ԱՆԴԻՎԱՆԱԳԵՏ ՀԱՅԱՍՏԱՆՍ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Եթե ճիշտ է տարածված այն ասույթը, թե երբ լռում է դիվանագիտությունը, որոտում են թնդանոթները, ապա ճիշտ պետք է լինի նաեւ այդ մտքի շրջված ձեւըՙ եթե լռում են թնդանոթները, ապա խոսում է դիվանագիտությունը: Ու թեեւ պատմությունը մեզ սովորեցնում է, որ դիվանագիտությունը երբեք չի լռում ու երբեք անգործ չի մնում, ինչպես հետախուզությունն ու հակահետախուզությունը, այսուհանդերձ կարելի է ու պետք է մենք մեզ հարց տանքՙ հիմա, որ թնդանոթները լռել են հայ-ադրբեջանական ռազմաճակատի վրա, ի՞նչ է անում հայկական դիվանագիտությունը, գործո՞ւմ է դեռ, թե՞ գտնվում է քնած գեղեցկուհու կարգավիճակում: Երկու շաբաթ առաջ ներքաղաքական ու նույնիսկ սփյուռքյան շրջանակներն ալեկոծվեցին պաշտոնապես դեռեւս չհաստատված այն տեղեկությունից, որ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատրաստվում է մեկնել Վաշինգտոն որպես դեսպան: Ու թեեւ դիվանագիտության ասպարեզում ընդունված չէ նախքան հավատարմագրերի հանձնումը որեւէ դեսպանի թեկնածության հայտարարումը, տիկին Մակունցիՙ ի պատասխան իր թեկնածությանն ուղղված առարկություններին հայտնած այն հզո՜ր միտքը, թե դեսպան լինելու համար առաջնահերթ կարեւորություն չունի դիվանագիտական պատրաստվածութունըՙ ափ ի բերան թողեց այդ գործից քիչ թե շատ հասկացողներին: (Ի դեպ, մեր տեղեկություններով, Մակունցի թղթածրարն արդեն գտնվում է Վաշինգտոնում): Դրան հաջորդեց կարեւոր մի քանի այլ մայրաքաղաքներում նորիշխանական մի քանի ուրիշ ֆիգուրների դեսպան նշանակելու մասին տեղեկությունը, այդ թվումՙ թուրքական հետախուզության աչքից չվրիպած ինչ-որ մի կնոջ դժվարահունչ անունըՙ 2019-ի հուլիսիցՙ Արման Կիրակոսյանի վախճանվելուց ի վեր թափուր մնացած դեսպանական աթոռը Լոնդոնում գրավելու մասին: Չգիտեմ մեր գործող դեսպանների վրա ի՞նչ տպավորություն թողեցին այդՙ պաշտոնապես դեռեւս չհաստատված տեղեկությունները, սակայն վստահորեն կարելի է պնդել, որ վերջին 2-3 տարիներին անորոշության մատնված մեր դիվանագիտական կորպուսը անդամալուծվեց գրեթե ամբողջովին: Գրեթե եմ ասում, քանզի գիտեմ մեր դեսպաններից ոմանց, ովքեր իսկական պրոֆեսիոնալներ են, հայրենասեր ու պետականությանը նվիրված մարդիկ, որոնք ներկա տարօրինակ պայմաններում, երբ, ինչպես հայտարարում էր նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 10-ին, թե ինքը տեղյակ չի եղել կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից, անում են այնՙ ինչը կարող են անել անգլուխ մնացած ձիավորները: Ձանձրալի է անընդհատ կրկնել, թե անցնող 2-3 տարիներին ապիկարության ինչպիսի օրինակներ է տվել վարչապետի աթոռը զբաղեցնողը: Սակայն արծարծածս թեման պահանջում է ընդգծել, հույս ունեմՙ վերջին անգամ, որ Նիկոլ Փաշինյանն իր եսակենտրոն, ինքնասիրահարված եւ հանձնապաստան գործունեությամբ մեր երկրում ավելորդ է դարձրել դիվանագիտությունն էլ, ռազմագիտությունն էլ, հետախուզությունն էլ, անգամ բշժկագիտությունն ու, վերջերս, սեյսմոլոգիան էլ: Ինքը գիտի ամեն բան, կատարյալ մարմնացումն է ԱԲԳ-ականության: Երեւի այսպես են բոլոր այն միապետներն ու բռնակալները, որոնց ծանոթ ենք պատմության դասագրքերից: Նման պայմաններում ի՞նչ կարիք կա տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն ու դեսպանություն պահելու, չունեցած մեր փողերը ծախսելու: Նույնիսկ Մոսկվայում, որը հայկական պրոտեկտորատի վերջին Բ. Դուռն է մնացել, պետք չունենք որեւէ դիվանագետ պահելու, երբ գոյություն ունի կառավարութան շենքից մինչեւ Կրեմլ ձգվող հեռախոսագիծ, որը կարող է գործել օրական 4-5 անգամ, ինչպես պնդում է Փաշինյանը: (Ի դեպ, մեր բոլոր իշխանությունների օրոք Մոսկվայում առանց բացառության ունեցել ենք համեմատաբար թույլ դեսպաններ, որոնց գլխավոր պարտականությունը եղել է տարբեր պաշտոնյաների եւ պատվիրակությունների դիմավորումը, տեղավորումը, շոփինգի ու ժոփինգի տանելը եւ ճանապարհ դնելը, ինչպես այժմՙ գրեթե մեր բոլոր մյուս դեսպանատներում է): Անկեղծ ափսոսանքով պետք է հիշել բազում փորձություններով անցած, սովետական դիվանագիտության դպրոցից հառնած եւ հետզհետե հայկական դիմագիծ ստացող մեր դիվանագիտական նոր դպրոցի, անցումային արտգործնախարար Անատոլի Մկրտչյանից մինչեւ Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Արման Կիրակոսյան եւ մյուսներից մինչեւ մեր օրերը, նաեւ մեր անկրկնելի արեւելագետ-դիվանագետների ջանքերով, դեմք ու դիմագիծ ստացած կառույցի անէացումը, ինչպես նաեւ մեր Դիվանագիտական ակադեմիայի փակվելը, որը ավելորդ է դարձնում տարբեր բուհերում մրցակցային համարվող միջազգային հարաբերություններ կոչվող մասնագիտությունը նաեւ: Հիմա թնդանոթները լուռ են, առայժմ: Բայց լուռ է նաեւ մեր դիվանագիտությունը, իսկականը: Մինչդեռ գերծանրաբեռն աշխատելու պահն է, կարելի էր շատ բան անել: Գեթ կարելի էր մի քիչ գումար հավաքել, մասնավորաբար այն երկրներից, որոնց, իբր, ուշքը գնում էր մեր «թավշյա հեղափոխության» համար: Գումարՙ հին Հայաստանի նոր եւ նորանոր վերքերը ամոքելու: Մի քիչ դիվանագիտական-քաղաքական օգնությունՙ «սողացող պատերազմը» զսպելու, թուրքական «խաղաղ» ներխուժումը դիմագրավելու, մեր բանակն ու տնտեսությունը կարգի բերելու համար: Մեկուսացումը, առավել եւս ինքնամեկուսացումը շնչահեղձ է անում մեզ: |