ԱՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ Կիսաթեթեւքաշային կարգում հանդես եկող ամերիկաբնակ Արտ (Արտյոմ) Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին պարտությունը կրեց: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Կաբազոն քաղաքում նա մենամարտել է ամերիկացի Ալեխանդրո Պերեսի հետ: 10-ռաունդանոց բավականին հետաքրքրական մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցակցին զիջել է միավորներով (93-96, 93-96, 94-95): 31-ամյա Արտ Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում: 2007-ին նա մեկնել է ԱՄՆ եւ հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում: Մինչեւ Ալեխանդրո Պերեսի հետ մենամարտը հայ բռնցքամարտիկը պարտություն չէր կրելՙ տոնելով 15 հաղթանակ, 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Նրա մրցակիցների թվում են եղել Միգել Կոստան եւ աշխարհի նախկին չեմպիոն Քրիստոբել Կրուզը: 26-ամյա Ալեխանդրո Պերեսի համար հաղթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում 21-րդն էր: Դրանցից 17-ում նա հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, կրել է 3 պարտություն: |