«Ո՞Վ Է ՀԱՅԸ»ՙ ԲԱՆԱՎԵՃ ԼՈՆԴՈՆՈՒՄ Հ. Ծ. Թեքեյան մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղի կազմակերպությամբ փետրվարի 22-ին Քենսինգտոն գրադարանի դասախոսությունների դահլիճում կայացել է «Ո՞վ է հայը» խորագրով բանավեճ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ներկաների թվում են եղել նաեւ Ուելսից ժամանած հայեր: Իր բացման խոսքում ԹՄՄ-ի ատենապետ դոկտ. Հրաչ Գույումճյանը անդրադարձել է, իր կարծիքով, հայոց պատմության մեջ «հայկականության» երկու կարեւորագույն դրվագների, մեկըՙ Տիգրան Մեծի խոսքերը, ուղղված հռոմեացի լեգեոնականներին, երկրորդըՙ Սասունցի Դավթի խոսքերը ուղղված Մսրա Մելիքին: Այնուհետեւ նա ներկայացրել է բանավիճողներինՙ պրոֆ. Բերտ Վոյին (Քեմբրիջի Քինգզ քոլեջից), Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին (Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ), Մանուել Հասասյանին (Պաղեստինյան իշխանությունների դեսպան) եւ Հովհան Սիմոնյանին (Հարավային Կալիֆոռնիա համալսարանից): Պրոֆ. Վոն ներկայացրել է մարդու էթնիկական ծագումը բնորոշող կոնցեպտուալ եւ էմպիրիկական տեսակետները: Հոգեւոր հայրը հայկականության անբաժան մասն է համարել եկեղեցին եւ քրիստոնեական հավատը: Պրոֆ. Հասասյանը խոսել է սփյուռքահայ համայնքներում հայերի դրական դերակատարման մասին, իսկ պրն Սիմոնյանը անդրադարձել է «հայու» ընկալմանը օսմանյան ժամանակներից մինչեւ մեր օրերը: Բանավեճը բարձր մակարդակով վարել է Լանկաստեր համալսարանից պրոֆ. Սոսի Գասպարյանը: Ավելի քան երկու ժամ տեւած բանավեճն ավարտվել է հարց ու պատասխանի բաժնով: |