ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԼԻՐԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Որեւէ երկրի ղեկավարի ասուլիսից հետո լրագրողը կամ տվյալ երկրի քաղաքացին ինքն իրեն կարող է հարցնել`ստացա՞վ երկրի համար կարեւորագույն հարցերի պատասխանը, տվե՞ց երկրի ղեկավարն այդ հարցերի պատասխանը: Մեր դեպքում` Նիկոլ Փաշինյանի երկրորդ մեծ ասուլիսից հետո կարող ենք պատասխանել`մասամբ ` այո, մեծ հաշվով` ոչ: Ու թեեւ հենց ինքը, Նիկոլ Փաշինյանն ասաց լրագրողներին, թե սոցիալական ցանցերում քննարկվող եւ սկանդալային հարցերը չտվեցիք, այնուամենայնիվ, մամուլին իրականում սկանդալային հարցերը չպիտի հետաքրքրեն, այլ ողջ հանրության հուզող հարցերն ու նրանց պատասխանները: Օրինակ` մենք չունենք այն հարցի պատասխանը, թե Արցախի հարցի լուծման ո՞ր պատկերացնումներով է Հայաստանն ընդառաջ գնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հանդիպմանն ի վերջո, անկախ հնչող առաջարկներից` ո՞ր մոտեցումը, մինչեւ ո՞ր փոխզիջումն է մեզ համար ռուբիկոնը, որից այն կողմ, ինչ առաջարկ ում կողմից էլ հնչի ` մենք չենք կարող ընդունել: Առհասարակ` Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը միչեւ հիմա հստակ մոտեցում-պատկերացում չի ձեւակերպել: Իսկ բանակցությունների սեղան Արցախի վերադարձի մերժմանն ի պատասխան մեր երկրի որդեգրելիք կեցվածքի մասին «Ազգի» հարցին ի պատասխան էլ վարչապետը չխոսեց այդպիսի մոտեցումից, այլ հղում արեց կնքված նախկին եռակողմ համաձայնագրերին, ուր Արցախը հակամարտող կողմերի մեջ էր նշվում: Հա, միգուցե այդ փաստերի հիշեցումն օգտակար է երիտասարդ սերնդի համար, այդ թվում` «քայլած» երիտասարդ լրագրողների, որոնք ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքը չեն հիշում հասկանալի պատճառով, ու այդ իմաստով գովելի է վարչապետի` փաստերով զինված ասուլիսի գալը: Բայց, միեւնույն է, դա չի պարզում այն հարցը, որ եթե եւ Ադրբեջանը (Ալիեւը Փաշինյանի ասուլիսից անմիջապես հետո մի անգամ եւս հայտարարեց, թե դեմ է Արցախի վերադարձին բանակցային սեղան) , եւ Մինսկի խումբը դեմ լինեն Արցախի վերամասնակցությանը բանակցություններին, ինչպես է վարվելու Հայաստանը: (Միջանկյալ ասենք, որ այս հարցի պատասխանն, այնուամենայնիվ, կարեւոր է նաեւ այն պատճառով, քանի որ հիմա սկսվել է տարբեր խմբերից արտահոսող ինչ- որ փսփսուկ` նոր առաջարկների անհրաժեշտության մասին: Օրինակ` Սամվել Բաբայանը խոսում է հարցի կարգավորման մանդատը որեւէ մեծ պետությանը տալու մասին: Բնականաբար քանի որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծ է` հասկացվում է, որ նա միգուցե Ռուսաստանին նկատի ունի: Ու հավանաբար Արցախի խորհրդարանում ներկայացված կուսակցությունների վերջին անհանգստություն-հակադարձումը Բաբայանին ու մյուսներին է ուղղված , թե` կոչ ենք անում զերծ մնալ պետականության անվանդույթներն ու արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից, բայց նաեւ Հայաստանի առավել առարկայական մոտեցման ամրագրումն է պահանջում: Նույն կերպ, մեր հաջորդ հարց- առաջարկին, թե սրճարանների ապամոնտաժման առումով ավելի լավ չի՞ լինի ունենալ ճանապարհային քարտեզ-հայեցակարգ, ուր հստակ նշված կլինեն ապօրինի կառույցները եւ ամիսներ առաջ դեռ հայտնի կլինեն դրանց ապամոնտաժման ժամկետները, որ այս անգամվա պես համաշխարհային, այդ թվում` քաղաքական ենթատեքստով աղմուկ չբարձրանա, ի պատասխան վարչապետը բուն հարցից շեղվեց ու տարավ ապօրինություններն ուղղելու եւ կանաչ տարածքները հանրությանը վերադարձնելու դաշտ: Դրան ոչ ոք դեմ չէ, մենք մեթոդների հստակեցման մասին էինք խոսում: Ընդհանրապես` չորսուկես ժամ ասուլիս տալ, որի ժամանակ հոգնում են բոլորը, այդ թվում` ինքը վարչապետը, թուլացնելով ուշադրությունը, կրկնություններ, զգացմունքային շեղումներ եւ լրագրողների հետ բանավեճեր թույլ տալով, չգիտենք որքանով է նպատակահարմար, երբ «ռեգլամենտ» հասկացությունն այս դեպքում վարչապետի օգտին կխոսեր` անհարկի եւ անարդյունք կրկնաբանությունների չտանելով: Հա, դե հասկանալի է, Սերժ Սարգսյանը լիրիկական հարցերի չէր պատասխանում (նրա հարցաքննության սղագրությանը հղում անենք), իսկ Փաշինյանը դրանցից չի խուսափում, բայց անգամ միանշանակ չէ, թե որն է ավելի հարիր պետական այրին : Անձամբ ինձ համար ընդունելի չեն պետության ղեկավարի` արդարացման երանգ պարունակող բացատրությունները տիկնոջ հետ մեկնելու առումով: Ինչի՞ համար է արդարանում, լավ է արել, ու վերջ` եթե այդ մասին նախօրոք լիարժեք տեղեկատվություն տրվի: Իսկ թե ուղղաթիռը դատարկ պիտի պտտվեր եւ այլն` կան բաներ , որոնց մասին առհասարակ չարժե խոսել: Ընտանիքին կարեւորելը նույնիսկ առավելություն է, դաստիարակիչ դեր ունի, վարակիչ է, դա միգուցե հայերիս հոգեկերտվածքի` հայրիշխանական կոշտ գծերի քաղաքակրթման առումով դրական ազդեցություն թողնի: Եթե վարչապետն արդյունավետ աշխատի եւ կարեւոր գործերում հաջողի` այդ թեմաները այնքան տասներորդական կլինեն նույնիսկ մամուլում: Իսկ քանի որ ձգձգված ասուլիսում շատ առանցքային հարցեր դուրս մնացին, մենք այդ հարցերից երկու -երեք ամենակարեւորներից հիմա՛ կուղղենք` վարչապետ Փաշինյանը միշտ էլ հնարավորություն ունի այդ հարցերին պատասխանելու, մանավանդ` բոլոր հարցերի պատասխանը բոլորը հենց նրանից են սպասում, ու դա էլ մի ուրիշ պրոբլեմ է: ՀԱՐՑ 1. (Մեկնաբանությամբ) - Վարչապետին գերլիազորություններով օժտելիս` նախորդ իշխանությունը դա արել էր այն հեռանկարով, որ վարչապետ լիներ Սերժ Սարգսյանը`այդ պաշտոնի քաղաքական մասը վերցնելով իր վրա, իսկ տնտեսության զարգացման պատասխանատվությունը կիսեր առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այսինքն` գերմարդու լիազորություններ պարունակող իրավասությունը արդեն իսկ երկու մասի էր բաժանվելու: Մի մարդու համար իրոք բեռ է`արտերկիր բազմաթիվ այցեր, պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարների ընդունելություն, քաղաքական-աշխարհաքաղաքական խնդիրների խորքից իմացություն եւ ուղղորդում: Այս դժվար բեռից էլ ավելի դժվար է համակարգել տնտեսությունը`դա եւս գերազանց իմանալով: Մինչդեռ տնտեսության արդյունավետ կառավարման համար տնտեսական գործիքներին եւ իրողություններին խորքից եւ մասնագիտորեն իմանալը թիվ մեկ պայման է: Երբ հետեւոմ ես կառավարության նիստին (դիցուք` այս վերջինին), զգում ես, որ ամեն նախարար ու պաշտոնյա, իր ոլորտը լավ իմանալով եւ հանուն ոլորտի շահի պայքարելով` վերմակը ձգում է իր կողմը, ուզում է հարցի իր պատկերացումն անցկացնել, ու դա ամբողջության մեջ երկրին այդ պահին օգո՞ւտ է, թե՞ վնաս` թվում է մինչեւ հարցի զեկուցումը ոչ ոք մինչեւ վերջ չի հաշվեկշռել: Ու ամեն ինչ կախված է լինում նրանից, թե վարչապետ Փաշինյանն այդ պահին ինչպես կըմբռնի հարցը, կհասցնի՞ խորանալ մինչեւ ամենավերջին ենթատեքստերը, կնկատի՞ այս կամ այն շահը: Այնպես որ` զուտ հասցնելու առումով չարժեր կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը, ու, քանի կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախագիծն օրենք չի դարձել, արժեր մտածել այս մասին, գտնել այնպիսի մարդ, որը տիրապետում է բոլոր տնտեսական իրողություններին: Արդյոք այս ուղղությամբ մտածո՞ւմ է վարչապետը, հարցս սա է: ՀԱՐՑ 2. - Մեր ուղեւորափոխադրման սարսափելի եւ անընդունելի պատկերը վաղուց դարձել է բոլորիս խնդիրը, ե՞րբ կսկսվի տրանսպորտի խնդրի կարգավորումը, երբ այլեւս պառկած չենք երթեւեկի, բոլորս հոգնել ենք մի ուրիշ կարգի: ՀԱՐՑ 3. - Ե՞րբ Երեւանի հատկապես ոչ կենտրոնական թաղամասերում մայթերը կդադարեն խանութնեերին սպասարկող տարածքներ լինել, այսինքն` խանութներ կբացվեն այնտեղ, որտեղ հարակից տարածք կա, ու խանութի կողքով անցնող ճանապարհը, մայթերը խցանված չեն լինի առաքիչների մեքենաներով կամ ապրանքների արկղերով` տրանսպորտի համար խոչընդոտներ ստեղծելով: Սա աստիճանաբար անլուծելի խնդիր է դարձել, իսկ տրանսպորտային միջոցներն այդ տարածքներով անցնում են մեծ դժվարությամբ: ՀԱՐՑ 4. - Հանրային հեռուստառադիոեթերի խնդիրը վաղուց վերածվել է ազգային անվտանգության խնդրի, քանի որ պատերազմի վտանգ ունեցող երկրում աճպարարություններից ազատ լրատվությամբ եւ քաղաքացի կրթող հանրային հեռուստատեսություն եւ ռաիոյի (հանրային ռաիոյի դեպքում պատկերը մասամբ տանելի է) հարցը հատկապես հիմա հրամայական է: Այժմ երկու ոլորտների ղեկավար են ընտրելու: Սակայն երբ նայում ես այդ երկու պաշտոնների համար ընտրող հանձնաժողովների կազմը, հասկանում ես, որ հենց նրանց թողտվությամբ են ընտրվել նախկին ղեկավարները, որոնց ստեղծած կառույցները, մեղմ ասած, խնդիրը չեն լուծել: Հատկապես` հեռուստատեսության ղեկավարը, որի` հայկական մշակույթի, գրականության ու լեզվի լիարժեք կրողը չլինելու փաստով էին նաեւ միգուցե պայմանավորված դատարկ ու ազգ փսորող սերիալները, լրագրությունից հեռու մարդկանց եթերին մոտ թողնելը, հայոց լեզվի լայնածավալ ոտնահարումը եթերում` չխորանանք, շատ բան կարելի է ասել: Հիմա նույն հանձնաժողովներով ինչպե՞ս պիտի ազգային անվտնագության այս հարցը լուծել, էլի վերեւից են ասելու` ում նշանակեն: Եթե անգամ օրենսդրական խնդիր էր նոր հանձնաժողովների ձեւավորումը, ավելի վաղ պետք էր դա լուծել, այս մասին կարծիք ունի՞ վարչապետը: Պետության անվտանգության տարր պարունակող հարցում պետության ղեկավարի կարծիքն , իրոք կարեւոր է: Հարցերը շարունակելի են: Առայժմ այսքանը: |