RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2013-06-01 > #011, 2013-06-15 > #012, 2013-06-29 > #013, 2013-07-13 > #014, 2013-07-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-06-2013



Ափսոսանք

Տեղադրվել է` 2013-06-29 00:57:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 739, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՄԱՐԴԸՙ ՄԻԱՅՆԱԿ, ԱՆԿՐԿՆԵԼԻ ...

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ

Ցավով եւ խոր ափսոսանքով լսեցի Աբրահամ Ալիքյանի մահվան լուրը, մի բանաստեղծի, որն իր մեջ միացնում էր մեր բանաստեղծության դասական եւ նոր ժամանակները, ստեղծում յուրօրինակ մի կամուրջ վաղուց արդեն մեր կորած անցյալի եւ անվերջ փնտրվող, բայց երբեք չգտնվող ներկայի միջեւ, մի մարդու, որն անցավ XX դարի ազգային (եւ համամարդկային) սարսափների, տառապանքների եւ աբսուրդի միջով, ապրեց աշխարհի տարբեր վայրերում (Լիբանան, Հայաստան, Մոսկվա), ամեն տեղ մնալով օտար ու անհաղորդ, չհամակերպվելով սեփական ճակատագրի եւ իրեն պարտադրված իրականության հետ:

1947 թվականին նա հայրենադարձվեց Լիբանանից, բայց ստալինյան հրեշավոր մագիլների մեջ հայտնված Սովետական Հայաստանը չէր կարող նրա համար իրական հայրենիք դառնալ, առավելեւսՙ նրա համար չէր կարող հայրենիք դառնալ Մոսկվան, որտեղ նա ապրեց մի քանի տասնամյակ, իսկ Լիբանանը, ուր նա վերադարձավ իր կյանքի վերջին շրջանում, արդեն ինչ-որ չափով մոռացել էր նրան, լավ չէր ճանաչում իր նախկին «երիտասարդ բանաստեղծին»ՙ նրա հանդեպ մնալով սառն ու անտարբեր: Այսպիսին էր Աբրահամ Ալիքյանի կյանքի ուղին, որը համենայն դեպս շատ չէր տարբերվում իր սերնդակից, օժտված եւ ազնվասիրտ սփյուռքահայ այն բազմաթիվ բանաստեղծներից, արվեստագետներից եւ մտավորականներից, որոնց ճակատագրի ձեռքը ցրեց աշխարհի տարբեր մասերում, ինչպես բանաստեղծը կասերՙ «ամեն տեղ օտար ու անխնդում»:

Միակ վայրը, ուր նա կարող էր գտնել ինքն իրեն, իր «հայրենիքը», իր կյանքի ներքին իմաստն ու բովանդակությունը, իր տեղն ու նպատակը, բանաստեղծությունն էրՙ բառերի, ռիթմերի, պատկերների եւ իմաստների «մտավոր աշխարհը», որը կարող է փոխարինել կեղծ եւ անհաստատ իրականությանը, հաճախ լինելով ավելի իրականՙ քան բուն իրականությունը: Դա մի աշխարհ է, որը երբեք չի դավաճանում մարդուն, պայմանովՙ որ մարդը ինքը չդավաճանի նրան: Աբրահամ Ալիքյանը չդավաճանեց նրան, նրա հոգեւոր ներքին զարգացումը, կենսափորձը եւ գիտելիքների հսկա աշխարհը (համաշխարհային գրականության լավագույն գիտակներից մեկը, որին երբեւէ ես հանդիպել եմ) հուշում էին նրան, որ դավաճանելով բանաստեղծությանը, այլեւս չի լինի ինչ-որ մի բան, որին կարելի է դավաճանել. այսպես ասածՙ դա սահմանն է, մարդու ներքին ազատության վերջնագիծը (եթե նման վերջնագիծ գոյություն ունի):

Նրա բանաստեղծությունն իր մեջ կրում է աշխարհ նետված մարդու ճակատագիրը, նույնիսկ լեզվական նախահիմքերն ու շառավիղները կորցրած, օտար ու վտարանդի հոգու խորհրդանիշներն ու պատկերները: Մի կողմիցՙ Մեծարենցի սրբազան սիմվոլիզմը , մյուս կողմից Վարուժանի ռոմանտիկ նեոկլասիցիզմը , մի կողմիցՙ դասական բանաստեղծության հոգեկան վեհությունը , մյուս կողմիցՙ ժամանակակից աշխարհի դաժան ու անմարդկային դեմքը, մի կողմիցՙ հոգու ազատության երազը, մյուս կողմիցՙ ճակատագրի վերանհատական դատավճիռը, մի կողմիցՙ բառերի սերն ու մտերմությունը, մյուս կողմիցՙ լեզվի օտարումը: Այս բոլորը (իհարկեՙ ոչ բոլորը) կազմում են Աբրահամ Ալիքյանի բանաստեղծական աշխարհի ներքին կառուցվածքը, նրա բանաստեղծական էությունը, որի գլխավոր հատկանիշը թերեւս բարձր կուլտուրայի եւ մարդու անհատական-բնական ձայնի ներդաշնակությունն էր, նրանց անբաժանելի համաձուլվածքը, այն, ինչը նա թողնում է Աշխարհին:

Հասկանալի է, ինչը մնում էՙ մնում է, դա ինքը արվեստն է, ստեղծագործությունը, ժամանակի հոսքից դուրս բերված արժեքը, որն արդեն պատկանում է բոլորին (ովքեր դա ցանկանում են), բայց խնդիրն այն է, որ գնում է մարդը , նաՙ ով անկրկնելի է, եզակի, միայնակ, որին ոչ ոք չի կարող փոխարինել, որի տեղը ոչնչով չի կարելի լցնել, այնՙ ինչը այժմ ինձ ցավ ու ափսոսանք է պատճառում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ