RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2581, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐԸ

ԱՐՏԵՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նախագահական ընտրություններին հետեւող քաղաքացին հարցնում է ընկերոջը. «Էս երկու օրվա քարոզարշավից ի՞նչ հասկացար»: «Ի՞նչ քարոզարշավ», զարմանում է երկրորդը: Ու առաջինն սկսում է պատմել` ջանալով քաղաքականապես հասուն դարձնել ընկերոջը: Բայց իր համար էլ աննկատ` նա ոչ թե քարոզարշավն է պատմում, այլ քարոզարշավի այս օրերի կուրյոզները.

«Պետությանը 600 հազար դոլար եկամտահարկ մուծողին բա «Մալբոռոյի» փող չունենալու մասին են հիշեցնո՞ւմ», ջղայնացել էր Հրանտ Բագրատյանն էն էպոսագետի վրա, որն անուն էր կպցրել Բագրատյանին: Էպոսում էլ թարսի պես թութուն-մութունի մասին բան չկա` մեր էպոսի գործողությունների ժամանակ Կոլումբոսը թութունը դեռ ամերիկաներից չէր բերել: Էդ էպոսագետն էլ, մեր մեջ ասած,«Մառլբոռոյից» ի՞նչ է հասկանում, կամ էլ կոնյակից ի՞նչ է հասկանում, որ խոսում է: Էպոսում կոնյակի մասին էլ կարծես բան չկա, որ նախկին վարչապետի` 5000 շիշ կոնյակի մեծ մասը խմելու վերաբերյալ մի կարգին միտք հնչեցներ: Դե, Բագրատյանն էլ էս էպոսագետին, թե` «Կուզեմ ցիստեռնով կոնյակ կխմեմ, կուզեմ փոքրիկ կոլեկցիոն շշերով, դու էս ո՞ւմ խաղերն ես խաղում»:

Նախագահի թեկնածուներն ընդհանրապես առավոտից իրիկուն միմյանց են սեւացնում: Սեւերն ավելի են սեւանում, սպիտակներն իրենց գույնով հասնում են սեւերին, բայց լավ է, ոչ մեկը նեգր դեռ չի դարձել: Սովոր ենք սեւանալու ու սեւացնելու` հայերից ի՞նչ նեգր:

«Հացադուլ, միայն հացադուլ»` Պանիկովսկու նման կրկնում է մեկը: «Միգուցե` միայն համատեղ հացադո՞ւլ` անձնական որոշմամբ, թե՞ պատվեր կատարելով, կապ չունի», կտրում է մյուսը: Դե, այստեղ կարեւորը համատեղն է, համատեղ թեկնածու առաջադրելը չստացվեց, դե գոնե համատեղ հացադուլը ստացվի` քարոզարշավի ծրագրային դրույթ է էն Անդրիաս անունով թեկնածուի մոտ, դեռ ուզում են մյուս թեկնածուներից էլ միանան: Հա, Րաֆֆին մազերը չէր կտրել, քարոզարշավի շրջանակում հասցրեց կտրել, էդ քյար մնաց, դեռ մետրոյով ճամփորդելն էլ մտցրեց ընտրարշավի գրաֆիկի մեջ` 100 դրամ ծախս է շատ-շատ, էժա՜ն` ուրիշների թանկ-թանկ կորտեժների համեմատ: Ու, ընդհանրապես, ով քարոզարշավի ընթացքում մեկ ակնթարթ հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին` երկրից խռովածներ, աբիժնիկներ, խեղճուկրակ ժողովուրդ, հենց սեղմի Րաֆֆու ձեռքը` իրեն երկրի մի մասնիկը կզգա: Ու մասնիկ զգալուց քվեարկելն էլ մեկ քայլ է:

Դե, Սերժ Սարգսյանն էլ որ ասում է` գնալու ենք դեպի ապահով Հայաստան` «ԱՊՊԱ», ուրեմն չի թաքցնում, որ մենք անապահով Հայաստանում ենք ապրում. էլի լավ է` խոստովանում է: Ուրեմն հույս կա, որ հետո անապահովներին էլ մի բան կհասնի:

Չէ, բայց իսկապես` թեկնածուների կարգախոսները լսես` մեկը մեկից մազալու. ճիշտ որ` «Հայաստանը հո միայն Երեւանը չէ», սա կարելի է բացել` «Երեւանն էլ հո միայն Հյուսիսային պողոտան չէ, Երորրդ մասի ղռերն էլ Երեւան են», կամ` ընդամենը 100 քայլ... եւ կընկնես փոսը կամ էլ` գուցե դուրս գաս փոսից, հը՞: «Հնարավո՞ր է»: Կամ` «Հնարավո՞ր է» «Ապահով Հայաստան», դե գոնե` «Մեկ անգամ միասին» հնարավոր դարձնեինք դա, մանավանդ որ «Եկել է պատմական պահը» «Հայրիկյան նախագահ» ունենալու, իսկ մերոնք Քեռի Թորոսի մասնագետ են աչք խոթում: Մինչդեռ պետք էր «Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք» էպոսագետից, ամենագետներից եւ տգետներից. «Ես ձեզնից մեկն եմ», էն Աստված, կամ որպես կարգախոս` «Վերեւն Աստված կա»: Դոլարի վրա էլ է գրված` «Աստծուն ենք մենք վստահում»:

Աստված քաղաքականացված եւ չքաղաքականացված ընտրողների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ