ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐՙ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հ. Հ. Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, համաձայն ԿԸՀ տվյալների, տասնչորս քաղաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ընտրություններից հետո Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հայտարարեց, որ ինքը վատ է աշխատել, քանի որ հինգ տարվա ընթացքում Շիրակի մարզում կառավարությունը 250 միլիոն դրամի ներդրում է կատարել, մինչդեռ մարզի քաղաքներում հաղթանակ է տարել ընդդիմության առաջնորդը: Շիրակում Հովհաննիսյանը հավաքել էր 67.805 քվե, իսկ Սարգսյանըՙ 56 729: Հանրապետության երկրորդ քաղաքումՙ Գյումրիում ընդդիմության առաջնորդը 2.5 անգամ ավելի շատ ձայն էր ստացել, քան իշխանության ներկայացուցիչըՙ համապատասխանաբար 69,5 եւ 27 տոկոս: Վանաձորում նույնպես Սերժ Սարգսյանը պարտվել է, եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտարարել էր, որ Րաֆֆիին ձայն են տվել անգիտակից մարդիկ: «Ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է անում, դա մեր թեկնածուի պարտությունը չէ», ասել էր քաղաքապետը: Դրան ի պատասխան ՀՀԿ անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել էր, որ նախագահին շատ է վրդովեցրել քաղաքապետի այդ հայտարարությունըՙ եւ նա անպայման պետք է հրաժարական տա: Սուսուփուս, առանց հարցազրույցների ու մեկնաբանությունների, երեկ հրաժարականի դիմում է գրել նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը : Հիշեցնենք, որ այս քաղաքում նույնպես Սարգսյանը պարտվել էր: Եթե այս տրամաբանությամբ ընթանան իրադարձությունները, ապա մյուս քաղաքների քաղաքապետներն էլ, ովքեր հիմնականում Հանրապետական կուսակցության անդամ են, պետք է հրաժարական տան, այսպես ասածՙ վատ քարոզչության համար: |