RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



ՇՈՒՏՈՎ

Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1843, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սպասվում է դեսպանատների բացում

Օրերս Իսրայել այցելեց Հայաստանի պատվիրակությունը ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Իսրայելում ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպան Արմեն Սմբատյանը, Հայաստանում Իսրայելի պատվո դեսպան Աշոտ Շահմուրադյանը: Այս կապակցությամբ «Իսրայել-Հայաստան» հանրային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը հայտարարել է, որ իսրայելական կողմի հետ քննարկվել են զանազան հարցեր, այդ թվումՙ դեսպանատան բացումը եւ Հայաստանում Իսրայելի նոր դեսպանի նշանակումը: Նա նշել է, որ դեսպանատան բացումը կարող է լուծել մի շարք հարցեր, բարելավել հարաբերությունները տնտեսական ոլորտում, նպաստել տարբեր ֆիրմաների հետ շփումների հաստատմանը, խթանել երկու երկրների համագործակցությունը:

Ավելի վաղ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում խոսել էր երկու եկրներում դեսպանությունների բացման հնարավորության մասին: Ներկայումս իսրայելցիները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են առաջիկա ապրիլի 9-ին, ըստ այդմ, նոր կառավարություն կկազմվի մայիսից ոչ շուտ: Դրանից հետո հնարավոր է Զոհրաբ Մնացականյանի այցը Իսրայել:

Իսկ Հայաստանի ինչի՞ն է պետք Իսրայելը: Կան որոշ տեսանելի բաներ: Իսրայելում ապրում է պատկառելի հայ համայնք: Երուսաղեմում է գտնվում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սրբազնագույն վայրերից մեկը: Հայերն այնտեղ ունեն պատրիարք, որի հարաբերությունները Մայր Աթոռ սբ. Էջմիածնի հետ վերջին տարիներին այնքան էլ հարթ չեն: Ավելի դժվար է փնտրել հարցի պատասխանը, եթե երկկողմ հարաբերություններին նայենք ԼՂ հակամարտության համատեքստումՙ հայ-ադրբեջանական դիմակայության տեսանկյունից: Բաքուն Իսրայելի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, բայց դա նրան չի խանգարում իսրայելցիների հետ հաստատել տնտեսական, էներգետիկ եւ ռազմատեխնիկական սերտ համագործակցություն:

Ճիշտ է, ինչպես նշում է բաքվեցի փորձագետ Էլդար Մամեդովը , երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցվում են բազմաթիվ հորինվածքներ եւ ենթադրություններ: Նրա խոսքերով, երկու պետությունները միմյանց համար առանձնապես արժեքավոր գործընկերներ չեն: Իսրայելը ձգտում է ամրապնդել փոխհարաբերությունները ոչ արաբական, չափավորական մահմեդական երկրների «արտաքին շրջանակի» հետ, որոնց մեջ Ադրբեջանը գլխավոր օղակներից մեկն է: Անշուշտ, այստեղ կարեւոր նշանակություն է տրվում Իրանին, որը բացասաբար է ընկալում Բաքվի եւ Թել-Ավիվի դաշինքը: Այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունները հնարավորություն ունեն Արեւմուտքի հետ երկխոսություն վարել ոչ միայն Եվրոմիության եւ ԱՄՆ-ի, այլեւ Իսրայելի միջոցով, որի լայնընդգրկուն դիվանագիտությունը դուրս է գալիս Մերձավոր Արեւելքի շրջանակներից:

Ադրբեջանական դիվանագիտությունը հաշվի է առնում նաեւ Վաշինգտոնում գործող իսրայելական հզոր լոբբին, որը հակադրվում է հայկականին: Ճիշտ է, այդ քաղաքականությունը միչեւ օրս Բաքվին հաջողություն չի բերել Արցախի հարցում: Ինչ վերաբերում է Հայաստանին, որը գրեթե զրոյական առեւտրային հարաբերություններ ունի Իսրայելի հետ, այնտեղ ՀՀ դեսպանության բացումը, փաստորեն, կնշանակի Մերձավոր Արեւելքում Երեւանի դիվանագիտության շրջանդարձ, պասիվությունից անցում ակտիվությանՙ Անդրկովկասում տարածաշրջանի հակամարտությունների անդրադարձման պահին: Ըստ որում, շրջադարձը կատարվում է այն ժամանակ, երբ Մերձավոր Արեւելքում կայունանում են Հայաստանի դաշնակից Ռուսաստանի դիրքերը, իսկ դեպի Թել-Ավիվ Հայաստանի տեղաշարժը, ամենայն հավանականությամբ, չի խրտնեցնի Թեհրանին:

ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի կարծիքով, «Թեհրանում դրան կվերաբերվեն ըմբռնումովՙ պայմանով, որ ՀՀ մերձավորարեւելյան քաղաքականության մեջ իրանական ուղղությունը վճռականը մնա ամենքին հայտնի հանգամանքների բերումով»: Բացի դրանից, «դեսպանատան բացումը ինքնին չի նշանակում իրադրության փոփոխություն, եթե բացակայում է երկխոսության համապատասխան օրակարգը»: Ի դեպ, ս.թ. փետրվարի սկզբներին ՀՀ կառավարությունում քննարկվեց նաեւ Քաթարում դեսպանատուն բացելու հարցը: Վերջինս պատրաստակամություն է հայտնել հոգալու ՀՀ ներկայացուցչության ծախսերի մի մասը: Դա գնահատվեց որպես Պարսից ծոցի շրջանում Հայաստանի ներկայության ուժեղացման ձգտում:

Իսրայելի համար Հայաստանը կարող է արժեքավոր լինել նրանով, որ, նախ եւ առաջ, այդ քրիստոնեական երկիրը դավանաբանական կապերով կապված չէ տարածաշրջանի մահմեդական երկրների հետ եւ ի վիճակի է գործի դնել տարածաշրջանում առկա սփյուռքյան կապիտալը: Սակայն հայտնի է, որ, ավելի վաղ, Մերձավոր Արեւելքի հայկական քաղաքական կազմակերպությունների մի մասը հանդես է եկել արաբական երկրների եւ «Համասի», Պաղեստինի ազատագրման կազմակերպության, «Հզբոլլահի» օգտին եւ ընդդեմ Իսրայելի, ինչը ազդել է Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունների վրա: Այժմ իրադրությունը կարող է փոխվել: Առավել եւս, որ Բաքուն մերձավորարեւելյան որոշ իրադարձությունների նկատմամբ հանդես է բերում այսպես կոչված «մահմեդական համերաշխություն»:

Բայց եթե հավատանք հրապարակված տեղեկություններին, Իսրայելին, Կիպրոսին ու Լիբանանին հարող միջերկրածովյան ջրերում հայտնաբերվել են բնական գազի հսկայական պաշարներ: Իսրայելցի մի շարք փորձագետների կարծիքով, դա կարող է խաչ քաշել Բաքվի հետ Թել-Ավիվ էներգետիկ համագործակցության վրա: Իսկ չկարգավորված ԼՂ հակամարտության պայմաններում Իսրայելում ՀՀ դեսպանության ընդունումը կաող է է՛լ ավելի բարդ խնդիրներ հարուցել Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում: Անկարան Իսրայել-Հայաստան մերձեցումը կարող է ընկալել այնպիսի իրադարձությունների շարքում, ինչպիսիք են իսրայելցիների հարաբերությունների ամրապնդումը Կիպրոսի, Հունաստանի, Ռումինիայի եւ Բուլղարիայի հետՙ ի հակակշիռ Թուրքիայի:

Իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսքինի կարծիքովՙ «մերձավորարեւելյան ակումբում Հայաստանի ներգրավվումը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում»: Իսկ բաքվեցի փորձագետ Հուսեյնբալա Սալիմովը Axar.az կայքում, սեփական աղբյուրներ վկայակոչելով, գրում է, որ Իսրայելը հերթական երկիրն է, ուր պետք է այցելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ որ Հայաստանի դեսպանատան բացումը արդյունավետ քայլ է լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ