RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020



Տեղադրվել է` 2020-09-17 22:19:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 569, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՐՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏՈ ԻԲՐ ԶԻՋՈՒՄ ԱՆՈՒՄ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Փարիզը Հունաստանի կողմից է, մինչդեռ Անկարան Արեւելյան Միջերկրածովքում եւ Հյուսիսային Աֆրիկայում Ֆրանսիայի գործողությունները գնահատում է որպես նոր կայսերական նկրտումներ էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանում: Նախագահ Մակրոնը կկարողանար փարատել Էրդողանի այդ կասկածները, եթե ձգտեր իբրեւ միջնորդ հանդես գալ Թուրքիայի եւ Հունաստանի վեճի հարթման հարցում: Բայց դա տեղի չի ունենում, թեեւ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարում է, որ իր նպատակը Արեւելյան Միջերկրածովքում խաղաղության հաստատումն է:

Այս կապակցությամբ թուրքական Star gazete-ն հարկ է համարում հիշեցնել նաեւ Մակրոնի «քրդական գործը», այն մասին, թե ինչպես Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների պատճառով նա հայտարարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին եւ առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի մնալու հարցը: Հրատարակության կարծիքով, Հունաստանի եւ Թուրքիայի հակասությունները կշարունակեն խորանալ շատ ուղղություններով: Հրատարակությունը Անկարային նախազգուշացնում է, որ Փարիզը որոշակի փուլում սլաքների ուղղությունը կվերահասցեագրի Ռուսաստանին, քանի որ Պուտինը նախընտրում է համաձայնության գալ Էրդողանի հետ, այլ ոչ թե հակամարտության մեջ մտնել, մինչդեռ Ֆրանսիայի նախագահի ուղեգիծը Էրդողանի գործողությունների շրջափակումն է ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Եվրոպայի ուղղությամբ: Ֆրանսիան Հունաստանի, Կիպրոսի եւ Իտալիայի հետ արդեն իսկ զորավարժություններ է անցկացրել այդ տարածաշրջանում: Մակրոնը համոզված է, որ Էրդողանը «հասկանում է միայն ուժը», եւ «մյուս գործընկերներին կոչ է անում համախմբվել նրա ծավալողական ծրագրերը կասեցնելու համար»:

Ինչպես գրում է բրիտանական The Times-ը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Հունաստանն ու Թուրքիան այժմ հակամարտության մեջ են ոչ թե արտաքին թշնամու հետ, այլ միմյանց հետ: Փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Եվրոմիության պետությունների սեպտեմբերի 23 24-ը կայանալիք գագաթաժողովում դժվար թե միաձայն ընդունվեն Թուրքիայի դեմ ուղղված պատժամիջոցներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն ինչպես կընկալեն Թուրքիայի նոր իրողությունները: Չէ՞ որ թուրքերի դեմ փաստորեն պատրաստ են կռվել միայն Ֆրանսիան եւ Հունաստանը, Եվրոպայի մյուս երկրները միայն խոսքով են համերաշխություն արտահայտում:

Անչափ հետաքրքրական պատկերացում արտահայտեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ՙ պարզաբանելով ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերովՙ թուրքական կողմը նպատակասլաց կերպով ապակայունացնում է իրադրությունը եւ սրում հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ: «Դա Էրդողանի յուրատեսակ վարքագծային ոճն է», ասում է հայ փորձագետը: «Սկզբում ծայրահեղորեն սրում է հարաբերությունները հավանական հակառակորդի (իրականումՙ դաշնակցի) հետՙ հասցնելով պայթյունավտանգ վիճակի, իսկ հետո կարծես թե դիմում է ինչ-որ զիջմանՙ իրականում ձգտելով իրավիճակից դուրս գալ առավելագույն օգուտով:

Հենց այդպես էլ կա: Թուրքական Oruc Reis հետազոտական նավը, որն այս տարվա հուլիսին ուղարկվել էր Թուրքիայի եւ Հունաստանի հակամարտության գոտի, վերադաձել է Անթալիայի ափերի մոտ գտնվող թուրքական տարածքային ջրեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ