RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013



Տեղադրվել է` 2013-03-14 00:38:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4248, Տպվել է` 145, Ուղարկվել է էլ.փոստով` 121

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ

ՄԱՐԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Այժմ, Ձեր կարծիքով, Դուք Րաֆֆի Հովհաննիսյանին անհրաժեշտ որակյալ իրավաբանական ծառայությո՞ւն եք մատուցում, թե՞ ժամանակ եք ձգում` Սահմանադրական դատարնին զրկելով օբյեկտիվ լսումներ անելու հնարավորությունից»: Սա հարցրել է ՍԴ-ի անդամ Կիմ Բալայանը երեկ, ՍԴ-ում ընթացող քննության ընթացքում, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին:

«Հարգելի դատարան, կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը Ձեզ կասի, թե ինչ օգնություն եմ ցուցաբերում: Ես նրան այն օգնությունն եմ ցուցաբերում, որն անհրաժեշտ է հայ ժողովրդին», պատասխանել է նրան Զարուհի Փոստանջյանը: Ասենք, որ այս հարց ու պատասխանի համարժեքությունը կամ անհամարժեքությունը, ինչպես կուզեք, մեկին-մեկ համընկնում է երեք օր ընթացած դատաքննությանը, որտեղ կողմերը ե՛ւ միմյանց հեգնական նախադասություններ էին ուղղում, եւ կասկածի տակ դնում միմյանց իրավական գիտելիքները, ե՛ւ դուրս գալիս դատաքննական կանոններից, ե՛ւ երբեմն իրենց սրամիտ պատասխաններով կամ անեկդոտներով շարժում դահլիճի ծիծաղը:

Այսօր Սահմանադրական դատարանը, հայցվոր եւ պատասխանող կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո, վերջապես կհրապարակի իր որոշումը` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ: Ասենք, որ համարյա ողջ դատաքննության ընթացքին հետեւելով` մենք առանձնապես չլուսաբանեցինք այն, եւ ասենք, թե ինչու:

Բանը բոլորովին էլ այն չէ, թե ով է ճիշտ, ով սխալ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննության հայցվոր եւ պատասխանող կողմերից, ով է իրավականորեն ավելի պատրաստված ու գրագետ, ով` ոչ:

Կարեւորն այն պիտի լիներ, որ հասարակությունը շոու չհամարեր դատաքննությունը, որ պատասխանող կողմ ԿԸՀ նախագահի, արդարադատության նախարարի եւ մյուսների խոսքը լայն հանրությունը չընկալեր անվստահորեն կամ հեգնանքով` ճիշտ ու սխալից անկախ: Որ նրանք ու նրանց ներկայացրած ինստիտուտները իսկապես վստահություն ներշնչեին լայն հասարակությանը, ու ոչ թե միայն երկրի ղեկավար շրջանակներին: Ու էլի բանն այն չէ, որ հայցվոր կողմը պատրաստի ապացույցներ չի ներկայացնում, ու Սահմանադրական դատարանը, ինչպես Հայաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն է ասում, պետք է մի արկղ փաստաթղթերից իր գործը թողած ընկնի, ապացույց փնտրի:

Չէ ու չէ: Մենք չհասանք այն օրին, երբ Հայաստանի բարձր ինստիտուտները վստահություն ներշնչեն, ու անկախ նրանից, որ, այո, իմ տպավորությամբ էլ ապացույցները պակաս են, բայց հանրության լայն շերտերը, միեւնույն է, արդեն այս գլխից չկասկածեին, որ Սահմանադրական դատարանը կարող է արդար վճիռ կայացնել: Իմ անձնական հիասթափությունը 1996 թվականից է, երբ Վազգեն Մանուկյանի հայցը մերժվեց, թեեւ հավատում էինք, որ Մանուկյանն է հաղթել եւ ոչ թե Տեր-Պետրոսյանը: Այն ժամանակից շատ տարիներ անցան` տարի տարվա վրա ինչ-որ բաներ գուցեեւ փոխվեցին մեր պետությունում դեպի լավը, որոշ բաներ դեպի վատը գնացին, բայց ժողովրդի վստահությունն իր պետական կառույցների հանդեպ այդպես էլ չվերականգնվեց: Այդ վստահությունը շատ է պետք մեզ ընտրությունների ինստիտուտի, իրավապահ համակարգի, չինովնիկների, խորհրդարանի, բոլորի հանդեպ: Անգամ` ընդդիմության հանդեպ, որովհետեւ ընդդիմության տարբեր միավորներ եւս տարբեր ժամանակներում վարվել են ճիշտ իշխանավորների պես` ժողովրդի թիկունքում բանակցելով, ժողովդի վստահության պաշարով առուծախ անելով` առանց նրա գիտության:

Հիմա այս պայմաններում այսօր սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանն, ու անկախ նրանից, որ իսկապես, հայցվոր կողմը` ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները, ե՛ւ Անդրիաս Ղուկասյանը, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում անվերապահ ապացույցներ ներկայացնել իրենց նշած ընտրախախտումների կամ ընտրության արդյունքների համատարած կեղծման վերաբերյալ, ժողովուրդը սկզբնապես արդեն անվստահություն է հայտնում ՍԴ կայացնելիք որոշման հանդեպ:

Նույնը նաեւ ընդդիմությանն է վերաբերում. ասենք` այնքան վստահ լինի հանրությունը, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի այցելությունը Րաֆֆուն որեւէ հարց չառաջացնի` ոստիկանապետը միայն Րաֆֆու առողջությամբ ու անվտանգությամբ է անհանգստացած (ոստիկանապետը Րաֆֆուն այցելել էր երեկ, ու վերջինս, իր երեկվա ասուլիսին ասաց, թե շնորհակալություն է հայտնել ոստիկանության պահվածքի համար ու ասել, որ եթե սրացում լինի` կլինի միայն դիմացի մայթից):

Ընդհանրապես` անվստահությունն ամենուր է եւ ամեն ինչի հանդեպ է, թեւածում է մեր օդում, ու եթե ինչ-որ անհայտ հասցեից Րաֆֆի Հովհաննիսյանի կազմած ստվերային կառավարության կազմի ցուցակ ես ստանում, միանգամից սպրդում է կասկածը, թե դա ո՞ւմ սադրանքն է` այնքան, որ վստահություն չկա եւ ոչ մեկի ու ոչ մի կառույցի հանդեպ:: Բոլոր դեպքերում` Ր. Հովհաննիսյանը խոստացել է իրենց բոլոր ծրագրերը հայտնի անել ուրբաթ օրվա հանրահավաքում, բայց եթե այդ օրն էլ խաբս տան ու ուղղակի ժամանակի ռեսուրսը վատնեն, հանրության վստահության պաշարն էլի է սպառվելու: «Բացահայտեք դրա աղբյուրը: Սա բացարձակ ապատեղեկատվություն է: Նման անուններ, պաշտոններ գոյություն չունեն ոչ իմ մտքում, ոչ թղթի վրա: Եթե որեւէ մեկը բացահայտի այդ հանելուկը, ես սիրով կլսեմ ձեզ»,- նշեց երեկ Ր. Հովհաննիսյանը ` անհայտ հասցեից տարածված իբր Րաֆֆու կառավարութան ստվերային կառավարության ցուցակի վերաբերյալ:

Մեր ընթերցողի տեղեկություն ստանալու իրավունքն իրացնելով` նշենք, որ երեկ Ր. Հովհաննիսյանին այցելել են ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, իսկ նախորդ օրը Ազատության հրապարակում Րաֆֆու հետ զրուցել էր Արամ Սարգսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նաեւ նշեց, թե Սերժ Սարգսյանին ասելիք այլեւս չունի, արդեն թող նա համապետական լուծում առաջարկի, ինք էլ կորոշիՙ ընդունել, թե՞ ոչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ