ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ. «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԷՐ» Ա. Մ. Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, երեկ, պատասխանելով լրագրողների հարցին` նախօրեին հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) արված հայտարարության կապակցությամբ, այդ հայտարարությունն առավել քան տարօրինակ համարեց: Ըստ նրա, հայտարարության մեջ, նշելով, որ կան հակամրցակցային համաձայնություններ եւ պայքար չի տարվում դրանց դեմ, ՄԻՊ-ը չի դիմում հանձնաժողովինՙ տեղեկացնելով այդ փաստերի մասին: Դա այն դեպքում, երբ հանձնաժողովը դիմել է ՄԻՊ-ին եւ խնդրել նման փաստեր լինելու դեպքում հայտնել հանձնաժողովին: Մինչ այժմ ՄԻՊ-ի կողմից մեկ նման դիմող է եղել` քաղաքացին դժգոհել է «Արմենթելից», ինչը քննարկվել է, եւ պարզվել, որ դժգոհությունը հիմնավորված չի եղել: Այն դիտարկմանը, թե պաշտպանը նշել է, որ հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսեւորումները, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ պաշտպանը թող նշի տնտեսության այդ հատվածները, որտեղ կան այդ խնդիրները, եւ հանձնաժոովը կզբաղվի դրանցով: Նա նշեց, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ բազմաթիվ նման խնդիրներ է արձանագրել եւ որոշումներ կայացրել: Հանձնաժողովի գործունեության մասին խոսելովՙ Արտակ Շաբոյանը երեկ հայտնեց նաեւ, որ այս տարի շեշտը դրվելու է պետական գնումների ոլորտում հսկողության վրա: Այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում` տուգանքների մեծացման եւ խստացման, ապացուցողական բազայի մեծացման ուղղությամբ: Ձվի շուկայում հնարավոր թանկացումների մասին տրված հարցին հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ հրավիրվել են արտադրողները եւ զգուշացվել թանկացումների անթույլատրելիության մասին, որը կարող է դիտարկվել որպես հակամրցակցային համաձայնություն: Այդուհանդերձ, արդեն իսկ տեղի ունեցած գնի փոքր բարձացման առնչությամբ էլ Արտակ Շաբոյանն ասաց, որ այդ հարցն այժմ հանձնաժողովը քննարկում է: «Ազգի» հարցըՙ ուղղված Արտակ Շաբոյանին, վերաբերում էր պանրի գների վերջին մեկ ամսվա թանկացումներին, նա նշեց, որ այդ շուկան մրցակցային է, իսկ հանձնաժողովի փորձագետներից մեկը դա պայմանավորեց կաթի մթերման գնի թանկացմամբ, ինչն իր հերթին պայմանավորված է սեզոնային գործոնով: |