչ-որ մեկին հարկավոր ուղղությամբ, թույլ չտալով իրատեսական եւ սթափ մտահայեցողություն: Հիմա կասեք` հեղափոխությունից հետո այդպիսի բան չկա:

Այդ դեպքում ասացեք խնդրեմ` ում է պետք այս պահին երկրի հիմնը փոխելու մասին քննարկումը: Կամ` դրան հետեւած Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկությունների քննարկումները, երբ Արցախի նախագահը դեռ մեկ տարի պաշտոնավարման ժամկետ ունի:

Ատելություն չբուծել

Պարադոքսալ բան եմ ասելու, սակայն նոր վարչապետը կհաջողեր կամ քիչ խոչընդոտների կհանդիպեր այն ժամանակ, երբ այդ արագությամբ ու այդքան լայն բացվածքով իրավապահները չսկսեին հնչեղ գործողություններ իրականացնել նոր իշխանության սկզբնավորման առաջին իսկ պահերից: Հակադրությունն ու դիմակայությունը նվազ կլինեին: Կառավարման փորձի պակասը սխալ խորհրդատու է:

Եթե վարչապետ Փաշինյանը նախ կենտրոնանար նոր իշխանության տարբեր թեւերը ձեւավորելու վրա, դրա համար ամիսներ չկորցներ, ավելի շուտ ձեռք զարկեր երկրի տնտեսական խնդիրների լուծմանը, նախկիններից շատերը կբռնեին ոչ թե դիմակայելու, այլ նոր կառավարությանն օգնելով` անցյալի սխալներն ուղղելու ճանապարհը, հասարակությունն էլ այս աստիճանի բեւեռների չէր բաժանվի, այսքան թշնամանք ու ատելություն չէին բուծվի, որոնց բացասական էներգիան չեզոքացնելը մեծ խնդիր է: Մեծ բացասական էներգիան մեծ ուժով է սեւ էներգիայի նոր աղբյուրներ ձգում իր կողմը: Եթե ուզում էինք, որ իրոք մեզ մոտ տեղի ունեցածը տարբերվեր այլ երկրներում կատարվածից, քանի որ փոքր ածու ենք, ապա չարժեր հակառակորդների բաժանել ազգը:

Ի՞նչ է, իրոք, իշխանության մեջ լինելը հայերի համար. անցյալ տարիներին կուսակցականացման, վերակուսակցականացման եւ անընդհատ տարբեր իշխանություններում վերարտադրվելու շատերի փորձը վկա` հարմարվելով գործն առաջ տանելու, ընտանիք պահելու հնարավորությունից չզրկվելու հայկական չգրված հայեցակարգ, չթաքցնենք կամ չկեղծենք, որը գալիս է անցյալի խորքերից, ու որեւէ նոր իշխանություն, եթե այդ մտայնությունը խելացի եւ իմաստուն օգտագործի, ոչ սաբոտաժ կստանա, ոչ անհաջողություն: Ուղղակի նոր իշխանությունը անցյալի միջին պաշտոնյաների ու նոր` «հեղափոխական» իշխանավորների համար նոր ու խիստ խաղի կանոնները պետք է ընտրովի չգործադրի, այն է` կաշառք չվերցնել, սեփական անձը չպարգեւատրել, պաշտոնը սեփական կարիքների համար չօգտագործել, չուտել մարդու միս եւ այլն: Հենց պիտակավորում ես ` «մենք ու նրանք», հենց մերոնքականների ճակատը համբուրում ես, մյուսներին վերաբերում որպես երկրորդ կարգի մարդկանց` ստանում ես այն վիճակը, ինչ հիմա Հայաստանում է: Այսինքն` անվստահություն միմյանց հանդեպ, թշնամանք, ատելության բորբոքում, ֆեյսբուքյան վճարովի ֆեյքերի պատերազմն էլ վրադիր: Շատ անգամ ենք ասել` առաջին դեմքից շատ բան է կախված: Անգամ նախկին իշխանավորները, առանց որեւէ հեղափոխության, եթե կամքի ուժ գործադրեին, մի կողմ դնեին անձնական շահն ու օրինակարգ կյանքով ապրեին, նրանց օրինակը կզսպեր մյուսներին: Իսկ հիմա մանավանդ` դա առավելեւս հնարավոր է` եթե իշխանավորները չկորցնեն իրականության զգացումը, զսպեն մեծամտությունն ու ագահությունը եւ միայն օրենքի սահմաններում գործեն: Դե` ուտոպիա է, գիտեմ, բայց հիմա դա կարող էր մարմին ստանալ, եթեներով...

Իսկ ատելությամբ ոչ բյուջե է լցվում, ոչ ներդրումներ են գալիս, ոչ արդարություն է հաստատվում: Իմաստունն իր գործերն անում է լռելյայն, իմաստնության պակասն է մարդուն տանում աղմուկի ու դիմակայության, որոնց առկայությամբ չձախողվելը դժվար է: Հիմա, ի դեպ, նկատում ենք, որ աղմուկը պակասում է, հավանաբար հարուցված գործերի հիմնավորման դժվարությունն է իշխանությանը զսպում նոր աղմկոտ գործեր հարուցելու գայթակղությունից, այլ ոչ թե մեր ասած տարբերակն է գործում: Բռնել-ասֆալտին փռելը շարունակելը ոչ թե միայն հիմա, այլ առհասարակ եղանակ չէ`ոչ հիմա, ոչ այսուհետեւ, իքս պահից ապրելու եւ գործելու կերպը օրենքի շրջանակում կազմակերպելու համեմատությամբ:

Սակայն ամբողջովին հրաժարվել աղմուկից նոր իշխանությունը, երեւում է, դեռ պատրաստ չէ: Մանավանդ` որոշ դեպքերում առկա է ցավոտ որոշումների հրամայական, որոնք ոչ մի կերպ նախկին իշխանությունները չկարողացան անել, իսկ առավել ստույգ` չունեցան այնպիսի լեգիտիմություն, որ այդ որոշումները կայացնեն: Խոսքը ե՛ւ գիտության, ե՛ւ տնտեսության, ե՛ւ բազմաթիվ այլ ոլորտների օպտիմալացման-նպատակայնության մասին է, որը, նկատի առնելով տարիների իներցիան եւ ժողովրդի սոցիալական վատ վիճակը, միգուցե էլի հնարավոր չի լինելու իրականացնել: Խոստովանենք` եթե հարյուրավոր մարդիկ պետք է թեկուզ միայն գոյատեւման միջոց աշխատավարձից զրկվեն ու կորցնեն աշխատանքը` դատապարտվելով կա՛մ ծայր աղքատության կա՛մ արտագաղթի, ապա այդպիսի ծրագրերը, որքան էլ դրանք իրոք հրամայական լինեն մեր պետության համար, առայժմ դատապարտված են: Միգուցե երբ տնտեսության մեկ-երկու ճյուղում այնպիսի բում լինի, որ արդյունքը հանի հասարակությանը ծայր աղքատությունից, դրանից հետո հնարավոր լինի այդ ծրագրերն իրականացնել:

Իսկ առայժմ, փաստորեն, հարակից ֆունկցիոնալ աղմուկը որոշ դեպքերում փրկում է կառավարությանը` ժամանակ տալով այս կամ այն հարցով մտմտալու կամ ավելի արդյունավետ որոշման հանգելու:

Ով եւ ինչու է աղմկում

Մեկը հիմնը փոխելու մասին խոսակցությունն էր: Իհարկե, դժվար է ասել, թե այն շրջանառության մեջ դնող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ուսումնասիրե՞լ էր նեղ պահերին մի քանի անգամ այդ թեման շրջանառող նախկինների փորձը, թե ինքուրույն էր հանգել այդ գաղափարին, բայց, պատկերացրեք, մի որոշ ժամանակ աշխատեց, մարդիկ բան ու գործ թողած հիմն փոխելու քննարկումով էին զբաղված: Մինչեւ որ Սիմոնյանի մի ուրիշ կուսակից այդ գաղափարն այս պահին սխալ ու պառակտող համարեց: Այն է ուզում էինք ասել` եղբայր, կողմնորոշվեք, հիմա իշխող քաղաքական ուժը հիմն փոխելու կողմնակի՞ց է, թե ` ընդհակառակը, դրանից հետո հանրությանը ներքաշեք իրար ջնջող խոսքուզրույցի մեջ, երբ մեկ էլ մի ուրիշ թեմա մեզ վերադարձրեց մեր սկզբնական վարկածին. Սամվել Բաբայանը , պարզվեց, նորից, արդեն երրորդ անգամ ուզում է մտնել մի գետ, որտեղից դուրս գալիս նա սովորաբար հայտվում է բանտում (սատանայի ականջը խուլ): Ասել է, թե ժամանակին նա չի համադրել փաստերը եւ համարում է, որ Հայաստանի նոր իշխանությունն այնքան լոյալ է իր հանդեպ, որ նա կարող է ստորագրահավաք անել Արցախում եւ ինքնաառաջադրվել; Բայց մի տարի դեռ կա Արցախի նախագահական ընտրություններին, ինչո՞ւ մի քիչ չհամբերել` այդպիսի հայտարարությունների համար, դրա նախապատրաստությունն ինչու սկսել մի այնպիսի աղմուկով, երբ արագորեն բոլոր հավակնորդներն արձագանքում են` ստիպելով ամեն մեկին խաղաթղթերի մի մասը ցույց տալ եւ հայտարարողի հանդեպ տոտալ հակաքայլեր ձեռնարկել: Միգուցե սա մեր ասած հերթական ֆունկցիոնալ աղմո՞ւկն է, որն այլ մարդկանց ձեռքեր է ազատում` հանրության ուշադրությունը բեւեռելով ոչ հարկավոր ուղղությամբ , սա էլ տարբերակ է, միայն թե դա անձամբ Սամվել Բաբայանի դեմ կարող է աշխատել: Գետը երկու անգամ մտնելու ասացվածքըը իր կյանքով նա ստուգել է արդեն, ինչ կարիք կա ստուգել այն երրորդ անգամվա համար, ինչ է թե այդ մասին ասացվածքը լռում է: Մանավանդՙ Արցախի հարցի լուծման առումովՙ միմյանց ուղղված մեղադրանքների մի ողջ շարք կարող է սկսվել, քանի որ շշից ջինը հենց Բաբայանը բաց թողեցՙ ակնարկներ ուղղելով Հայաստանի նախկին, Արցախի ներկա իշխանության հասցեին....

Մի խոսքով` չի անցնում այն զգացումը, որ Հայաստանում արդեն շատ տարիներ հմտորեն կառավարվում է տեղեկատվական հոսքերի այնպիսի հերթագայությունը, որը թույլ է տալիս հանրության էմոցիաներն ու մտքերը ուղղել ինչ-որ մեկին հարկավոր ուղղությամբ, թույլ չտալով իրատեսական եւ սթափ մտահայեցողություն: Հիմա կասեք` հեղափոխությունից հետո այդպիսի բան չկա:

Արցախի նախագահի ընտրությունները մեկ տարի առաջ հայտարարել այդ աթոռին հավակնելու մասին, երբ հավակնողը դեռ ամբաստանվում է «Իգլայի»` իհարկե սարքովի գործով: Վերջինս նախորդ անգամ բանտից ազատ արձակվելուց հետո որոշ ժամանակ հեռացել էր Հայաստանից ու Արցախից, վերադարձավ, քաղաքական հավակնություններ դրսեւորեց ու ստացավ «Իգլայի» գործը, իսկ այս անգամ կալանքի խափանման միջոցը փոխելուց որոշ ժամանակ հետո է այդպիսի հայտարարություն անում: Ինձ մի պահ թվաց` «դեժավյու» ունեմ, քանի որ նրանցից մեկն եմ, որ զորահրամանատարին շատ լավ վերաբերելով հանդերձ`նրա տիպի մարդկանց երբեք չեմ տեսնում երկրի առաջին դեմքի դերում: Մի բան է պատերազմում հաղթելը, մի այլ բան` խաղաղ ժամանակ երկիր կառավարելը: Այ, պաշտպանության նախարար նրան տեսնում եմ, նախագահ` ոչ: Մանավանդ` հիշում եմ նրա բոլոր նախորդ հավակնությունների վախճանը: Արցախի Ընտրական օրենսգրքի` վերջին տասը տարում Արցախում մշտապես բնակություն պահանջող դրույթը նույնպես խոչընդոտ է նրա առաջադրման համար, թեեւ Բաբայանը հույս ունի բնակչության հինգ-տասը տոկոսի ստորագրահավաքով հաղթահարել այդ խոչընդոտը, ու դա անելու է մարտ ամսից: Հա՞, բայց օրենսդրությունն է այդպիսի վաղ գործընթաց արգելում, ինչ է, Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ են լինելու` տեղյակ չե՞նք:

Իշխանության մոտակա հնգամյակը

Կառավառությունը ներկայացրեց հինգ տարվա ծրագիր: Անխոս առաջիկա շաբաթվա ընթացքում շատ խոսակցությունների գլխավոր թեման կլինի դա, հատկապես Ազգային ժողովում: Մենք միայն շատ հպանցիկ նշենք, որ այդ ծրագրում ոչ միայն նախկիններն են թերություններ գտնում, այլեւ թիմակիցը. օրինակ` Դանիել Իոաննիսյանը նկատել է, որ ընտրությունների եւ կուսակցությոունների բարեփոխման մասին հնգամյա ծրագրում դրույթներ չկան, մինչդեռ դրանք կային հեղափոխականների խոստումներում: Ընդհանրապես հպանցիկ ուսումնասիրությամբ աչքի է զարնում փաստաթղթի հռչակագրային բնույթը` եվրոպական փաստաթղթին արժանի լավագույն ցանկություններով, այն է`բարձր տեխնոլոգիական, բնապահպանական չափանիշներին համապատասխանող մրցունակ, արտահանմանը միտված ու ներառական տնտեսություն ենք կառուցելու առաջիկա հինգ տարում, զուգահեռ` երկրի անտանգության եւ միջազգային բարձր հեղինակության խնդիրները լուծելով: Ռուսաստանի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների խորացմամբ` իրավահավասարի ջանքերով, ԱՄՆ -ի հետ տարածաշրջանային անվտանգության եւ Հայաստանի բարեփոխումների ու զարգացման օրակարգերով, անմիջական հարեւան- բարեկամ երկրների առանձնահատուկ կապերով եւ այլն:

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ձեւակերպման մեջ չի մոռացվել Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու, Արցախի կարգավիճակի ճշտմամբ եւ անվտանգության ապահովմամբ բանակցությունների շարունակման մասին, խաղաղության նպաստող մթնոլորտ ունենալով հանդերձ:

Առանձնահատուկ վերաբերմունքի է արժանացել ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարը` իրական սեփականատերերին բացահայտող հարթակի ստեղծումից սկսած` հայտարարագրերի տվյալների ցանկի ընդլայնումով վերջացրած:

Գլխավոր թիվը, որ մեզ պետք է հետաքրքրի` համախառն ներքին արդյունքի աճի թիվն է, որն ազդում է ամենքիս կյանքի որակի վրա, դա միջինում 5 տոկոսն է: ՀԻշեցնենք` այս տարվա բյուջեով` ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,9 տոկոս է: Չենք խորանում` ԱԺ քննարկումների լուսաբանման ժամանակ դա թողնելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ