ՏՐԱՆՍՊՈՐՏՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸՙ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԹՎՈՒՄ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ երեկ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող ընդունելության օրերին բնակիչների հարցերի, առաջարկությունների ու խնդիրներին տրվող պատասխանների եւ լուծումների վերաբերյալ դիտարկում անցկացնել: «Ընդունելությունների դիտարկումը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացնել, թե հատկապես ինչ խնդիրներ են մտահոգում մեր բնակիչներին: Սա նաեւ լավ հնարավորություն է կրկնվող կամ առայժմ չլուծված հարցերը տեսնելու համար, ինչը կնպաստի, որպեսզի կարողանանք առաջադրված այդ հարցադրումներին օպերատիվ լուծում տալ», նշել է քաղաքապետը: 3 նոր ավտոբուսային երթուղիներ Տրանսպորտի վարչության պետը նույն խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ անց է կացվել 3 ավտոբուսային երթուղիների մրցույթ: Տեղեկացվել է նաեւ, որ միկրոավտոբուսային թ. 44 եւ 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչեւ այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով: Ընդ որում, միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ թ. 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ շատ տանջալից եւ երկար են միկրոավտոբուսային երթուղիները փոխարինվում ավտոբուսայինով: Շինթույլտվություն կանաչ տարածքներում չի տրվելու Մայրաքաղաքի կանաչապատման առնչությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ապօրինի ծառահատման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ, ընդգծելով, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների համաձայնՙ համայնքային իշխանություններին տրվել են լիազորություններ կանաչ տարածքները վնասելու եւ ոչնչացնելու դեպքում կիրառել վարչական խիստ տույժեր կիրառելու: Քաղաքապետը նաեւ ասել է, որ կանաչ տարածքների ու ծառերի հաշվին մայրաքաղաքում շինարարական որեւէ թույլտվություն չի տրամադրվելու: Ճանապարհի կառուցման ժամկետներն արդեն խախտվել են 2013 թվականի ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու եւ Կ. Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայնՙ եռահերթ աշխատակարգով: Կցանկանայինք նշել, որ քաղաքապետարանից մեր ստացած տեղակատվության համաձայն, մասնավորապես Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ճանապարհը պետք է ավարտվեր փետրվարին, բայց ակնհայտ է, որ այդ ժամկետը խախտվել է, եւ շինարարությունը չի ավարտվի նույնիսկ մինչեւ գարնան վերջը: Խիստ նկատողությունՙ դպրոցներում դրամահավաքի համար Անդրադառնալով դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու աշխատանքներին, Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը, իսկ մայրաքաղաքի երկու դպրոցներում դրամահավաքության փորձի մասին քաղաքացիների ահազանգերի հիմքովՙ տվյալ կրթօջախների տնօրեններին հայտարարել խիստ նկատողություն: Մարտի 8 Կանանց միջազգային օրվաՙ Մարտի 8-ի կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում կկազմակերպվեն տարատեսակ տոնական միջոցառումներ: |