RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1151, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՄԱՍՆԱՏՄԱ՞ՄԲ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Նորզելանդական ահաբեկչության հետքերով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (ինչպես շատ ուրիշ երկրների ղեկավարներ) «ստոր եւ անբարոյական» է անվանել այն ահաբեկիչների գործողությունները, որոնք Նոր Զելանդիայում անցյալ ուրբաթ հարձակում էին գործել երկու մզկիթներում աղոթող հավատացյալների վրա: Նա հայտարարել է, որ դա բացահայտ թշնամանքի դրսեւորում է իսլամի նկատմամբ եւ նախօրոք ծրագրված է եղել, եւ որ «Արեւմուտքի հասարակությունը ավելի ու ավելի շատ է հայտնվում մեր երկրի ու ժողովուրդի եւ անձամբ իմ դեմ մարդասպանի քարոզած գաղափարախոսության ազդեցության տակ»:

Իրոք, Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ հստակորեն նկատվում է թուրքական հետքը: Պատահական չէ, որ Էրդողանը որոշեց Նոր Զելանդիա գործուղել փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին: Հարձակվողներից մեկըՙ ավստրալացի 28-ամյա ազգայնական, աջ ծայրահեղական Բրենտոն Տարրանտը 17 րոպե շարունակ սպանությունը ուղիղ եթերում ցուցադրեց համացանցում: Տեսագրության մեջ երեւում են զենքերի վրայի տարալեզու մակագրություններ, որոնք մատնանշում են Թուրքիայի հետ կապված պատմական իրադարձությունների թվականներ ու իրական անձանց անուններ: Դրանք են Միլոշ Օբիլիչը, Սիգիզմունդ Լյուքսեմբուրգսկին, Կազիմիր Պոտոցկին եւ այլն: Փորձագետներից շատերի կարծիքով, ահաբեկիչները ըստ երեւույթին որշել էին քաղաքակրթային ահաբեկչություն իրականացնել կրոնական հողի վրա: Բացի դրանից, ահաբեկչության նախօրեին, գլխավոր ահաբեկիչը 37 էջանոց մանիֆեստում հանդես էր եկել իսլամական աշխարհին, Թուրքիային եւ անձամբ Էրդողանին ուղղված սպառնալիքներովՙ վերջինիս բնութագրելով որպես «մարդկության հնագույն թշնամու եւ Եվրոպայում գործող իսլամիստական խմբի առաջնորդի»: Եվ ոչ միայն դա:

Դատելով Թուրքիայի նախագահի ելույթից, նա ծանոթ է այդ փաստաթղթի որոշ դրույթների: Ինչպես նշում է թուրաքական Yenicag հրատարակությունը, նա հայտարարել է, որ «գոյություն ունի ահաբեկիչ ու մարդասպան, որն ուզում է իմ երկիրը բաժանել Անատոլիայի եւ Արեւմուտքի, եւ եթե մենք դա չկասեցնենք, ապա կարող ենք դառնալ նոր ողբերգության ականատեսներ»: Սակայն դժվար թե տվյալ ահաբեկչին հնարավոր լինի համարել գաղափարախոս, Նոր Զելանդիան էլ շատ հեռու է Թուրքիայից: Երբ 2013 թ. մարտին Անկարայում տեղի ունեցան ահաբեկչություն եւ Էրդողանի դեմ ուղղված մահափորձ, դա դեռ կարելի էր ինչ-որ կերպ կապել որոշակի արտաքին ուժերի հետ, որոնք, ճիշտ է, այդ ժամանակ հրապարակայնորեն հայտնի չդարձան: Այդուհանդերձ, թուրք փորձագետներից շատերը Անկարային մեղադրեցին նպատակամետ տարածաշրջանային հստակ ռազմավարություն չունենալու եւ հեռահար հաջող դիվանագիտություն չունենալու մեջ:

Ինչպես գրեց ամերիկյան The National Interest հրատարակությունը, Թուրքիան բախվում է սեփական պատմության բարիկադների հետ, որոնք Էրդողանը փորձում է հաղթահարել արեւմտականացված հասարակության եւ այսպես կոչված «նոր իսլամի» միախառնման միջոցովՙ բացահայտ մարտահրավեր նետելով քեմալականներին, փաստորեն երկիրը փոխադրելով խառնակության դարաշրջան: Հենց այդ ժամանակ Արեւմտյան լրատվամիջոցներում ի հայտ եկան բազմաթիվ հարապարակումներ, որոնցում կանխատեսվում էր Թուրքիայի մասնատումը «աշխարհիկ արեւմուտքի» եւ «իսլամական արեւելքի»: Նշվում էր, որ «արաբական գարնան» եւ սիրիական ճգնաժամի մեջ Թուրքիայի ներքաշումը լոկ Մերձավոր Արեւելքի առաջիկա վերաբաժանման նախանշանն է, որը կբնութագրվի ԱՄՆ-ի ու Եվրոմիության հետ նրա հարաբերությունների վատթարացմամբ: Մյուս կողմիցՙ տեղի կունենա սեփական իսլամական-պահպանողական շարժման ներքին պայքարի սրացում: Իսկ դիմակայությունների կցակետում առաջ կքաշվի ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական նախագիծը: Այս կապակցությամբ ահա թե ինչ է գրել ավստրիացի փոձագետ Մարկո Մայերը .

«Քրդական համադաշնությունը իրադարձությունների միանգամայն հնարավոր զարգացումներից է, իսկ նկատի ունենալով քրդերի բնակության վայրերըՙ նրանք մտադիր են իրենց ձեռքը վերցնել Թուրքիայի հարավ-արեւելքի նշանակալի մասը, նույնիսկ եթե դա նշանակի արյունահեղ պատերազմ: Տեղի կունենա երկու երկրների հստակ ձեւավորում: Ի հայտ կգա արեւմտամետ Թուրքիա, որը միանգամայն կարող է ծառայել որպես ՆԱՏՕ-ի հենակետ եւ նույնիսկ ստանալ Եվրոմիությանը հարելու հնարավորություն: Երկրի արեւելքում կձեւավորվի սուլթանություն հիշեցնող պահպանողական իսլամական պետություն, որը հավանաբար կբռնի Պարսից ծոցի արաբական երկրների հետ մերձեցման ուղին: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սցենարի նման զարգացումը թվում է միանգամայն բնական, հատկապես եթե ի մի բերենք գլուխկոտրուկի առկա մասերը, իսկ մնացյալները կհայտնվեն ավելի ուշ: 10-20 տարի հետո Մերձավոր Արեւելքի քարտեզը միանգամայն ուրիշ տեսք կունենա, եւ այդ փոփոխությունները կառնչվեն հատկապես Սիրիային, Իրաքին եւ Թուրքիային»:

Ինչպես այս կապակցությամբ նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , Արեւմուտքում վերջին տարիներին նման դատողություններ շատ են արվում, այնպես որ Թուրքիան արեւմտյան եւ արեւելյան մասերի բաժանելու նորզելանդական ահաբեկչի սպառնալիքները նորություն չեն: Բայց ահա թե որն է ինտրիգը: Էրդողանը քանիցս հայտարարել է. «Մենք բախվում ենք նոր եւ առավել մեծ սցենարի, որի նպատակը մեր երկրի մասնատումն է»: Սակայն դա արվել է հիմնականում ներքին սպառման համար, արտաքին թշնամու կերպարի ստեղծման միջոցով, երկրի քաղաքացիներին համախմբելու նպատակով: Բայց երբ նա խոսում է ժամանակակից Թուրքիայի սահմանները որոշած Լոզանի պայմանագիրը փոփոխելու կամ դրանից հրաժարվելու մասին, Արեւմուտքում դա ընկալվում է որպես «թուրքական խալիֆայությունը» վերականգնելու, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ու Եվրոպայում երկրի դերը մեծացնելու մտադրություն:

Եվ այս իմաստով Էրդողանին Եվրոպայում իսլամիստական խմբի առաջնորդ անվանող ահաբեկչի պնդումը աչքի չի ընկնում յուրօրինակությամբ: Ըստ «Ռեգնում» գործակալության, վտանգն այն է, որ ահաբեկիչը փորձում է թուրքական խնդիրները տարածել ամբողջ իսլամական աշխարհի վրաՙ փաստորեն այդ երկիրը հակադրելով ինչպես Եվրոպային, այնպես էլ Մերձավոր Արեւելքին: Սաՙ առաջին: Երկրորդ, Նոր Զելանդիան ահաբեկչության վայր դարձնելովՙ որոշակի ուժեր քաղաքական նոր ալեկոծումներ են ստեղծում Հարավ-արեւելյան Ասիայում, դրանով իսկ այնտեղ հնարավոր դարձնելով թուրքական գործոնի ապագա ներկայությունը: Ուստի Արեւմուտքի իսլամատյացությանը վերջ դնելու Էրդողանի կոչը տվյալ դեպքում անպատեհ է թվում: Ինչպես հայտնի է, Թուրքիան վերջին տարիներին փորձում է հանդես գալ ամբողջ իսլամական աշխարհի անունից, մինչդեռ անցյալում տատանվում էր չափավոր իսլամի եւ արմատական իսլամիստական խմբավորումների միջեւ:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընթացիկ ամսվա վերջին Թուրքիայում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթելու համար Էրդողանը ստիպված է ուժեղացնել սեփական դիրքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ