RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2024, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 71

ՀԱՅՏՆԻ Է «ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՈՒՆԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

17-ամյա Վահագն Մարգարյանը հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք «Պատանի պարողների Եվրոտեսիլին» կներկայացնի Հայաստանը:

Վահագն Մարգարյանն սովորում է պարարվեստի քոլեջում` բալետի բաժնում:

Մինչ այդ, նա սովորել է ազգագրական բաժնում, սակայն հետո նկատելով Վահագնի տվյալները, մասնագետները խորհուրդ են տվել տեղափոխվել բալետի բաժին: Վահագնը չորս տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ պարով եւ առաջին անգամ է մասնակցում մրցույթի:

«Ազգը» զրուցեց նրա հետ. «Պատանի պարողների եվրոտեսիլն ինձ փորձ է տալիս, ինչպես նաեւ նոր մասնագիտական գիտելիքներ: Եվրոտեսիլն ինձ հնարավորություն է տալիս մտնելու միջազգային ասպարեզ»:

Նշենք, որ հայաստանյան եզրափակիչ փուլ էին անցել 11 պարողներ, որոնք բացի մենապարերից, հանդես եկան յուրահատուկ խմբային պարով` ցուցադրելով նաեւ զույգով եւ խմբով պարելու հմտությունները:

Հայաստանյան եզրափակիչ փուլին ներկա էր նաեւ «Պատանի պարողների Եվրոտեսիլի», «Մանկական Եվրոտեսիլի» եւ «Պատանի երաժիշտների Եվրոտեսիլի» մրցույթների ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը , որը լրագրողներին ներկայացրեց մրցույթի կանոնները. «Պատանի պարողների Եվրոտեսիլին մասնակիցներն առաջին փուլում պետք է հանդես գան մենապարով, իսկ երկրորդ փուլում` խմբակային պարով: Խմբակային պարի բեմադրության համար հատուկ մասնագետ է հրավիրվում: Այժմ հստակ կարող եմ ասել բեմադրողի անունը` Մեծ Բրիտանիայից Հուդ Բելիբոլսն է: Իսկ վերջին փուլում, երբ ընտրում են եզրափակիչ դուրս եկած երկու մասնակիցներից հաղթողին, ապա նրանք պետք է հանդես գան իմպրովիզացիոն պարով` ցույց տալով իրենց հմտությունները: Ահա այս փուլից հետո կընտրվի հաղթողն ու երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը»:

Ժյուրիի անդամ Ռուբեն Մուրադյանը ցանկանում էր, որ ոչ թե մի, այլ մի քանիսը մասնակցեն Եվրոտեսիլին. «Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ Հայաստանն ենք ներկայացնում ամբողջ Եվրոպային: Բոլոր մասնակիցները շատ լավն են, յուրօրինակ»:

Ռ. Մուրադյանը հաղթանակած մասնակցի մասին իր կարծիքը կիսեց «Ազգի» հետ. «Վահագնը դեռ բավականին տեղ ունի աճելու, զարգանալու, կայանալու. ինձ համար ամենակարեւորը մարդու արտաքինն է, դեմքը, շարմը: Յուրաքանչյուր արտիստի համար ամենակարեւորը տեսքն է, եթե նա գրավեց հանդիսականին, ապա դա արդեն մեծ առավելություն է, իսկ Վահագնը ունի դա: Ըստ իս, ընտրությունը արդար էր եւ ժյուրիի անդամները այնպիսի մարդիկ էին, խիստ եւ բծախնդիր, որ անարդարության մասին խոսք լինել չի կարող` ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը եւ հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը»:

«Պատանի պարողների Եվրոտեսիլի» պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը հաղորդեց, որ այն պարը, որով Վահագն Մարգարյանը ներկայացավ եզրափակիչ փուլում, «Պատանի պարողների Եվրոտեսիլի» մրցութային պարը չէ. «Մեր մասնակցի համար այժմ կբեմադրվի հատուկ պար եւ կգրվի երաժշտություն: Թե ո՞վ կբեմադրի պարը, դեռ հստակեցված չէ, սակայն շատ ենք ցանկանում, որ մրցութային պարի բեմադրողը միջազգային մրցույթների համար բեմադրությունների փորձ ունենա: Հայաստանում ունենք հիանալի մասնագետներ, սակայն հնարավոր է, որ հրավիրենք դրսից: Ինչպես նաեւ հնարավոր է, որ ընտրենք շատ հայտնի երաժշտություն եւ մշակվի այն, դա կախված է բեմադրողի պատկերացումից եւ ցանկությունից»:

Այս տարի Եվրոտեսիլին կմասնակցի տասը պետություն` Բելառուս, Ուկրաինա, Հայաստան, Նորվեգիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Չեխիա, Սլովենիա եւ հյուրընկալող երկիրը` Լեհաստանը:

«Պատանի պարողների Եվորտեսիլ 2013»-ը առաջին անգամ տեղի է ունեցել 1985 թվականին Իտալիայում, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Ընդգծենք, որ ըստ վիճակագրության, Իսպանիան ամենից շատն է հաղթել մրցույթում, իսկ Շվեդիան, Բելգիան, Շվեցիարիան հաղթել են երկուական անգամ: Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ