RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020



Տեղադրվել է` 2020-04-09 21:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 747, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐԿԵԼԻ ՀՈՐԴՈՐՆ Էՙ ԶԱՏԿԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆՆ ՈՒ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԹՈՒԼԱՑՆԵՆՔ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Համավարակի այս օրերին աշխարհի ուշադրությունն առավել սեւեռուն է դարձել Գերմանիային, որ նոր կորոնավիրուսի վարակակիրների թվով այսօրՙ ապրիլի 9- ին ավելի քան 113.000 դեպք է արձանագրել, իսկ մահերի քանակը, ըստ աշխարհի տարբեր անկյուններից մեզ հասնող մասնագիտական գնահատման, նվազ է, թեեւ հատել եւ անցել է 2.200- ի սահմանը, ըստ dpa գործակալության։

Չգիտեմ, բարոյական առումով որքան ճիշտ է խոսել մարդու մահվան նվազ կամ առավել թվի մասին, երբ թվերն այս պարագայում գույներ ու ձայներ են, մոլորակներ ու աշխարհներ, թանկագին միավորներ, էակներ, Աստծո նմանակ Մարդը, մարդիկ։ Խոսել դրա մասին հատկապես Ավագ շաբաթվա այս օրերինՙ առավել թանձրացնում է մեր հոգու պաստառին կուտակվող տխրության, լացի գույները։

Բայց իրականությունը պարտադրում է վիճակագրությունը գերադաս համարել, ինչպես նաեւ հետեւություններ անել, թե որն է իրականում նվազ թվերի պատճառն ու հիմքը։ Սրա մասինՙ առաջիկա մեր հրապարակումներում։

ԳԴՀ կանցլեր Մերկելը այսօրՙ հինգշաբթի, ապրիլի 9- ի հետմիջօրեին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսում հաղորդեց, թե երկրում վարակակիրների թիվը մի փոքր հույս է տալիս, թե Սուրբ Հարության տոնից հետո ազատությունների ներկա սահմանափակումները խստացնելու անհրաժեշտություն չի նկատում երկրում, բայց զգոնությունը թուլացնելը կարող է վտանգավոր լինել։ Զատկական օրերին կանցլերն ակնկալում է, որ դաշնության բնակիչները կարգուկանոնը չեն շրջանցի։ Իրավունք չունենք այժմ թեթեւամիտ լինելու, անվտանգության ճոճքի մեջ չօրորվենք, զգուշացրեց կանցլերը։ «Իմ փորձից էլ գիտեմՙ մի քիչ հույս ունես, հետո վստահություն ես ձեռք բերում, հետո ներքնապես մի քիչ թուլանում ես եւ արդեն մի քիչ թեթեւամիտ ես դառնում»։ Մերկելն ընդգծեց, թե մինչեւ պատվաստանյութի ստեղծումը եւ բնակչության իմունիտետի ձեռքբերումը, վիրուսը սպառնալիք կլինի, այլ կերպ ասածՙ վիրուսը պիտի ապրի մեզ հետ։ Եթե վարակակիրները պակասում են, չի նշանակում, թե վիրուսը չքացել է։ Մինչեւ ապրիլի 19- ը նախատեսված սահմանափակող միջոցառումները եթե հետագայում թուլացնելու անհրաժեշտություն նկատեն, ապա դա կլինի փոքր քայլերի հերթագայությամբ։

Մեր հանրության մեջ յուրաքանչյուրն ունի իր դերակատարումը, ասաց կանցլերը, եւ իմՙ դաշնային գործադիր ղեկավարի պարտականությունն է ասել այն, ինչ կա, որ չի նշանակում, թե ես գիշեր ու զօր չեմ մտածում, թե ինչ կլինի։ Կանցլերը հաղորդեց, թե իր պարտականությունն է այնպես անել, որ առողջապահական համակարգը չծանրաբեռնվի, իր պատասխանատվությունն է խուսափել այնպիսի իրավիճակներից, որ ինչպես իր, այնպես էլ բժիշկներիՙ մարդու համար ծանր որոշումներ կայացնելու վիճակ չստեղծվի։

Ըստ այսօր ավելի վաղ հրապարակված տվյալների, ճգնաժամային իրավիճակը գնահատելով, գերմանացիների 80 տոկոսը գոհ է Անգելա Մերկելի աշխատանքից, 17 տոկոսն է դժգոհ, կառավարության աշխատանքից գոհ է 88 տոկոսը, դժգոհՙ 10 տոկոսը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ