RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020



Տեղադրվել է` 2020-09-17 22:19:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1345, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱՎՄԱՆ ՕՐԵՐԻՆ

ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից եւ զինադադար հայտարարվելուց հետո, թուրքական կոտորածներից ու հալածանքներից փրկված Կիլիկյան Հայաստանի բնակչությունն սկսել է մի քիչ ազատ շունչ քաշել: Խաղաղությունն իր հետ ազատություն բերելով, մարդիկ սկսել են նաեւ ստեղծագործական աշխատանքով վերապրել:

Թուրքական բռնություններից ազատված հայության մի որոշ մասը սկսել է կամաց-կամաց վերադառնալ իր հարազատ բնակավայրը: Նրանց են միացել նաեւ աքսորից ու գերությունից ազատված բազմաթիվ մտավորականներ:

Արաբական անապատներից, Տեր Զորի տարագրությունից ողջ մնացած գաղթականության մնացորդներն անտեր-անտիրական որբերի հետ ժամանակավոր ապաստան են գտել Բեյրութում, Հալեպում եւ Կիլիկյան հայաբնակ քաղաքներում ու գյուղերում: Ապրել են բաց երկնքի տակ, լավագույն դեպքումՙ թիթեղածածկ վրաններում դիմակայել ամեն տեսակի հիվանդությունների, մարդկային մեծ կորուստներով ապաքինվել, կյանքի կոչվել:

Տեղացի հայրենակիցների կողմից համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել նրանց համարՙ արհեստներ սովորելու, կրթություն ստանալու, մշակութային կյանքով դժվարությունները հաղթահարելու համար: Մտավորականությունն էլ իր հերթին է հոգացել տառապած ժողովրդի բարոյա-հոգեբանական ցավերը մեղմելու գործը:

Հալեպահայությանը հաջողվել է Տեր Զորի աքսորականներից 1918-ին փրկել պոլսահայ թատերական գործիչ Աշոտ Մատաթյանի (1882-1965) կյանքը: Վերջինս իր շուրջը հավաքելով երիտասարդ թատերասերների, նույն տարում կազմակերպել է «Մելպոմե» երիտասարդաց թատերախումբը եւ ներկայացումներ տալով նպաստել ազգակիցների հոգեբանության կայունացմանը:

Մատաթյանը լինելով օրվա հոգսերից անբաժան գործիչ, գրել ու բեմադրել է ժամանակակից կյանքին վերաբերող «Ահա՛ սերունդը» վերնագրով մեկ գործողությամբ պիեսը: Պիեսում պատկերվել է ամեն տեսակի դժվարությունները հաղթահարող եւ ազատություն վայելելու տենչին ձգտող ու հասնող հայ մարդու կերպարը: Պատահական չէ, որ ներկայացման հանդիսատեսների շարքերում գտնվող անգլիական ու ֆրանսիական բանակների բարձրաստիճան զինվորականներին զարմացրել է, թե դեռ երեկ հրի ու սրի միջով անցած այս մարդիկ ինչպիսի կամք ու զորություն ունեն, որ կարողացել են հանդիսատեսի ոգեւորությունը բարձրացնող ստեղծագործություն գրել ու բեմադրել:

Այսպիսի ոգեւորությունից ներշնչված Մատաթյանն սկսել է նաեւ դասական պիեսներ բեմադրել: Այդ պիեսներից երկուսը պատմական նշանակություն են ունեցել: Առաջինը եղել է Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման, իսկ երկրորդըՙ Շեքսպիրի «Համլետը», որոնք Մատաթյանը նախապես, դեռեւս 1909-ին եւ 1911-ին, ներկայացրել է նույնպես Հալեպում, որը իրավամբ կարելի է համարել արաբական երկրներում առաջին թատերական քաղաքը, որը 3 տարի հետո, 1911-ին, դարձել էր տարածաշրջանում Շեքսպիր ներկայացրած առաջին քաղաքը:

1918-ի ընթացքում «Մելպոմե» թատերասիրաց խմբի ուժերով Աշոտ Մատաթյանը բեմադրել է նաեւ Ա. Կոնան-Դոյլի «Շերլոկ Հոլմս» պիեսը, իսկ հետոՙ «Համլետը», ինքն էլ կատարելով Համլետի դերը:

Այս շրջանում Հալեպում է գտնվել նաեւ երիտասարդ բանաստեղծ Գեւորգ Արապաճյանը , որը հետագայում պետք է ճանաչում ստանար Կառվարենց գրական անունով (1892-1946): Կառվարենցը հայտնի է որպես նաեւ «Համլետի» թարգմանիչ: 1919-ի հուլիսի 5-ին Պոլսի Հայ դրամատիկ ընկերության թատերախմբի դերասանների ուժերով Աշոտ Մատաթյանն այդտեղ եւս բեմադրել է «Համլետը» Գեւորգ Արապաճյան-Կառվարենցի թարգմանությամբ: Ինքը կատարել է Համլետի դերը, իսկ թարգմանիչ Արապաճյանըՙ Ա. դերասանի դերը: Արդյոք Հալեպի «Համլետն» է՞լ չի եղել Գ. Արապաճյանի թարգմանությունը: Թեեւ ուղղակի տվյալներ չկան, բայց հավանականությունը Արապաճյանի կողմն է:

Արապաճյանի գրչին է պատկանում նաեւ Հալեպում նրա գրած «Հայաստանի հույսը» այլաբանական պիեսը, որը 1918-1919 թթ. բեմադրվել է Հալեպում եւ կիլիկյան քաղաքներում: Այդ խրախուսական «հույսը» նույնպես վերաբերել է ժամանակի քաղաքական անցքերին եւ հուսադրել ժողովրդին:

1918-ի նոյեմբերի 19-ից լրագրող Սեդրակ Կեպենլյանի խմբագրությամբ Հալեպում սկսել է լույս տեսնել «Հայ ձայն» թերթը, որը լուսաբանել է ինչպես քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, այնպես էլ քաղաքում եւ մերձակա վայրերում կատարվող երեւույթները: 1919-ի փետրվարից «Հայ ձայնը» շարունակել է լույս տեսնել Ադանայում եւ ծառայել նույն նպատակներին:

Մատաթյանը Հալեպում ավարտելով ներկայացումների շարքը, 1919-ի մարտի կեսերին իր «Մելպոմե» թատերախմբով նույնպես անցել է Ադանա: Թատերախմբի հետ Ադանա է փոխադրվել նաեւ երիտասարդ երաժիշտ (ջութակահար, Կոմիտասի հինգ աշակերտներից մեկը) Բարսեղ Կանաչյանը (1885-1967) իր ղեկավարությամբ երկսեռ երգչախմբով ու երաժշտախմբով: Կազմակերպվել են թատերա-երաժշտական ձեռնարկներ:

Այս առնչությամբ Ադանայի «Կիլիկիա» թերթի 1919-ի մարտի 21-ի համարում գրվել է. «Ա. Մատաթեանի Մելպոմէ Հայ թատերախումբը մէկ քանի օր առաջ Հալէպէն հասաւ Ադանաՙ Պոլիս երթալու համար: Հայկական այս վերջին աննախընթաց աղէտէն ետք Պոլիսէն դուրս կազմուած անդրանիկ եւ կարեւորագոյն թատերախումբն է այս»: (1)

Կարեւորելով թատերախմբի սկսած գործունեությունը, թերթը միաժամանակ նշել է նրա ստացած գնահատությունը օտարների կողմից եւ ցանկություն հայտնել, որպեսզի խումբը կիլիկյան շրջանի մեջ էլ մնա եւ խանդավառի հայի սրտերը, ինչպես Հալեպում:

«Մելպոմե» թատերախմբի ներկայացումներն Ադանայում տեղի են ունեցել Աբգարյան վարժարանի սրահում: Առաջին ներկայացումներից մեկը եղել է Շիրվանզադեի «Պատվի համար» չորս գործողությամբ դրաման, որը հասարակայնությանն է ներկայացվել 1919-ի մարտի 22-ին: Դերերի կատարմամբ հանդես են եկելՙ Էլիզբարյան- Ս.Խաչերյան , Երանուհի- օր. Նվարդ , Բագրատ- Արաբաջյան (Գեւորգ Կառվարենց), Սուրեն- Եղիշե , Ռոզալիա - տ. Գոնտայան , Մարգարիտ - տ. Զարուհի (Խաչերյան?), Օթարյան - Աշոտ Մատաթյան , Սաղաթել - Արամ Շիրինյան , եւ ուրիշներ: (2)

Հաջորդ օրըՙ մարտի 23-ին, «Պատվի համարը» կրկնվել է հայ զինվորների համար: Մարտի 26-ին եւ 29-ին «Մելպոմե» թատերախումբը հանդիսատեսներին ծանոթացրել է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության բեմադրությանը:

«Մելպոմե» թատերախումբն ընդառաջելով ժողովրդի փափագին, ապրիլի 5-ին էլ բեմ է հանել երեք գործ: Դրանք ենՙ Ժ. Ռիվոլեի «Վերադարձը», «Վիռի ճաշարանին ծառան» զավեշտը եւ Հ. Բատայլի «Կույրը» թարգմանական պիեսները:

Ապրիլի 13-ինՙ կիրակի օրվա կեսօրից հետո տրված ներկայացումը եղել է «Շերլոկ Հոլմսը»: Այս պիեսի ներկայացման գտած հաջողության մասին «Հայ ձայն» թերթում գրվել է. «Մատաթեան եւ իր ընկերներըՙ պ.պ. Խաչերյան, Կառվարենց, Պալեան եւ տիկ. Խաչերեան շատ յաջող կերպով կատարեցին իրենց դերերը եւ ջերմապէս ծափահարուեցան: Ադանայի մէջ ուրախալի է տեսնել ներկայութիւնը գիտակից եւ խղճմիտ «Մելբոմէ» հայ թատերախումբին»: (3)

Ադանայում իրենց հյուրախաղերն ավարտելուց հետո, Մատաթյանի եւ Կանաչյանի խմբերն իրենց գործունեությունը շարունակել են կիլիկյան մի այլ քաղաքումՙ Մերսինում: Քաղաք հասնելու հաջորդ օրըՙ ապրիլի 21-ին, տեղի Հայ ազգային միության նախաձեռնությամբ եւ ֆրանսիական կառավարչի հովանավորությամբ տրվել է «նվագային եւ թատերական երեկույթ»ՙ հօգուտ հայ գաղթականությանը: Երեկույթը մեծ խանդավառությամբ է ընդունվել հայ եւ օտարազգի հանդիսատեսների կողմից:

Առաջին բաժինը եղել է երաժշտական կատարումների մասը: Երգ ու նվագի կատարման ժամանակ, մամուլի վկայությամբ աչքի են ընկել դաշնակահարուհի տիկ. Անժել Աճեմյանը , ջութակահար Բ.Կանաչյանը , երգերի կատարմամբ տիկ. Խաչերյանը («Հովերն առան») եւ Կառվարենցըՙ (հունարեն):

Թատերական մասում կատարվել են տեսարաններ տարբեր պիեսներից, որոնց մեջ մեծ ընդունելություն է գտել մասնավորապես Գ. Կառվարենցի «Հայաստանի հույսը» այլաբանական պիեսը: Հայրենասիրական այդ պիեսըՙ Մայր Հայաստանի եւ Հույսի հուսադրական գաղափարը, «իբրեւ խորհրդանիշ Հայ զինվորին երեւիլը ելեկտրական լոյսի ցոլքին տակ»- ծայր աստիճան խանդավառություն է առաջացրել հայ, հույն, արաբ երկսեռ հանդիսատեսների մոտ: (4) Հաջորդ օրը մի խումբ հայ լեգիոներականներ բացօթյա սեղան են պատրաստել ի պատիվ թատերախմբի:

Թատերա-երաժշտական միացյալ այս միջոցառումը Մերսինում կրկնվել է նաեւ մայիսի 28-ին:

Ճիհանի բնակչությունից 30-35 ընտանիք հայրենի օջախ վերադառնալուց հետո, Մատաթյան-Կանաչյան միացյալ խումբը մտադիր է եղել ապրիլի 24-ին մի ներկայացում տալ ճիհանցիների համար: Կատարվե՞լ է նրանց մտահղացումը, թե՞ ոչ, հայտնի չէ:

Ապրիլի 28-ին Մերսինում իրենց վերջին երեկույթը տալուց հետո, թատերա-երաժշտախումբը գնացել է Տերսիմ: Այստեղ եւս տրվել է թատերա-երաժշտական երեկույթ Ա. ԱՃեմյանի եւ Բ. Կանաչյանի մասնակցությամբ: Իսկ «Մելպոմե» թատերախումբը ներկայացրել է Գ. Կառվարենցի «Հայաստանի հույսը» այլաբանական պատկերը: Երեկոն եղել է ոգեւորիչ:

Թատերա-երաժշտական միացյալ խմբի հաջորդ ելույթները տեղի են ունեցել Տարսոնում: Այստեղ էլ նախաձեռնությունը պատկանել է քաղաքի Երիտասարդաց միությանը, հովանավորությունըՙ տեղի ֆրանսիական կառավարչի կողմից: Մայիսի 10-ին «Մելպոմե» թատերախումբը ներկայացրել է Ա. Մատաթյանի «Ապառաժներ» եւ Գ. Կառվարենցի «Հայաստանի հույսը» խիստ արդիական բովանդակությամբ պիեսները եւ մի զավեշտ:

Աշոտ Մատաթյանի ղեկավարությամբ գործող «Մելպոմէ» թատերախմբի վերջին ներկայացումը Կիլիկյան Հայաստանում տեղի է ունեցել 1919-ի մայիսի 11-ի կիրակի օրը: Իբրեւ հրաժեշտի ներկայացում, Աբգարյան վարժարանի սրահում խաղացվել են վերոհիշյալ «Ապառաժներ» եւ «Հայաստանի հույսը» պիեսները:

Այսպիսով, ըստ «Կիլիկիա» թերթի տվյալների, «Մելպոմե» թատերախումբը Կիլիկիայում 1919-ի գարնան ամիսներին տվել է տասը ներկայացում: Մատաթյանը եւ Կառվարենցը մեկնել են Կ. Պոլիս եւ այնտեղ շարունակել իրենց գործունեությունը, իսկ խմբի մյուս անդամների ճակատագիրն անհայտ է:

Մատաթյանի հեռանալով Կիլիկիայի հայկական թատրոնը որոշ շրջան գործել է տեղական ուժերով, ըստ որում, նաեւ տարբեր վայրերում:

Արեւմտահայ դրամատուրգ, խմբագիր եւ հրապարակախոս Սուրեն Պարթեւյանի (Սիսակ Պարտիզպանյան, 1876-1921) 1916-ին գրված «Ձայնը հնչեց» պիեսը (1915-ի կովկասյան ռազմական կյանքից առնված) տեղ է գտել Կիլիկիայի Տեորթ Յոլ (Չորք Մարզվան) բնակավայրի թատրոնում: Տեղի Կարմիր խաչի մասնաճյուղի խոստացած ներկայացումը կայացել է 1919-ի մայիսի 22-ին:

Այս պիեսիՙ հանդիսատեսի կյանքում ունեցած դերի ու նշանակության մասին ուշագրավ բնութագրություն է տվել Ադանայի «Հայ ձայն» թերթում տպագրված մի թատերախոսական: «Հակառակ բեմական անհրաժեշտ կազմած եւ տարազներու չգոյութեան,- գրված է թերթում,- պէտք է խոստովանիլ, ներկայացումը յաջող անցաւ, տպաւորութիւնն ալՙ զգալի եւ գոհացուցիչ: Առաջին անգամն էր այս, որ գիշերային հանդէս մը տեղի կ՛ունենար Տեորթ Յոլի մէջ: Ժողովուրդը շնորհաւորելի փութկոտութեամբ եկած էր»: (5)

Ներկայացման վերջում տրվել է պիեսի բովանդակությանը հարազատ մի պատկեր: Մթության մեջ, գունավոր լուսավորության տակ կամավորուհին պատգարակով դուրս է տարել վիրավորներին: Ահա եւ տեղական ուժերի հնարամտության մի փայլուն օրինակՙ իրականությունից առնված պատկերով արձագանքելը օրվա քաղաքական կյանքին: Հայ Կարմիր խաչի մասնակցությունը կամավորական շարժմանըՙ ճերմակ զգեստով մի հայուհի ձեռքին դրոշակ շրջելով երգել է հանրահայտ «Լռեց. ամպերը» երգը:

Մյուս օրինակը տեղի է ունեցել Ադանայում: Տեղի երիտասարդական երկսեռ միության կողմից, Գեւորգ ծ.վ. Ասլանյանի հովանավորությամբ ներկայացվել է Գրիգոր Անգութի (Սոմունճյան, ?-1924) «Հայրենիքի ձայն» ողբերգությունը եւ մի զավեշտ: Ներկայացումը տրվել է հօգուտ Աբգարյան վարժարանի սրահի, որտեղ տեղի են ունեցել Ադանայում կազմակերպվող միջոցառումները:

«Հայրենիքի ձայնը» ողբերգությունը կրկնվել է մայիսի 30-ին, այս անգամ Տիկնանց միության կողմից: Ողբերգությունից հետո, հանդիսատեսի տրամադրությունը բարձրացնելու նպատակով խաղացվել են Գարեգին Ռշտունու «Վեց ու կես պորտի ժառանգությունը» եւ Գ. Կառվարենցի «Հայաստանի հույսը» պիեսները:

1919-ի հունիսի 15-ին Աբգարյանի սրահում ներկայացվել են «Գինեմոլի մը վախճանը» մեկ արարով դրաման եւ «Երկու շերիֆները» երեք գործողությամբ կատակերգությունը: (6)

1919-ի աշնան սկզբներին Ադանայում տեղի թատերասերների նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արարա» թատերախումբը: Առաջին ներկայացումները տրվել են սեպտեմբերի 3-ին: Նույն օրը խաղացվել է չորս գործ: Դրանք ենՙ «Թեաթրոի Արժանթին» թարգմանական կատակերգությունը դերասաններ Գավակյանի եւ Եղիշե Դարբինի (Չիլինկիրյան) մասնակցությամբ: Նրան հաջորդել է երաժշտական մի պատկեր: Ապաՙ «Ոսկի տառերը», որի մեջ Գավակյանը ապացուցել է «դերասանի իր յատկութիւնները», իսկ Ագահի դերակատար Գավակյանը արդարացրել իր «Յաջող դերասան» լինելը:

Թատերախումբը դերասանուհի չունենալով բավարարվել է անփորձ օրիորդ Աննայի (մոր դերում) մասնակցությամբ: Օրվա վերջին ներկայացումըՙ ամենահաջողվածն եղել է «Երեք դավադիրներ» երաժշտական կատակերգությունը Եղիշե Դարբինի եւ Կ.Կարպիսի բեմադրությամբ: Այս ներկայացման մասնակիցներից գնահատվել է Խորեն Գրիգորյանը ՙ երգերի կատարման համար: (7)

Նոր, անփորձ ուժերով ստեղծված «Արարա» թատերախմբի այս նախաձեռնությունը վկայում է թատերական արվեստի գնահատությունը Ադանայի հասարակական կյանքում: Հոգ չէ, թե բոլոր մասնակիցները բավարար կարողություններ չեն ունեցել, կարեւորը ձգտումն է եղել: Նրանց քաջալերողն են եղել Ադանայի մամուլը, թատերական արվեստը գնահատողները:

Հետագա շրջանում վատթարանալով Կիլիկիայի վիճակը, առավել եւս Թուրքիայի բաժին դառնալուց հետո էլ ի՜նչ հայերեն գիր ու գրականություն, ի՜նչ երգ-երաժշտություն, ի՜նչ թատերական արվեստ: Բոլորն անհետացան երկրի երեսից: Բայց քանի հայի փորումը շունչ կա,- ինչպես ասել է Խաչատուր Աբովյանը,- պետք է ապրի Կիլիկիայի փառավոր հիշողությամբ:

Ծանոթագրություններ

1. Կիլիկիա (Ադանա) 1919, N9:

2. Նույն տեղում:

3. Հայ ձայն (Ադանա) 1919, N102:

4. Կիլիկիա, 1919, N25:

5. Հայ ձայն, 1919, N142:

6. Նույն տեղում, N152:

7. Նույն տեղում, N206:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ