ԲԱԿԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Տարածված խոսք կա`«դիվանագետը պետք է կյանքի փորձ ունենա»: Դրա վառ ապացույցը եղավ օրեր առաջ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի եւ ձայնի իրավունքի վերականգնմանը վերաբերվող քվեարկության ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի քվերակուական արկածները: Չմանրանք ընթացքի մեջ, դա արդեն բոլորին պարզ է: Բայց այստեղ կարեւոր բայց կա. ՀՀ իշխող քաղաքական ուժի մոտ ծառայողական պարտականությունները կատարելը եւ առհասարակ դրա գործընթացին տեղյակ լինելը, գոնե տեխնիկական մասով, լուրջ խնդիր է դարձել: Դա իր հստակ պատճառն ունի, որով էլ պայմանավորված են թերացումները: Այդ խմբակցության 88 անդամներից կեսից շատ ավելին կյանքում որեւէ պատասխանատու պաշտոն չի զբաղեցրել, ավելին` ոմանք մասնագիտական կրթություն էլ չունեն, եւ որպես պատասխանատու-պաշտոնատար անձ, միանգամից պատգամավոր են դարձել: Օրինակ` Ռուբեն Ռուբինյանի կենսագրության մեջ գրված է` «Մասնագիտությունը` պետական գործիչ, քաղաքական գործիչ եւ դիվանագետ»: Երեւի մոռացել է գրել նաեւՙ կուսակցական գործիչ: Հետաքրքրական է` աշխարհի է՞լ որ պետությունը մեկ տարվա քաղաքական գործունեության փորձ ունեցող դիվանագետ ունի: Առհասարակ, այդ տղային դիվանագետ անվանողները հասկանու՞մ են` ինչ է նշանակում դիվանագետ: Մի մարդ, որի` պետությանը մատուցած լավագույն ծառայությունը փողոցներ արգելափակելով իշխանության գալն է, չի կարող դիվանագետ լինել կամ կոչվել: Այսօր այդ սկսնակ ու ինքնահռչակ դիվանագետի պատճառով կարող են լուրջ խութերի հանդիպել հայ-ռուսական առանց այն էլ փխրուն հարաբերությունները: Մի կողմ դնելով մոդայիկ դարձած հակառուսականությունն ու արեւմտապաշտությունը, ողջախոհ լինենք ու ընդունենք, որ մեր շահերից չի բխում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը: Իսկ Ռուբեն Ռուբինյանի անփույթ կոճակսեղմոցիների պատճառով դրանք կարող են շատ անբարենպաստ հարթակ տեղափոխվել: Եվ թող որեւէ մեկը չմտածի, թե արեւմուտքի անունով երդվող Ռուբենի` Ռուսաստանին դեմ քվեարկելը միայն տեխնիկական խնդիր է եղել: Առավել եւս` թող ոչ ոք չմտածի, թե Ռուսաստանն այդ ամենն ընկալել է որպես զուտ տեխնիկական սխալ, անկախ նրանից` Ռուբինյանն ինչ բացատրություններ է տալիս: Ենթադրելի էր, որ Իրանի մասով ՀՀ Ազգային ժողովից արված բակային մակարդակի հայտարարությունից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչներն արդեն հրահանգավորված կլինեն` չափերի մեջ մնալ, բայց, արի ու տես, որ` ոչ: Այսքանից հետո, անկախ Ռուբենի բացատրություններից, նա պետք է հետ կանչվի, որովհետեւ դիվանագիտական սխալները հաճախ անշտկելի, անուղղելի ու... անդառնալի են լինում: |