RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 23:00:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1847, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱԶԳ»-30. ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՉԱՓԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Փետրվարի 16-ին լրացավ Հայաստանի երրորդ հանրապետության անկախ մամուլի առաջնեկիՙ «Ազգի» 30-ամյակը: Որքան էլ երեսունը «պարտադրում» է թեկուզ մի լավ տոնել, բայց մեր պարտված կառավարությունը, որի խաղադրույքը պետության փլուզումն է դարձել, ջանաց բոլոր հնարավոր միջոցներով լրագրողներիս ներսում տակնուվրա անել տոնականի զգացումը: Արդեն տխուր էինքՙ պատերազմը մեր տուն էր մտել, պոպուլիզմը ծամում էր նույնիսկ պարտությունըՙ այն վերածելով փրկչական առաքելության, բարոյականության ափը մեզանից հեռանում էր, անդունդըՙ խորանում... Բարոյական մի մամլիչ կա, որ «Ազգ»-ին միշտ կառավարել էՙ երբեք չքծնել իշխանավորին, իսկ եթե նաՙ այդ իշխանավորը նախկին լրագրող է, առավել եւս զգուշանալ, քանզի եթե դավաճանել է լրագրությանը, ո՞ւմ չի դավաճանի... Հենց այդ վերին իշխանավորը շատ լավ տեղյակ է, որ երեք տասնամյակ շարունակ «Ազգ»ը եղել է մեր երրորդ հանրապետության ջերմաչափը, եւ եթե հիվանդ կա, անաչառ ու բարեխիղճ արձանագրել է նրա հիվանդության պատմությունըՙ փոխանցել ընթերցողին: Իսկ ընթերցողը նաեւ սփյուռքն է եղել, 6 լեզվով հրատարակվելու ժամանակ ամենաշատ օտարալեզու հղումներ հենց այս թերթին են արվել: Երեւի այս թերթը, իր բազմաքանակ համակիրներով, առավել վտանգավոր է...

«Ազգ»ի նախորդ համարում գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն իր խմբագրականում անդրադարձել էր մեր բնավեր դառնալու հանգամանքին: Գրել էրՙ չափագրելով մեր ցավը, եւ ինձ այնպես էր թվում, թե տարեդարձի օրը, մեր խմբագրության հեռախոսը չպիտի լռեր, թե գրավոր շնորհավորանքը «վերին կառավարիչների», ԱԺ-ում պինդ նստած նախկին լրագրողների, պիտի դույզն-ինչ դարմաներ մեր վիրավոր հոգին... Ավա՜ղ, այդ տարրական մշակույթը խորթ է նրանց, ինչպես նաեւ բարոյականության եւ էթիկայի պարզագույն նորմեր, որ այլեւս կասկածել չեն տալիս, թե պառլամենտարիզմի մեր պատմությունը նվաստացնում են աշխարհի տարբեր համալսարաններում իրենց կրթությամբ հպարտացող մարդիկ: Զանգեր, նամակներ անշուշտ եղան, մտավորական մեր ընտրանին, մեր թերթին կապված նվիրյալ ընթերցողը, պետության խորհրդանիշ տարբեր անձինք, որոնց թվումՙ Հանրապետության նախագահը, նաեւ չէին մոռացել շնորհավորել, եւ առաջիկայում մեր հրատարակելիք «Ազգ»-ին նվիրված բացառիկ գրքում կզետեղենք դրանք:

Կառավարության եւ ԱԺ-ի կազմում դիրքավորված մեր նախկին լրագրող գործընկերները, որոնց ճառը հիշարժան է միայն ինքնարդարացնող «լեգիտիմ» բառի հաճախ կիրառությամբ, ոչինչ չեն արել մեր մամուլի համար. Մասնավորապեսՙ իրենց մյուս գործընկերներին չեն հուշել, թե հատկապես տպագիր մամուլի խմբագրությունները չունեն մեծ եկամուտ, գովազդից եկած գումարն էլ չնչին է, ուստի օգնենք նրանց լույս տեսնել: Տնավեր դարձնելով, հավելյալ խնդիր չստեղծենք նրանց համար, գոնե ցույց տանք, որ ժողովրդավար ենք: Նրանց մեջ, իմ գիտությամբ չկա «Ազգ»-ի նախկին աշխատակից, այլապես երեւի կհասկանար, թե ի՛նչ տխրությամբ լքեցինք մեր Հանրապետության 47ՙ արդեն նախկին հասցեն, եւ 30-ամյակին ընդառաջ կոտրված սրտով փակեցինք մի դուռ, որ 30 տարի շարունակ միշտ բաց էր եղել: 1990-ականների ցուրտ ու մութ տարիներին այդ շենքում միշտ լույս է եղել եւ ջերմություն, հաղթանակի հանդեպ հավատ ու հույս, որ փոխանցել ենք ընթերցողին, ստացել նրա վստահությունն ու նվիրվածությունը մեր թերթի հանդեպ:

Մեր հիշողության արխիվն ավելի տարողունակ է, քան թերթում լույս տեսածն անշուշտ, մեր նախկին շենքի սենյակներում շունչն էր պահպանված բոլոր մեծերի, որ գրեթե ամեն շաբաթ, նույնիսկ ամեն օր մեզ էին նվիրում իրենց ներկայությունն ու զրույցը: Լեւոն Հախվերդյանն իր աթոռն ուներ, Հենրիկ Հովհաննիսյաննՙ իր սուրճի գավաթը, Կարպիս Սուրենյանի ձեռքի հպումը դրոշմվել էր մեր աստիճանները «գրկող» մարմարյա բազրիքին, Ալեքսանդր Թոփչյանը լրագրողներիս սենյակից ավելի շատ համակարգչային սենյակում էր լինում, Ֆրունզե Դովլաթյանն անպայման անցնում էր բոլոր սենյակներով, Հրաչյա Մաթեւոսյանը գովում էր մեր «ստացված» տողը, Հովհաննես Գրիգորյանը, գյումրեցուն հատուկ խոսքաշենությամբ, մի հումոր կախում էր նոր տպված նյութից, Երվանդ Ազատյանը օդը հագեցնում էր ֆրանսիական օծանելիքիՙ մեզ դեռ անծանոթ նուրբ բույրերով, Էդվարդ Միրզոյանի կնամեծար վարքը, նրա սուր խոսքը քարացել է լրագրողներիս սենյակում: Նկարիչ Հակոբ Հակոբյանը նկարակալը լքում, գալիս էր խմբագրություն, իր գիրը կամ հերթական հոդվածը վստահում «Ազգ»-ին: Այս մարդկանց բանն ու բառը լցվել էր հին շենքի որմերի մեջ, ու երբ ներս էիր մտնում, անպայման գալիս փարվում էին քեզ, ու դու, որքան էլ գրել չիմանայիր, ուրիշ, անբացատրելի զորություն էիր ստանումՙ գիրդ շարվում էր ինքնըստինքյան:

Փետրվարի 16-ին Կողբացի 20/3 հասցեում, նեղլիկ ու գեղեցիկ սենյակներում երդիկ գտած «Ազգ»ը, շատ փոքր կազմով նշեց 30-ամյակը: Հնեցված կոնյակով օծեցինք մեր կոկորդը, որ դառնությունը կուլ տանք: «Ազգ»-ն այդ օրը տորթ դարձավՙ համեղ հատապտուղներով, նրբահամ կրեմով: Այդպես մենք ենք խոստանում գրելՙ մեր կյանքի թթվաշին խառնելով քաղցրը: Չենք կոտրվելու, չենք ընկրկելու, դիմադրելու ենք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ