ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ Ի. Պ. Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունը (European Heart Rhythm Association) արձանագրել է լուրջ առաջընթաց սրտի ռիթմի խանգարման, դրա հետեւանքով մահացության ցուցանիշների կրճատման ու բնակչության կյանքի որակի բարելավման գործում: Ընկերության նախագահ, պրոֆեսոր Անժելո Աուրիչիոն , որը հիմա Հայաստանում է, երեկ հանդիպել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ու ներկայացրել իրենց ունեցած ձեռքբերումները, այդ թվում եւ ընկերության անդամ 55 երկրների` 2008 թվականից ի վեր ունեցած առաջընթացը հավաստող վիճակագրական տվյալները: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունը վերլուծել է նաեւ ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: Առաջիկա տարիներին ինչպես ամբողջ աշխարում, Հայաստանում նույնպես կավելանա սրտանոթային հիվանդություններ ունեցողի թիվը, ինչից դրդված էլ անհրաժեշտ է ավելացնել համապատասխան ծառայություններ կատարող բուժկենտրոնները: Անժելո Աուրիչիոն տեղեկացրել է, որ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում առիթմոլոգիական ծառայության զարգացմանը: «Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում էլ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը սրտային հիվանդություններինն է ու մահացությունների կեսի պատճառը դարձյալ սիրտ-անոթային հիվանդություններն են: Հետեւաբար, հաշվի առնելով այս ցուցանիշներն ու կանխատեսումները, ցանկանում ենք Սրտաբանության գիտական ինստիտուտում կազմակերպել առիթմոլոգիական երկրորդ ծառայությունը, եւ այդ հարցում մենք ձեր աջակցության անհրաժեշտությունը կունենանք», ասել է Դերենիկ Դումանյանը: Անժելո Աուրիչիոն պատասխանել է, որ պատրաստ են հայ մասնագետներին սովորեցնել անգամ հեռակա կարգով, եւ խոստացել է ուղարկել անվճար ուսուցման ծրագիրը: Նախարար Դումանյանը նշել է, որ սրտաբանության որոշ ճյուղերում Հայաստանը եւս լուրջ առաջընթաց արձանագրել է. այստեղ զարգացել է հատկապես սրտային վիրաբուժությունը, պետությունը ներդրումներ է կատարել նոր բուժկենտրոններ բացելու, մասնագետների պատրաստելու նպատակով: Այս տարվանից 2 նոր բուժկենտրոն կգործի Շիրակի ու Սյունիքի մարզերում: Բայց եւ այնպես, առիթմոլոգիայի ոլորտում անելիքներ դեռ շատ կան: |