RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3371, Տպվել է` 135, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԲԵՅՐՈՒԹԻ «ԿԱՄԱՐ» ՀԱՆԴԵՍԻ ԹԻՎ 16-Ը

Մ. Բ.

Բեյրութում լույս տեսնող «Կամար» գրական-գեղարվեստական պարբերաթերթը 2012-ի հերթական համարն է ներկայացնում ընթերցողական լսարանին: «Կամարը» շարունակում է ապահովել տպագրության բարձր որակըՙ գեղարվեստական ձեւավորման իր ուրույն մոտեցումով, յուրաքանչյուր նյութին համապատասխանորեն նկարչական գործի որեւէ իլյուստրացիայով: Այս համարի գեղանկարչական ներկայությունը նույնպես բազմազան ու գրավիչ է: Պարբերաթերթի հրատարակությունը շարունակվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության օժանդակությամբ, տնօրեն Մարտին Եսայանի հովանավորությամբ:

Ինչպես միշտ, այս համարի էջերի զգալի հատվածը տրամադրված է գեղարվեստական գրականությանըՙ հայ, նաեւ միջազգային գրողների մի շարք գործերին. չափածո ստեղծագործությունները հիմնականում սփյուռքի մեր բանաստեղծների գրչին են պատկանումՙ Խաչիկ Տետեյան, Հարություն Նագուլյան, Ավիկ Դերենց, նաեւ Հրանտ Ալեքսանյան, Գառնիկ Գալստյան:

Բանաստեղծական զգայական պատկերների թափանցիկությամբ, անցյալի հիշողությունների եւ բանաստեղծի հայացքի ներկա իրատեսության քարտեզներինՙ մարդկային քաղաքակրթության տագնապները ավելի խորը ապրումների առիթ են տալիս, եւ Հայաստանն ու հայությունը հոգու խաղաղության անկյուն են դառնում: Հոգեվիճակներն ու գաղտնի ներաշխարհները ծնվում են զգացումների «բաց տափաստաններից»: Հարություն Նագուլյանի «Այս իմ տունն է» խորագրով չափածո գործը հոգու վավերագրություն է անցյալի ու այսօրվա, որտեղ զգացմունքներն աղոթքի են նմանվում, որովհետեւ ապրում է իր երկրի վանքերի սրբություններով, տագնապում մոլորակի մարդկության հավանական ու անհավանական ցնորքներից ու ցանկություններից: /Շատ շատ երեւոյթներ քաղաքակրթութեան/ Ճամբուն վրայ չեն/ Լուսանցքէն դուրս են/ Երեւոյթներն ու գաղափարները/ Շատ վախնալիք են/ Այս իմ տունն է/ Կը վերածուի պալատի/ Կը յայտնուիմ ուրախութեան լուսանցքին/ Սիրտս/ Խելքս/ Միտքս/ Հոգիս/ Ու աչքերս կը բացուին:

Արձակ էջերով հանդես են եկել Անդրանիկ Սարյանը («Նուրանգիզ»), Հակոբ Պալյանը («Օննօ»), Սարգիս Կիրակոսյանը («Միալար մակընթացութիւն»), Խաչիկ Խաչերը («Կռիւ յանուն ոչնչի՞»), Զոհրապ Գիրեջյանը («Դարավերջի տղաքը»), Թամար Հովհաննիսյանը («Ծառի պատգամը»): Այս վերջինը գողտրիկ մի էջ էՙ բնության շնչառությանը, ծառի ձայնին ու ցավին ունկնդիր, նրա խորհրդին անսացողի ներբող, ծառի պես մերթ ճաք տվող սեփական ծանրությունից, մեկ ծաղկողՙ նոր ու դալար ճյուղի պես:

Հանդեսի հաջորդՙ «Միջազգային գրականություն» բաժինը ներկայացնում է համաշխարհային գրականության երկու ընտրանի. XIX դարի ֆրանսիացի իմաստասեր Էռնեստ Ռընանի «Աղօթք Ակրոպոլիսի բարձունքներում» գործըՙ Պարգեւ Շահբազյանի եւ ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի «Արքան կը մահանայ» պիեսըՙ Գասպար Տերտերյանի թարգմանությամբ:

«Գրականագիտական» բաժնում տեղ է գտել Դանիել Վարուժանի բանաստեղծության մեկնաբանությունը հոգեւոր ենթատեքստային խոր թափանցումներով եւ հետաքրքրական զուգահեռներով քրիստոնեական եւ Հեռավոր Արեւելքի կրոնամիստիկական (հնդկական) ուսմունքների հետ («Դանիէլ Վարուժանը յաւերժութեան սեմին»): Բախտիար Հովակիմյանը ներկայացնում է «Գրիգոր Զօհրապը եւ Վարդգէսը Հռիփսիմէ Սերենգյուլյանի նամակներում» հրապարակումը:

«Կամարը» հատկապես ուշադիր է գեղանկարչական արվեստի հանդեպ եւ իր էջերը պարբերաբար տրամադրում է թերեւս ավելի քիչ հայտնի հայ եւ օտար նկարիչների կյանքի եւ ստեղծագործության ներկայացմանը: Այս համարում այդպիսի անուն է անցյալ դարի 30-40-ականներին ստեղծագործած ռուս նկարիչ Պավել Ֆիլոնովը, որին ինչպես հոդվածագիրըՙ Վարուժան Գարաօղլանյանն է գրում. «30-ականների Սովետ Միութեան ղեկավարները «ոչ մարդ» համարած են իր հակաընկերվարական եւ այլախոհական կեցվածքի համար»: Ֆիլոնովը մահացել է գերմանական նացիստների կողմից Լենինգրադի բլոկադայի օրերին, հարյուր-հազարավոր մարդկանց պես սովամահ է եղել: Նկարչի ստեղծագործության ռեաբիլիտացիան կայացավ գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին, 1988-ին Լենինգրադի պետական թանգարանի կողմից կազմակերպած ցուցահանդեսով, այդ գործերը ավելի ուշ ցուցադրվեցին Փարիզում եւ Դյուսելդորֆում:

«Պատմագիտական-վաւերագրական արժեքաւոր հրատարակութիւններ» խորագրով Պարույր Աղբաշյանի անդրադարձը վերաբերում է Զավեն Մսըրլյանի «Հայոց ցեղասպանութենէն առաջ եւ ետք» (1965-2009-ին մամուլում լույս տեսած հեղինակի ուսումնասիրությունների ժողովածուն) եւ նույն հեղինակի «Հայկական հարցի հոլովոյթըՙ 1939-2010» գրքերին, որտեղ հեղինակը Հայկական հարցը քննում եւ վերլուծում է միջազգային իրադարձությունների ընդհանուր համատեքստում:

Պեպո Սիմոնյանի «Գիրքերու մտերմութեան մէջ» գրախոսությունը վերաբերում է սփյուռքի երեք հեղինակների վերջին հրատարակություններինՙ Ժակ Ս. Հակոբյան «Յաւերժորէն քոյդ», Հակոբ Պալյան «Ամերիկա, Ամերիկա... Երազ եւ խորտակման լքումներ», Արմեն Դարյան «Մատեան բանաւոր խօսքի»: Հանդեսի էջերը փակվում են անցյալ տարի Մ. Նահանգներում մահկանացուն կնքած բանաստեղծ Զարեհ Մելքոնյանի հիշատակի գրությամբ:

Հանդեսի բովանդակության այս ընդհանուր ներկայացումից զատ հարկ ենք համարում անդրադառնալ «Կամարի» այս համարի խմբագրականինՙ «Ինչու եւ որոնց համար են գրական համաժողովները» խորագրով, որտեղ Ժիրայր Դանիելյանը իր վերաբերմունքն է արտահայտում 2002-ից երկու տարին մեկ Հայաստանի գրողների միության կազմակերպությամբ կայացող Հայաստան-Սփյուռք համաժողովներին, մասնավորապես անցած տարի ապրիլին Երեւանում տեղի ունեցածին, որի կազմակերպչական, նաեւ բովանդակային մակարդակները բավականին անմխիթար են եղել եւ որի մասին դեռ Երեւանում այն ժամանակ արտահայտվեցին սփյուռքահայ մասնակիցներից շատերը: Ահավասիկ մի շարք նկատառումներ հիշյալ խմբագրականից. համաժողովին սփյուռքահայ 60 գրողի ներկայությունը եւ հայաստանցի գորղների «զանգվածային բացակայությունը» նիստերին եւ տարբեր ձեռնարկներին, ընդհուպ ապրիլի 24-ի Ծիծեռնակաբերդ բարձրանալը: Ճնշիչ է եղել անվանի սփյուռքահայ գրողների բացակայությամբ մի քանի անանունների ներկայությունը:

Համաժողովի անբավարար ընթացքի տպավորությամբ հիշյալ խմբագրականում նշվում է մի շարք թերություններ. ինչպեսՙ մի ամբողջ նիստի հատկացվելը 2 գրքի շնորհանդեսին կամ զեկուցումների զուտ տեղեկատվական բնույթը, գիտական, առարկայական քննարկումների, առաջարկների բացակայությունը, «կազմակերպչական տարրական ծրագրաւորումն անգամ կը փայլէր իր բացակայութեամբ»:

«Ուրեմն դրական ոչի՞նչ կար» հարց է տալիս խմբագիրը եւ ինքն էլ պատասխանում. «Անշուշտ որ կար: Խումբ մը սփիւռքահայ գրողներ դարձան լիարժէք անդամ Հայաստանի գրողներու միութեան: Ինչպէ՛ս սփյուռքահայը այլեւս կրնայ դառնալ Հայաստանի քաղաքացի: Արդօք կ՚արժէ՞ շարունակել այս համաժողովները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ