ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Մադրիդյան սկզբունքները շարունակվում են Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո (որի հետ հակամարտ կողմերից մեկը, ըստ երեւույթին, որոշակի հույսեր էր կապում, թերեւսՙ ԼՂ հակամարտության գոտում ԱՄՆ գործողությունների հնարավոր ակտիվացման ակնկալիքով) բավական անկեղծ հայտարարությամբ հանդես եկավ նախարար Էլմար Մամեդյարովը : Նա հայտնեց, որ Վաշինգտոնում հունիսի 20-ի հանդիպումը տեւել է 3 ժամից ավելի: Նրա խոսքերով, միջնորդները քննարկման համար իրենց ներկայացրել են առաջարկություններ, որոնք ինքը գնահատել է որպես դրական պահ: Նա ինքն իրեն հարց է տվելՙ արդյոք դրանք նոր, թե՞ հին փաստաթղթեր են, որոնք «մենք քննարկում ենք վերջին 15 տարիներին»: Այսինքն, որեւէ նոր բան չկա, եւ բանակցային վազքը շարունակվում է փակ շրջանի մեջ: Այդուհանդերձ, Ադրբեջանի արտգործնախարարը ակնարկել է որոշ նոր նրբերանգներ: «Հայկական կողմն ամեն անգամ պնդում է, որ իրեն պետք են կարգավիճակ եւ անվտանգություն: Այդ հարցը քննարկվել է նաեւ Վաշինգտոնում», ասաց Մամեդյարովը: «Ինչ վերաբերում է անվտանգության եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման հարցերին, համանախագահները պարտավոր են է՛լ ավելի ճշգրտել իրենց առաջարկությունները եւ հանդես գալ դրանցով: Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցերի վրա»: Սրանից կարելի է հետեւություն անել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբեը վերադարձել է հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման հարցի քննարկմանը, եւ, ինչպես հայտարարեց Մամեդյարովը, առաջիկա 2-3 ամիսների ընթացքում իրենք քննության կառնեն համանախագահների առաջարկությունները: Նա ավելացրեց, որ իրեն հայտնի չէ արտգործանախարարների հաջորդ հանդիպման ժամկետը: Անմիջապես ի հայտ եկավ սուր ինտրիգ: Բանն այն է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը վաշինգտոնյան հանդիպման քննարկումների մասին խոսելիս չի անդրադարձել Մամեդյարովի նշած հարցերին: Այս կապակցությամբ, հայկական «Լրագիր» էլեկտրոնային հրատարակությունը Մամեդյարովին մեղադրել է սադրանքի մեջ, նրա գործողությունները գնահատվել են որպես Հայաստանի եւ միջնորդների արձագանքները հարուցելու դիտավորությունՙ այն ակնկալությամբ, որ նրանք կա՛մ կհաստատեն, կա՛մ էլ կհերքեն իր պնդումները: Ո՞ւմ խաղն է խաղում Մամեդյարովը, եւ ո՞ւմ է ձեռնտու Արցախում միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխումը, հարց է տալիս հրատարակությունը: ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ակնհայտորեն հավանություն են տալիս զսպման մեխանիզմների ստեղծմանը, որոնց մասին խոսելուց ձեռնպահ է մնում Ռուսաստանը: Փորձագետները քանիցս նշել են, որ Ռուսաստանը դեմ չէր լինի ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղարարների կամ իր եւ ՀԱՊԿ-ի ուժերի տեղաբաշխմանը: Այդ դեպքում ռուսական զորքը անմիջականորեն կհայտնվեր Իրանի սահմանի մոտ: Ի դեպ, Իրանը բազմիցս հայտարարել է, որ ինքը դեմ է տարածաշրջանում երրորդ երկրների ուժերի ներկայությանը: Վերջապես, հայկական հրատարակությունը տալիս է եւս մեկ հարց. «Մամեդյարովը իր հայտարարությունը համաձայնեցրե՞լ է արդյոք Սերգեյ Լավրովի եւ Մայք Պոմպեոյի հետ, եւ ո՞ր խաղաղարարների մասին կարող է խոսք լինել: Արցախի հակամարտությունը արդեն քառորդ դար գոյություն ունի առանց օտարերկրյա խաղաղարարների»: Ինչպես այս կապակցությամբ նշում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը , Էլմար Մամեդյարովը տարիներ շարունակ զբաղվել է Արցախի հակամարտության հարցերով, բայց մինչեւ վերջերս աչքի չէր ընկել սադրիչ գործողություններով, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով: Այժմ նրա հայտարարությունը չի հերքվում Մինսկի խմբի համանախագահների կողմից: Սա առաջին: Երկրորդն այն է, որ հակամարտության գոտի խաղաղարար ուժերի կորպուս մտցնելը արձանագրված է Մադրիդյան համաձայնագրերում, որոնց հիման վրա վարվում են բանակցությունները: Այս թեման քանիցս արծարծվել է եւ դիվանագիտական շրջանակներում լրամշակվել ընդհանուր գծերով: Խաղաղարար ուժերի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը անցյալում արտահայտել է այդ երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը . «Տարածքների ազատման մեջ որպես հիմք պետք է դրված լինի տրամաբանական համապատասխանությունը, այսինքնՙ որպես հիմք ընդունվի տարածքների ապաօկուպացումը: Պետք է ազատվեն առաջին հերթին Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրաիլի, Զանգելանի, Կուբաթլիի շրջանները»: Ինչ վերաբերում է Երեւանին, ժամանակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում հավանություն էր տվել ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղաբաշխելու գաղափարին, բայց դժգոհել էր, թե ադրբեջանական կողմը դա չի ուզում: Բայց հիմա, դատելով Մամեդյարովի հատարարություններից, Բաքուն պատրաստ է երկխոսություն ծավալել այդ ուղղությամբ: Տարասովի կարծիքով, պատճառը ներկայումս Մերձավոր Արեւելքում ստեղծված բարդ իրադրությունն է եւ Երեւանում ու Թբիլիսիում նկատվող քաղաքական փոփոխությունները: Իսկ եթե առավել կոնկրետ խոսենք խաղաղարար ուժերի մասին, դրանց կազմը, կարգավիճակը եւ իրավասությունները կախված կլինեն ստորագրված համաձայնագրից ու կողմերի միջեւ գոյություն ունեցող վստահությունից: Տարասովը ենթադրում է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Իրանը եւ Թուրքիան սկզբունքորեն դեմ չեն լինի ԱՊՀ խաղաղարար ուժերի տեղաբաշխմանը: Մի խոսքով, տարածաշրջանում իրադրությունը փոխվում է, եւ պատահական չէ, որ արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ որեւէ հղում չի արվում Վիեննայի պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են հետաքննության միջազգային մեխանիզմների կիրառություն; Վերջինս այլեւս հրատապ չէ: Այժմ խնդիրը Երեւանի արձագանքն է, որտեղ գերակշռում է Արցախի հետ վերամիավորման գաղափարը: Եթե ելնենք ուրվագծվող գործընթացի տրամաբանությունից, ապա Ստեփանակերտը ստանում է առայժմ միջանկալ կերպով նկատվող սուբյեկտության իրավունք: |