RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2013-06-01 > #011, 2013-06-15 > #012, 2013-06-29 > #013, 2013-07-13 > #014, 2013-07-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-06-2013



Տեղադրվել է` 2013-06-29 00:57:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 785, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ` ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆԻ

Մ. Բ.

Երեւան, հունիս 26

Երեւանյան մտավորականների մի խումբՙ Երվանդ Տեր-Խաչատրյանի նախաձեռնությամբ իհարկե, հունիսի 26-ին հարգեցին հիշատակը նորոգ հանգուցյալ, բանաստեղծ Աբրահամ Ալիքյանի, որը կյանքի վերջին տարիներին ապրեց Բեյրութի Բուրջ Համուդի ծերանոցում, հեռացավ աշխարհից որպես միայնակ, ինքնաաքսորյալ բանաստեղծՙ այնպես հեզ ու անմռունչ, ինչպես ապրել էր կյանքը, եւ 19 թե 21 մարդ միայն իր հուղարկավորության մասնակիցը եղավ Բուրջ Համուդի Սբ Սարգիս եկեղեցում: Հայ բանաստեղծ, որ ինչպես Սաքո Արեյանը բնութագրեց, աշխարհ էր եկել աղոթելու եւ արարելու համար:

Վերում արդեն Թորոս Թորանյանի հոդվածում ի ցավ սրտի կարդացինք սրտահույզ նկարագրությունըՙ նրա վերջին հրաժեշտի: Հիշատակի երեւանյան այս խոնարհումըՙ բանաստեղծի ապրած, ինչպես ասվում է, ինքնաքսորյալ կյանքի եւ նրա սքանչելի ստեղծագործության արժեւորման, գնահատման նշանակությամբ էր իհարկե: Որքան էլ մենակ, որքան էլ օտար այս աշխարհին, նման անհատների կողքին այնուամենայնիվ միշտ էլ գտնվում է հոգեկից մարդկանց մի խումբ, մի օղակ, մի օազիս, որ կարողանում է, պարտավորվում է շարունակել ու պահպանել մարդկային հազվագյուտ որակներ կրող այս անհատների հիշատակը եւ գործը: Ավ. Իսահակյանի գրադարանի դահլիճում ներկա էր մտավորական հենց այդ խումբը, ովքեր լավ գիտեն հարգը սակավ ընտրյալների:

Աբրահամ Ալիքյանը Հայաստան 1947-ի ներգաղթողներից էր, որին բնականաբար չշրջանցեցին գաղափարական ու կյանքային մղձավանջի սովետական իրականության դառնությունները: Միառժամանակ Հայաստանում ապրելուց հետո նա տեղափոխվեց Մոսկվա, հետո արդենՙ վերադարձավ Բեյրութ: Այստեղՙ Հայաստանում էլ նրան շատ քչերը ճանաչեցին կամ հասկացան: Այդ քչերից էր Երվանդ Տեր-Խաչատրյանը, որ դահլիճին լուռ լսեցնել տվեց Աբրահամ Ալիքյանի տարագիր կյանքի ոդիսականի ու ներքին դժվարին դեգերումների մասին: Ինքը միակն էր, որ այստեղՙ Հայաստանում վերարժեւորեց բանաստեղծի գրականությունը, փորձելով նրա բանաստեղծական ձայնը ճանաչելի դարձնել եւ փաստեց դա «Հանդիպակաց ափեր» եւ «Հեզ իրիկուն» երկու հրաշալի հատորներով, որոնց կազմողը եւ առաջաբանի հեղինակն էր նաեւ: (Տպագրությունըՙ «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո»): «Մեռնող Սփյուռքի, մեռնող արեւմտահայերենի վերջին ձայներից մեկն էր Աբրահամ Ալիքյանը, որ իրիկվա զանգի պես հնչում էր թախծոտ արեւմաղի ու տխուր մայրամուտի մեջ»: Խոսքի այսպիսի տխրամած ափսոսանքի մեջ ընկղմվեց դահլիճը, մեկ անգամ եւս համոզվելով բանախոսի այն ասածների մեջ, որ այսպիսի հոգիները հիրավի դատապարտված են մենակության... Օտարված-օտարական այս կյանքի մանրամասների մասին Վանուշ Շերմազանյանի խոսքը ավելի առարկայական դարձրեց ժամանակաշրջանի ուրվապատկերը:

Անշուշտՙ սփյուռքից այդ օրը, խոնարհումի այդ երեկոյին պետք է ներկա լիներ հենց Գրիգոր Պըլտյանը, ֆրանսահայ գրողը, գրականագետը, մտածողը, որ արեւմտահայերեն լեզվի զարմանալի, մոռացված նորանոր շերտեր է շարունակում իր գրականություն ներբերել, դրանով իսկ պահպանելով այն օտարության մեջ, տարիներ շարունակ: Իր կարծիքով Աբրահամ Ալիքյանը շարունակելով արեւմտահայ գրականության ավանդույթները, զուտ կրկնողը չեղավ, այլ նորոգողըՙ այդ ավանդույթների: Սփյուռքահայ մի սերնդի համար, ինչպես Սաքո Արեյանը նկատեց, Ալիքյանի բանաստեղծության լեզուն եղել է այդ դպրոցը, որտեղ տրվել է հայ մարդու համար ամենաթանկ զգացումըՙ հայերեն լեզվի պաշտամունքը:

Խոնարհումի թախծոտ մթնոլորտը իջել էր դահլիճին. ամենքը դա զգում էին եւ դա ավելի մերձ էր դարձնում Կամո Տեր-Պետրոսյանի ասմունքըՙ Ա. Ալիքյանիՙ արեմւտահայերեն եւ արեւելահայերեն բանաստեղծությունների հնչեցումով, ու մերթ մերձեցնում, մերթ հեռացնում էր բանաստեղծի ոգին: Տպավորության ազդեցիկությունը, կարծում եմ, ավելի խորացրեց Էդգար Ալան Պոյի «Ագռավը» ստեղծագործության ընթերցումըՙ Ալիքյանի հրաշալի թարգմանությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ