RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 23:00:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1363, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆ Է

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հայաստան մտնող մասնավոր փոխանցումները էական ազդեցություն ունեն մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Վերջին 10 տարվա ընթացքում, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, տարեկան արտերկրից իրենց հարազատներին Հայաստան ուղարկվող գումարը կազմում էր միջինը 2 մլրդ դոլար: Դա մեր պետական բյուջեի եկամուտների մոտ երկու երրորդի չափ կազմող գումար է, ինչը փաստում է դրա կարեւորությունը:

Հակառակ ուղղությամբՙ Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարները վերջին 10 տարվա ընթացքում կազմել են միջին տարեկան 700 մլն-1 մլրդ դոլար: Արդյունքում, Հայաստան մտնող եւ Հայաստանից ուղարկվող գումարների տարբերությունըՙ զուտ ներհոսքը, տատանվել է 700 մլն դոլարից մինչեւ 1,5 մլրդ դոլարի սահմաններում:

Սակայն «թավշյա» իշխանության տարիներինՙ 2018-2020-ին, այս գործընթացում եւս բացասական փոփոխություններ տեղի ունեցան: Եթե Հայաստան մտնող գումարների չափը էապես չփոխվեց, ապա կտրուկ փոխվեցին Հայաստանից դուրս եկող գումարի եւ զուտ ներհոսքի չափերը: Դա ըստ էության, գործող իշխանության նկատմամբ բնակչության դրսեւորած անվստահության լավագույն ապացույցն է: Մարդիկ իրենց գումարները հանում են Հայաստանից, վստահ չլինելով դրանց ճակատագրի նկատմամբ:

Վերոնշյալ երեք տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահոսել է ահռելի գումարՙ 3 մլրդ 910 մլն դոլար: Հայաստանից գումարների արտահոսքի նման խայտառակ ցուցանիշ երբեւէ չի արձանագրվել: Բնականաբար, գումարների արտահոսքի առաջանցիկ աճը կտրուկ նվազեցրել է նաեւ Հայաստան մտնող զուտ ներհոսքի չափը: Դարձյալ վերոնշյալ երեք տարիներին զուտ ներոսհքը միասին վերցրած կազմել է 1 մլրդ 675 մլն դոլար: Հասկանալու համար, թե դա ինչ ցուցանիշ է, տեղեկացնենք, որ օրինակՙ մոտ 1,5 մլրդ դոլար զուտ ներհոսք է եղել մեկ տարվում 2013 թ.-ին:

Եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից դուրս եկող գումարներին հավելենք օտարկերկրյա ներդրողների կողմից Հայաստանից դուրս հանվող գումարը, ապա պատկերը պարզապես անմխիթար կդառնա: 2018 թ.-ի երկրորդ եռամսյակից սկսած, օտարերկրյա ներդրումների ծավալները Հայաստան սկսեցին եւ շարունակում են նվազել: Անցած տարվա երրորդ եռամսյակում, ըստ ԿԲ տվյալների, այդ նվազումը դարձավ արտահոսք: Հայաստանից դուրս բերվեց 12,9 մլն դոլար: Չորրորդ եռամսյակի տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց ակնհայտ է, որ եթե մինչ պատերազմյան Հայաստանում նման երեւույթ է արձանագրվում, ապա հետպատերազմյանում ավելի բարվոք ցուցանիշ հնարավոր չէ ակնկալել:

Մի խոսքով, Հայաստանը «կայուն քայլերով» շարժվում է դեպի տնտեսական կոլապս, եւ այդ ճանապարհից խուսափելու միակ տարբերակը երկիրը դրան տարած իշխանությունից ձերբազատվելն է եւ իսկապես հոգատար, խելացի կառավարման նոր իշխանություն հաստատելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ