ԼՐԱԳՐՈՂ, ԳԾԱՆԿԱՐԻՉ, ԱՐՎԵՍՏԱԲԱՆ Մեր թերթի նախկին աշխատակից, «Ազգ-Մշակույթ» էջի նախկին պատասխանատու Լեւոն Լաճիկյանը օրերս դարձավ 65 տարեկան: Մի հանգրվան, որը թույլ է տալիս գեթ մի պահ հետ նայել ու վերհիշել անցած ուղինՙ իր ձեքբերումներով, դժվարություններով, դեռեսւ անկատար ծրագրերով եւ անցնել առաջ: Լեւոն Լաճիկյանի պարագայում այդ ուղին բավական հարուստ է ոչ միայն աշխատանքային, այլեւ ստեղծագործական իրադարձություններով ու ձեռքբերումներով: Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն ու այնուհետեւ 1980 թ.ին գեղագիտություն մասնագիտությամբ ասպիրանտուրան ավարտելուց անմիջապես հետո Լեւոնը դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ապա երկու տարի աշխատել «Ազգ»ի խմբագրակազմում, ստորագրելով մշակութային բնագավառին վերաբերող հոդվածներ, որոնք վավերագրությունն են կազմում «մութ ու ցուրտ» տարիների մշակութային կյանքի, եւ հետագայում առանձին լոււյս են տեսել «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» վերնագրով գրքում: Լ. Լաճիկյանը աշխատել է նաեւ Օպերայի եւ բալետի թատրոնում որպես մամլո քարտուղար, իսկ ավելի երկարՙ 1995-2011 թթ.ին Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ)ՙ նույն պաշտոնով, իսկ 2012 թ.ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում որպես ամերիկահայ համայնքների վարչության պետ: 2013 թ.ից ցայսօր դասավանդում է ԵՊՀ-ում եւ միաժամանակ շարունակում է հանդես գալ մեր թերթում: Բացի վերոհիշյալ հատորից Լ. Լաճիկյանը հրատարակել է 9 գիրք, որոնց զուգահեռ զբաղվել է նկարչությամբ, Երեւանում, հայրենի Գյումրիում, Մ. Նահանգներում, Կանադայում եւ Պոլսում տվել է շուրջ 15 ցուցահանդեսՙ ցուցադրելով իր գրաֆիկական գործերըՙ քաղաքային տեսարանների մատուցմամբ: 2015 թ.ին լույս է տեսել նրա գրաֆիկական բացիկաշարը «Գյումրի, իմ սեր» վերնագրով: Շուտով լույս կտեսնի նրա «Պոլիսըՙ հին եւ նոր» պատկերագիրքը: Կրկին շնորհավորելով 65-ամյա տարեդարձի առիթով, «Ազգ»ի խմբագրությունը Լեւոն Լաճիկյանին մաղթում է ստեղծագործական եւ լրագրողական նորանոր հաջողություններ: |