ՀԱՅ ԿԻՆՈՆ «ՔՐԴԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ԷՋԵՐՈՒՄ Ա. Բ. Ստամբուլում լույս տեսնող «Քրդական պատմություն» թուրքալեզու ամսագրի ապրիլ-մայիս-հունիսի համարն ամբողջությամբ նվիրված է «Քրդերը եւ կինոն» թեմային: Ի թիվս այլ հոդվածների, համարում լույս է տեսել Արծվի Բախչինյանի «Քրդերը խորհրդային հայկական ֆիլմերում» հոդվածը: Հեղինակը նշում է, որ հայ-քրդական հարաբերությունների թեման կինոարվեստում սկիզբ է առել տակավին մինչեւ հայ կինոյի ստեղծումըՙ 1910-ական թվականների որոշ ամերիկյան եւ ռուսական շարժանկարներում: Հոդվածում մասնավորապես անդրադարձ է կատարվում աշխարհում քրդական թեմայով նկարահանված առաջին կինոնկարինՙ Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմին (1926), ինչպես նաեւ տեղեկություններ են տրվում Ամասի Մարտիրոսյանի «Քրդեր-եզդիներ» (1932) եւ այն հայկական կինոֆիլմերի մասին, որոնցում առկա են ազգությամբ քուրդ հերոսներ («Երկունք», «Կարոտ»): Այս թեմայով վերջին ֆիլմն է Գեորգի Փարաջանովի «Ադամի զավակները» փաստագրությունը (2007) Հայաստանի եզդիների մասին: Նշենք, որ սույն հոդվածի ընդարձակ տարբերակները նախապես լույս են տեսել թուրքերեն, նաեւ անգլերեն եւ իսպաներեն թարգմանություններով: |