ԳՅՈՒՄՐԻՆ` ԱՊՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ Գ. Մ. Անցած դեկտեմբերի 5-ին Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Ավելի ստույգ` մայրաքաղաքներից մեկը: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» ամենամյա միջպետական ծրագիրը գործում է 2010 թվականից, ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի եւ նույն համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս տարի Գյումրուց բացի մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել նաեւ Բելառուսի Մոգիլյով ու Ադրբեջանի Գաբալա քաղաքները: Ինչպես երկու իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մշակութային մայրաքաղաքի նախատեսվող միջոցառումների` տեղում քննարկված նախագիծն արդեն ուղարկվել է ՀՀ մշակույթի նախարարություն: Առաջարկվող միջոցառումների փաթեթը ուսումնասիրությունից հետո ներկայացվելու է ԱՊՀ համապատասխան գործադիր մարմնին: Գյումրուն ծանոթանալու նպատակով այս օրերին նաեւ քաղաք է ժամանելու համագործակցության երկրների արվեստագետների խումբը: Միջպետական այս ծրագրով, որը մեկնարկելու է մոտավորապես մայիսի վերջին եւ շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում, նախատեսվում է իրականացնել մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտները ներառող ավելի քան հինգ տասնյակ միջոցառումներ` փառատոներ, ցուցադրություններ, ներկայացումներ, հյուրախաղեր, գիտաժողովներ, մրցույթներ, ճանաչողական միջոցառումներ եւ այլն: Հրատարակվելու են գրքեր, գրքույկներ ու քարտեզներ, մշակութային Գյումրին ներկայանալու է նաեւ հանրապետության մարզերում: Սա որքան պատվավոր, նույնքան ծանր ու ծախսատար աշխատանք է լինելու, որին հարկ կլինի համակողմանիորեն նախապատրաստվել, պատրաստել նաեւ քաղաքի ենթակառուցվածքները: Ծրագիրն իրականացվելու է համաֆինանսավորմամբ` ԱՊՀ երկրների գործադիր մարմնի եւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից, որոշ ներդրում է անելու նաեւ Գյումրու քաղաքապետարանը: Ակնկալվում է, որ սրանով լավ հնարավորություն կստեղծվի քաղաքում մշակութային կյանքն ակտիվացնելու, տարբեր այլ ծրագրեր իրականացնելու համար: |