ՊՈԵԶԻԱ ՄԱՍՐԵՆԻՆ Միանգամի'ց տրուեց ծաղկումը մասրենուն, Միանգամի'ց թռան նրան հազար բզէզ, Յօրինելով մի խուլ, անդուլ երգեհոնում, Ուր չէր փորձում լռութեան թեւն իսկ պպըզել։ Հիմա թփուտն յիշողութեան որպէս վարկած Մերթ մի վարդ է վառում, ինչպէս հանգած քուրան, Ուր տաք մոխրում մի բոցիկ է կայծում յանկարծ, Եւ մի բզէզ կարծես ծխիկ լինի վրան։ ՀԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ Լուսամուտին մօտեցաւ կինն հանդարտիկ, Մատնահարում լսեց կարծես ապակուն։ Մի եկքանի՞կ էր երգում, թէ՞ խածկտիկ, Ջաղբից յետոյ վերսթափուող թաց այգում։ Զմայլուն էր յասմիկենին, բայցՙ խռիւ, Պատուհանի տակ, ուր ստուերն էր բուրեան։ Քսքսում էր փեղկին հովիկը մի շիւ Միակ ծաղկով, սուտակ զատիկը վրան։ Կինն ափերով կրծքերն յուշիկ առաւ վեր, Սեղմեց իրար, ինչպէս ճիւղին զոյգ կոնգոմ, Եւ ծառի պէս սթափ, գինով, անձնուէրՙ Հրեց փեղկերն։ Այգին նրան բուխ կամքով Ընծայ բերեց խոստումնալից երեկոն... ԴԱՄԱՍԿԵԱՆ ՎԱՐԴ Ա. Վա'րդ, որ բացւում ես մեղմագին պտըտուելով, Ինչպէս բուստէ խեցի, Վա'րդ, աստեղի լոյս հաճութեա՞մբ ես դեռ գինով, Փարմա՞մբ այգաբացի։ Ճապկըտում ես, ինչպէս մանուկն օրօրոցում, Որ չի զարթնել լման, Վա'րդ, ի՞նչ ձայն է աստուածօրէն ձեզ ծանուցում, Թէ ժա՞մն է կոկոնման։ Ի՞նչ ձեռք է, որ համանման բիւր վարդերից Ընտրեց լոկ քեզ, լոկ քե'զ Եւ յաւերժում բաժին հանեց քո ներկան ինձ, Իմըՙ քե'զ յատկապէս։ Իսկ այդ ներկան, վա'րդ, ասա', վա'րդՙ քո՜յր այցելուս, Քո փո՞յթն է գէթ սակաւ. Այս հայեացքից մի դող, երգից այս դոյզն լոյս Շափրակներովդ անցա՞ւ։ Ա. Վա'րդ, վարդութեան այս ի՜նչ հանդէս, Հիր հրայրքի ի՜նչ հեստ ցասում, Որ գիշատչին իսկ ձեռնասուն Կը դարձընէր, վա'րդ, դու գիտե'ս։ Շափրակներիդ շլացքն ի վեր Կարմրաշառայլ ի՜նչ բռնկում. Օ՜, վա'րդ, ի՜նչ հաշտ են բոյր խնկում Քո մէջ տարփանք ու խպնոտ սէր։ Վարսանդներիդ մէջ աղարծի Բեղմնաւորման ի՜նչ արտորանք. Կարծես կոյսեր լինեն նրանք Սպասման մէջ մի դիպուածի։ Օ՜, մի թիթե'ռ ահա վրադՙ Անհուն վայրկեան վայրկեանի դէմ։ Այդ ի՞նչ դող էր, որ մէկէն, վա'րդ, Պոկելու պէս քեզ գունատեց։ Մէկ թիթեռի այցի սիրո՞յն, Այդ մէկ դողի համա՞ր էր լոկ, Որ բովանդակ մի վարդութիւն Բուրեցիր, քեզ աւարելով։ Էլ կը թօշնե՞ս, եւ թօշնանքով Չե՞ն զարթնի մէջըդ զղջումներ... - Ահ, քեզ ինձնից ոչի'նչ պէտք չէր, Վա'րդ, ո'չ հիացք, ո'չ սէր, ո'չ գովք։ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ Բայց ժամանակը չէ՞ արդեօք գրելու Ամէն հաւքի աչքերի մէջ, անխտի'ր, Քարայծների եղջիւրներին նորելուկ, Շնչի վրայ ամէն ծաղկի ու խոտի։ Թեփուկներին, խորխերին օձ ու ձկան, Փոշու վրայ թիթեռների թեւերի, Բողկուկներին բզէզների եւ անգամ Բորենու գարշ քիմքի վրայ երեւի։ Զի մամոնտով սպառնալով բոլորին, Կարմիր գիրքն է ստուարանում օրն օրին, Հին, բազմախորշ դամբարանները ինչպէս։ Ա'հ, մի՞թէ, Տէր, մի օր կ՛ասենք մենք, ի տես Քո մերկ երկրին ու երկնքիդ գեղեցիկ, Թէ լոկ երիցս հնչել է «եղիցի»-դ։ Բայց ինչպէ՞ս է տեւել մարդըՙ լոյսիդ պէ՞ս։ *** Սէ'ր, իմՙ հրաշք, դարիւ-դարիւ Գետակներ են բոլոր տարին վազում Սեւան։ Օ՜, ինչպէ՜ս են իրեն հունին հաւատարիմ Ջրերն այս հինՙ ճիշդ ի'նձ նման, ճիշդ քե'զ նման։ Սակայն մի՞թէ մտացածին Ցնորքներ են ու տրոփներ սովորութեան Վերադարձներն իմ քեզ, շուրջըդ, միշտ քո անձին։ Գետ ու լճի արդեօք դաշի՞նքը լռելեայն։ «Գրքային են արդէն հիմա Սէրն ու բոլոր սիրոյ երգերն, ինչպէս Սաֆոն։ Կատարւում է մի սոսկալի Հիրոսիմա Հոգիներում, ուր սէրն հիւանդ է սարսափով...»։ Դու լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես դու։ Ձա՞յնն է դարի, թէ՞ ճչիւնը մի ռոբոտի։ Գուցե իրօք դեռ մեզ, ինչպէս մի համեստ տուն, Օրօրում եմ հովուերգական հով ու բարդի։ Գուցէ իրօք մե'նք էլ, մե'նք էլ Հոգոցներ ենք մի վաղեմի գրքից թռած, Որ դիպուածի շունչն է անշուշտ փոշեզրկել, Ինչպէս անյուշ դամբարանում պեղուած դրամ։ Սակայն ի՜նչ փոյթ։ Թո'ղ, որ հեռուից Հաւաքեմ քո դէմքից ստուերը կարօտի, Ցանեմ շուրջըդ ժպիտ ու շող, որ քեզ ներուի Ամէ'ն քմայքՙ ամէն հմայք օտարոտի։ Թո'ղ, որ այս հին, հ՜ին քերթուածով Աղօթեմ ես մէգ ու մութի մէջ անփարատ, Որ չտեսնեն խանդաղատանքըս բրածոյ, Որ չտեսնես, թէ ինչպէ՜ս եմ դողում վրադ... ՀԱՅ ԼԵԶՈՒ Շնորհակա՜լ եմ, լեզո'ւս, որ բերանիս մէջ մանկուց Ամրան պաղուկ տանձի պէս քե'զ դրեց բախտը բաշխիչ. Շնորհակա՜լ եմ, լեզո'ւս, որ քեզնով են կուց առ կուց Ուսուցիչներս ծերուկ մատուցել խինդ ու թախիծ։ Շնորհակա՜լ եմ ամէն վանկիդ համար ու յանգիդ, Իւրաքանչիւր հնչիւնիդ ու թրթռումի'դ իսկ համար, Ուր կայ բազում աճնացած ձեռքերի դողն անհանգիստ, Երբ տուփի պէս շնորհի մեկնում էին մէն մի բառ։ Շնորհակա՜լ եմ ամէն գրքից գրիչ նուաստի, Որ քեզ բերեց ու քեզնովՙ մրրիկի համ, աղի խանձ, Ինչպէս շիշն այն ամրափակ, ուր արկածեալ նաւաստին Իր կտակն է խցանում, յանձնում ծովին ու մարդկանց։ Շնորհակա՜լ եմ, լեզո'ւս, բոլոր, բոլո'ր նրանցից, Ով մի բերան սիւք փչեց կաղամախիդ գեղուղէշ, Ով մի ընձիւղ խնամեց, ով նեցուկեց գէթ մի ցից, Ով ուխտ կապեց, հովացաւ եւ օրհնանքն իր քեզ ուղղեց։ Շնորհակա՜լ եմ, լեզո'ւս... Վրադ փչած մէն մի սիւք Փոշեհատերն է վանել իմ ապագայ սաղարթի, Իմ հանքի մէջ է հնչել բահի ամէն սկրթուք. Եւ ծնունդիս սատարել ամէն օրհնանք ու զարթիք: Դու փայլել ես, որ ես ի'նձ խորաչափեմ աննկուն, Չանտեսելով յատակիս թափանցիկ խիճը անգամ, Դու հնձել ես, ամբարել, լցրել մարագ ու նկուղ, Որ ես օտար խոզանի հասկաքաղին չմնամ։ Ու այնքան լայն ես կտրել, կարել, սփռել ծիրանիդ, Որ նեղ, վտիտ ուսերիդ եդեմօրէն սահելով, Ցուցադրում ես արեւին մերկութիւններ իրանի, Որ ծածկւում եմ շտապ թզենու նուրբ տերեւով... Արա' այնպէս, հա'յ լեզու, որ կակաչի արտի պէս Քե'զ զգենայ ամէն հայ կիրա՜կնօրէն վայելուչ, Արա' այնպէս, որ ե'ս էլ մինչեւ վերջին, հո՜ւսկ րոպէս Գէթ քղանցքըդ ունենամ աչքիս, շուրթի'ս տանելու։ ՀԵՌԱՑՈՒՄՆԵՐ Հեռանում են ամէն օր, հեռանում են ամէնուր, Հեռանում են մի առ մի, հեռանում են շար ի շար, Հեռանում են աննշմար, թէեւ լեռ են ու բլուր, Հեռանում են անմռունչ, կարծես լիճ չեն, գետաշխարհ։ Հեռանում են աշխարհից աւելի հեշտ ու յօժար, Քան իրենց տուն ու ծխից պոկուել էին սրերով, Հեռանում են կամակոր, դժուար, դանդաղ որպէս դար, Իրենց յոյսից հողն իրենց անյոյս թողնել չուզելով։ Թէեւ աչքերը նրանց այլուրներում են շաղւում, Բայց նո'յն երկրում են նրանք մարում մոմերը հսկիչ. Ի՜նչ փոյթ, թէ ո'ւր է կորչում ճառագայթի պէս մեղունՙ Նա միեւնոյն փեթակում մթագնում է մի բջիջ։ Հեռանում է սասունցին, եւ կոպերի հետ նրա Մի նոր ստուեր է իջնում բարձրիկ սարին Մարաթուկ, Աղօտանում են Դաւթայ աղբիւրները սառնորակ, Վառօդի ծուխն է քամին Անդոքի շուրջ փարատում։ Հեռանում է մշեցին, եւ թուլացող, հոգեվարք Զարկերակի հետ նրա Մեղրագետից մի ալիք, Որ հայդուկի վէրք սրբել, ցոլացրել էր զէնք ու վարգ, Ցամաքում է, չհասած Արածանուն, ձնհալին։ Մահանում է վանեցին իր երկրային դրախտի Սիփանախտից, ծովախտից ու վարակից Վարագայ, Եւ այդ պահին Աւանցում մի նորեկ թո'ւրք նաւաստի, Ժպտում է, գոհ իր բախտից, բացում երկթեւ առագաստ։ Հեռանում են բազմանուն կիլիկեցին, ակնեցին, Ձեռնուրագի պէս ճարտար ու քերթութեան պէս խոկուն. Խլանում են գոռ վայրեր, զնգուն, ինչպէս սուր կացին, Ու թօշնում է մի նշի հայրէնների պուրակում... Հեռանում են ամէն օր, հեռանում են ամէնուր, Հեռանում են մի առ մի, հեռանում են շար ի շար, Եւ մի երկիր, որ երբե'ք յուշանալ չի կամենում, Պարպուելով աչքերից, հոսում է ողջ սի՜րտն ի վար։ |