ԲԱՔՎՈՒՄ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ «ԽՄԲԱԳՐԵԼ» ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆԸ Վ. Ա. Մարտի 10-ի իրադարձություններին, երբ Բաքվում ձերբակալվեց «Վերջ բանակում զինվորների մահվանը» ակցիայի ավելի քան 60 մասնակից, իսկ մնացածներին ոստիկանությունը դաժանորեն ցրեց, անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Խստորեն քննադատելով ոստիկանության գործողությունները, նա, դիվանագիտորեն ներկայանալով իբրեւ Ադրբեջանի բարեկամ, իշխանություններին հորդորել է հարգել հավաքների իրավունքը եւ դրա իրացման համար հարկավոր պայմաններ ստեղծել: Դրան նախորդել էր ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի NDI հասցեին ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչների մեղադրանքը, թե «ֆեյսբուքյան հեղափոխություն է նախապատրաստում», ինչին ԱՄՆ դեսպանատունն արձագանքել էր կոշտ` նման հրապարակումները գնահատելով մեկ բառով` «անհիմն»: Այսպիսով, հերթական անգամ Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը դժգոհություններ փոխանակեցին: Անհավանական է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը միայն սեփական նախաձեռնությամբ է գնահատում Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Մարտի սկզբին ԱՄՆ պետական դեպարտամենտը Ադրբեջանը համարել էր թմրանյութերի տարանցման «հիմնական երկրներից մեկը»: Այս համապատկերին, բնականաբար, իշխող վարչախումբը պետք է քարոզչական ամենատարբեր հնարքներ օգտագործի` ադրբեջանական հանրությանը ներշնչելու, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «ամեն ինչ կարգին է»: Եվ քանի որ նման պնդումների համար որեւէ իրական հիմք չկա, Բաքվի «քաղտեխնոլոգները» ստիպված են բառիս բուն իմաստով կառչել փրփուրներից: Իշխանամետ day.az-ը մի տեղեկատվություն է տարածել հետեւյալ ցցուն վերնագրով` «ԱՄՆ հետախուզությունն զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի վերսկսման մասին»: Բուն տեքստն սկսվում է այսպես. «Երեւանի եւ Բաքվի միջեւ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի պատճառով դիմակայությունը մնում է տարածաշրջանում լարվածության պոտենցիալ օջախ: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության պետ Ջեյմս Կլեպպերի` Կոնգրեսին ներկայացրած «ԱՄՆ անվտանգության սպառնալիքների մասին» զեկույցում», ինչից կայքի այցելուն կարող է տպավորություն ստանալ, թե նման գնահատականները ԱՄՆ Ազգային հետախուզության պետի զեկույցից են մեջբերված: Մինչդեռ զեկույցում ընդամենն ասված է. «Սուր հռետորաբանությունը, վստահության երկկողմ բացակայությունը եւ զորքերի շփման երկայնքով շարունակվող բռնություններն կարող են հանկարծակի սրել իրավիճակը»: Այսքան բան: Այդ մասին խոսում են բոլորը, որ շահագրգռված են խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարով, ինչպես բազմիցս հայտարարել է նաեւ ԱՄՆ-ը` որպես ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Ինչի՞ է արժանի ադրբեջանական կողմի այս ձեռնածությունը: Ծաղրի՞, լիաթոք ծիծաղի՞, քամահրանքի՞: Կարծում ենք, մեր կողմից` միայն խղճահարության: Իսկ ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ վերաբերմունքը` դա արդեն պաշտոնական Վաշինգտոնի խնդիրն է: |