RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1468, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՍԵՎԱԿ ՇԱՀԻՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԹՈՒՐՔ ՀՐՈՍԱԿԻՆ

Հ. Չ.

Սկսել է հալածել Սամաթիայի հայությանը

Ապրիլի 24-ին կլրանա ժամկետային զինծառայող Սեւակ Շահինի սպանության 2-րդ տարին: Հիշեցման կարգով նշենք, որ նա ծառայում էր Բաթմանի զորամասում, ծառայությունն ավարտելուց 23 օր առաջ շարքային Քըվանչ Աղաօղլուի արձակած կրակոցով ծանր վիրավորվել, ապա մահացել էր հոսպիտալում:

Չնայած փորձագիտական եզրակացությունների եւ ականատեսների վկայությունների առկայությանը, Սեւակ Շահինի սպանությունը ձեւակերպվեց իբրեւ պատահական կրակոցի հետեւանք, եւ դատարանը նույնիսկ հրաժարվեց կալանքը որպես խափանման միջոց կիրառել մարդասպանի նկատմամբ:

Օրերս «Թարաֆ» թերթը հարցազրույց է վարել հանգուցյալի մորՙ տիկին Անիի եւ հորՙ պրն Կարապետի հետ, որը հունվարի 22-ի համարում արտատպել է timeturk.com կայքէջը:

Որդու սպանությունը ողբերգություն է յուրաքանչյուր ծնողի համար: Դա ավելի քան ծանր բնույթ է ստանում, երբ դիտավորյալ սպանությունը ձեւակերպվում է որպես դժբախտ պատահար, որ մարդասպանը ազատության մեջ վայելի կյանքի հաճույքները: Ելնելով այս հանգամանքիցՙ ավելորդ ենք համարում հարցազրույցի մանրամասներին անդրադառնալը: Պարզապես նշենք «Ինչո՞ւ Սեւակ Շահինին ընտրեցին» հարցին պրն Կարապետի պատասխանը. «Այդ օրը ապրիլի 24-ն էր, նաեւ Սուրբ Զատիկի տոնը: Մի հայ պետք է սպանվեր: Դրանում համոզված եմ: Սպանվեց իմ որդին: Կարող էր սպանության զոհ դառնալ մեկ ուրիշ հայ: Ըստ երեւույթին հետեւյալ հրամանն են արձակել. «Այսօր սպանելու եք մի հայի»: Սեւակն այդ առումով հարմար թիրախ էր»:

Երկրորդ հարցը, որն ուզում ենք նշել, հետեւյալն է. «Վերջին շրջանում ակտիվացել են հարձակումները Սամաթիայի հայերի դեմ: Դա ձեզ չի՞ կաշկանդում»: Հարցին տկն Անին պատասխանել է. «Իհարկե կաշկանդում է: Զգում ենք ազգայնամոլության վերակենդանացումը: Մեզ ասում էին. «Կամ սիրիր, կամ էլ լքիր»: Սիրեցինք, բայց սպանվում ենք: Անհանգստացած ենք հատկապես մեր երիտասարդների համար: Ի՞նչ նպատակով են առեւանգել տարեց կնոջը Սամաթիայում կամ առեւանգման փորձ ինչո՞ւ կատարել մի ուրիշի նկատմամբ: Առաջ սպանության, առեւանգման, վնասվածք պատճառելու դեպքեր տեղի չէին ունենում, պարզապես «գյավուր» էին ասում, հետո ասողների հետ մենք ընկերանում էինք»:

Այսինքն խնդիրը սոսկ Սեւակ Շահինի հենց ապրիլի 24-ին իրականացված սպանությունը չէ, ոչ էլ մարդասպանի նկատմամբ ցուցաբերված անսահմանափակ հանդուրժողականությունը, այլեւ պոլսահայության պատանդի կարգավիճակն ու համայնքի գլխին կախված թուրքական վտանգը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ