ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՈՐՈՒՍԻ ՄԱՍԻՆ Արեւիկ Քեշիշյան Դավադրագետները պատահական չեն համարում, որ Covid-19-ի համաճարակը սկսվեց Ուհան քաղաքում, քանի որ այնտեղ են գտնվում 5G գերարագ կապի մեծաթիվ աշտարակներ։ Ըստ նրանց, ախտանիշներն առաջանում են ճառագայթումից, իսկ վիրուսը գոյություն չունի։ Այդ մասին գրում է Der Tagesspiegel թերթը։ Որոշ դավադրագետներ գտնում են, որ համավարակը վաղուց ծրագրված է եղել նոր աշխարհակարգ ստեղծելու եւ մարդկանց ստրկացնելու նպատակով։ Ուստի անդրկուլիսյան տիկնիկավարները ձգտում են հասնել զանգվածային պատվաստումների կիրառմանը, կանխիկ փողերի վերացմանը, լրտեսմանը եւ տեղաշարժերի արգելմանը։ Նրանք դա բնակչությանը մատուցում են իբրեւ կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցառումներ։ Այդ գաղափարը տարածված է աջ ծայրահեղականների շրջանակներում եւ հատկապես հրեատյացների միջավայրում, որոնք ենթադրում են, որ ամեն ինչի հետեւում կանգնած են հրեաները կամ Իսրայելի կողմնակիցները։ Ուրիշ դավադրագետների կարծիքով, տեղի ունեցող դեպքերը ինչ-որ դրական բան են պարունակում, եւ հասարակական կյանքի դադարը ուղղված է այն բանին, որ մենք չմիջամտենք կարգուկանոնի հաստատմանը։ Հրեատյացների կարծիքով, հրեաները դիտավորյալ կերպով տարածել են վիրուսը, որպեսզի վնասեն իրենց թշնամիներին։ Նրանք հրեաների մեղավորության ապացույց են համարում նաեւ այն հանգամանքը, որ Իսրայելի գիտնականներն ակտիվորեն աշխատում են պատվաստանյութի ստեղծման վրա․ նա, ով ստեղծել է վիրուսը, ամեն պահի կարող է նաեւ պատվաստանյութ պատրաստել։ Շարունակվում է այն տեսության գոյությունը, ըստ որի կորոնավիրուսի տարածման հետ է կապված ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահը։ Բրայանտը թաղվել է Կալիֆոռնիայի Կորոնա-դել-Մար կոչվող շրջանում։ Եթե Google որոնողական համակարգի միջոցով Covid բառը թարգմանենք եբրայերեն, իսկ հետո կրկին անգլերեն, ապա կստացվի Kobe։ |