ԿԱՐԵՎՈՐԸՙ ՄԵՐ ՉՍԽԱԼՎԵԼՆ Է ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Մեր թերթի 11.09.2020-ի համարում «Գյուղաբնակը մոլոր, իշխանավորըՙ գլխիկոր» վերնագրով հոդվածում ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս մտորումներն էի ներկայացրել, թե ինչպիսի Հայաստանի Հանրապետություն ենք ցանկանում ունենալ: Ոչինչ չունենալով այգեգործա-բանջարեղենային ճյուղում ծավալվողի հանդեպ, այսուհանդերձ ընդգծում եմ, որ ՀՀ-ում առավել կարեւոր է մեր մարդկանց սննդակարգի առումով կենդանական ծագման սննդահումքի առաջնահերթ արտադրությունը, որը մեզանում վտանգավորության աստիճանի սասանված է: ՀՀ-ում արտադրվող կաթն ու մսատեսակներն աննշան քանակներով են բավարարում երկրի պարենապահովությունն ու անվտանգությունը, որի ապացույցներից է ողջ երշիկեղենի եւ մսամթերքներիՙ ներկրված խոր սառեցված մսատեսակներից պատրաստումը: Ելնելով մեզանում գյուղքաղաքականություն հռչակվածից, որտեղ գերակա է համարվում առավել ռիսկային բաց դաշտավարությունը, կարծիք էի հնչեցրել,թե արդյո՞ք ՀՀ տնտեսությունը պետք է տեղ զբաղեցնի տնտեսագիտության կողմից բանանային, սրճային, թեյային համարվող ու հռչակվող երկրների շարքում, թե հենց թեկուզ անասնակաշու վերամշակմամբ հագուստի, կահույքի, մարզագույքի, այլ ճյուղերի զարգացման շնորհիվ փորձի հայտնվել առավել այլ, հավելյալ արժեք երաշխավորող ոլորտներ ունեցող տնտեսահամակագի ցանկում: Նշել էի հավի մսի աննշան քանակների արտադրության մասին, որի արդյունքում առաջարկ-պահանջարկի խաթարման հետեւանքով օրեր առաջ 1300 դրամով վաճառվող հավի թարմ կրծքամիսը դարձել էր 1750 դրամ, հիմա արդենՙ 1990 դրամ: Մեր խոհանոցներում օգտագործվող լիտրը 630 դրամով վաճառվող արեւածաղկի ձեթը օրեր առաջ դարձավ 670 դրամ, հիմա էլ 690 դրամ: Բերել էի ոչ մեծ երկրների փորձը, այստեղ էլ հիշեմ գերզարգացած Դանիայի օրինակը, ուր միայն խոզի մսի տարեկան արտադրությունը կազմում է 1,7 մլն տոննա, որի արժեքը թերեւս մեր ողջ համախառն տարեկան արդյունքի չափ գումար է կազմում: «Ազգ»-ի արդեն հիշված համարը տպագրվելու երեկոյան ժամին, ՀՀ-ում հեռարձակվող ՌԴ պետական հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ընթացքում, հեղինակիս կողմից քննարկվող հարցի կապակցությամբ մի զրույց ծավալվեց: Ոչ անհայտ Վլադիմիր Ժիրինովսկին , հանրությանը սարսափեցնելով արեւմուտքի ռազմատենչ հռետորաբանությամբ ասաց, որ իմպերիալիստների նպատակը ռուսական ազդեցության տարածքները ոչնչացնելն է, որին հետեւեց հաղորդման մասնակիցներից մեր հայրենակցուհի, «Ռուսաստանն այսօր» (Russia Today) հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի հետեւյալ հարցը. իսկ ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ես անհանգիստ եմ Հայաստանի համար: Վ. Ժիրինովսկու պատասխանն ակնթարթային էր, կարծես նախապես պլանավորված, որոշ առումով տարօրինակ, ՀՀ քաղաքացուս համարՙ արտառոց անընդունելի, նաեւ անհարգալիցՙ հայերը թող շարունակեն ծիրան աճեցնել մեր բանակի զինվորների համար: Թե ինչու անընդունելի եւ անգամ անհարգալից, փորձեմ հիմնավորել: Ծիրանը Հայաստանում աճում-հասունանում է ընդամենը տարվա 20-25 օրերին, այնպես որ մեր ցանկալի որոշ փորձերըՙ այս պտուղը յուրօրինակ ոգեկոչման արժանացնել, սպասված արդյունքը չեն ցուցաբերում: Մեր մարդիկ տասնյակ անգամներ ավելի, ասենք բանան են ուտում-վայելում ողջ տարվա ընթացքում, այն մեր ուրախության սեղանների հիմնական մրգերից է, նաեւՙ հիվանդներին հրամցվող պտուղ: Այնպես որ ստացվում է, որ ծիրանը մեր առօրյայի մաս չէ, մեր կենցաղի բաղադրիչ չէ: Հիշյալ քաղաքական գործիչը, որի կուսակցական վերնախավում կան մեր բազմաթիվ հայրենակիցներ, նշված հաղորդման ընթացքում էլ նույն իր կարգավիճակն ուներ մեր հայրենակցուհին, մերոնց կարելի է հանդիպել ՌԴ գիտական, տնտեսական, կրթական ու առողջապահական, նաեւ մշակութային ու մարզական ոլորտներում, հարկ է որ խոհեմ գտնվեր, խոհեմություն ցուցաբերեր: Ավա՜ղ. անշուշտ ծիրան աճեցնելը պակաս պատվաբեր չէ, ինչպես այլոց կողմից բանան արտադրելը, բամբակ մշակելը, շաքարեղեգ ցանելը, բայցեւ պարտադրված ենք ընդունել, որ տնտեսությունում այսօրինակ մշակաբույսերը գերակա դիտարկելը չի նպաստում երկրների տնտեսական աճին ու գրավչությանը, քաղաքացիների մոտ էլՙ ցանկալի տրամադրությունների ձեւավորմանը: Առանց ՀՀ վարչապետի հայտարարության էլ իրեն հպարտ քաղաքացի համարող յուրաքանչյուր հայաստանաբնակ երազում է այնպիսի միջավայրում ապրել-արարել, որտեղ առաջնայինը աշխատելու արդյունքն է, աշխատանքի որակը, մարդ-արարածի առաջնահերթությունների ապահովումըՙ առողջ սնունդն ու առողջապահական համահարգը, լավագույն ճանապարհներն ու փոխադրամիջոցները, հիգիենիկ հնարավորություններով բնակարաններն ու բնակավայրերի բարետեսությունըՙ կանաչ գոտիների ու ջրավազանների տեսքով... Ցավոք ստիպված ենք արձանագրել, որ բանանա-սրճային լինի թե թեյա-շաքարեղեգնային, անգամ նավթա-գազային երկրների պարագայում, մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ դրանք ակնկալվող, գերզարգացած որակվող գնահատականներով բնութագրել: Մենք փորձում ենք այդ արգելքը հաղթահարել ծիրանա-ելակային միջոցներով, երբ անզոր ենք անգամ պարզ ու հասարակ համեստ անասնապահությամբ առանձնանալ, քանզի տնտեսագիտության մեր դոկտորներից մեկը, հետն էլ պրոֆեսոր, ոլորտի կայացման առաջարկն այսկերպ ձեւակերպեցՙ մենք հո խաշնարած ժողովուրդ չե՞նք: Միայն քաղաքակիրթ հռչակվող Եվրոպայում տասնյակ միլիոնավոր խոշոր եղջերավոր կա, շատ ավելին են խոզերը: Լավագույնս կերակրվող այս կենդանիները բացի կաթ ու մսից նաեւ կաշի են ապահովում, որը վերամշակելու ընթացքում եւ հետագայում անհաշվելի աշխատատեղեր է ապահովում, ազգային արժեքներ ստեղծում: Փոխարենն առայժմ մենք ակամայից կազմավորում ենք մի միջավայր, որի երկիմաստ ակնարկն արեց հիշյալ քաղաքական գործիչը: Եվ հարցըՙ դեպի ո՞ւր ենք տանում Հայաստանը, հնչում է ինքնաբերաբար: Խախտելով լրագրային նրբանկատությունը, նշում եմՙ ես թքած ունեմ թե այլք մեր մասին անհարգալից առումներով ի՞նչ են ասում ու մտածում. կարեւորը մեր չսխալվելն է: Հերթական անգամ ավա՜ղ ասելով նշեմ, որ հենց միայն ներմուծող տնտեսության պայմաններում ապրանքների սահուն թանկացումները լավատեսության նշաններ չեն պարունակում: |