ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻՑ ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ Երեկՙ մարտի 13-ին Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց Գեղարքունիքի Ներքին Գետաշենի Կերպարվեստի խմբի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցադրված էին երեխաների մոտ 150 աշխատանքներ, որոնք ներկայացնում են խմբակի վերջին 9 տարվա ստեղծագործական պատկերը: Կերպարվեստի խումբը գործում է արդեն 15 տարի` մանկավարժ-նկարիչ Նեկտար Սահակյանի նախաձեռնության շնորհիվ եւ ղեկավարության ներքո: Խմբի սաները բազմաթիվ միջազգային (Եգիպտոս, Ռումինիա, Հնդկաստան, Լեհաստան, Ռուսաստան եւ այլն) ցուցահանդեսների մրցանակակիրներ են եւ մշտապես ակտիվորեն մասնակցել են հանրապետական ցուցահանդեսների: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը, որ շնորհավորեց ու բարի երթ մաղթեց երեխաներին ու մի քանի խոսքով ներկայացրեց աշխատանքները: Նա նշեց, որ չնայած դժվար պայմաններին, այնուհանդերձ երեխաները սիրով են վերաբերվում իրենց արվեստին, ավելի լավ ներկայացնելու համար այն թե մեր ու թե օտար երկրներում: Նա նշեց նաեւ ,որ երեխաները չունենալով շենքային պայմաններՙ պարապմունքներն անցկացնում են իրենց ուսուցչուհու տանը: Այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ կրթության ու գիտության նախարարության ներկայացուցիչը Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գեւորգյանը: Վերջում խոսեց Նեկտար Սահակյանըՙ ներկայացնելով ցուցահանդեսի ստեղծման պատմությունը,շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ու նշեց,որ ցուցահանդեսը նվիրվում է Հենրիկ Իգիթյանի հիշատակին: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մարտի 20-ը: |