ԷՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ Այսօր, մարտի 14-ին` ժամը 19:00, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ՀՊԵՆ հրավերով Արամ Խաչատրյան համերգասրահում երեւանյան հանդիսատեսին կներկայանա Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, «Շելկունչիկ» պատանի երաժիշտների 13-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, կլարնետահար Էրիկ Միրզոյանը: Երեկոյի ընթացքում նվագախումբը եւ պատանի մենակատարը հանդես կգան Սերգեյ Տանեեւի «Կանցոնա կլարնետի եւ լարային նվագախմբի համար» եւ Յոհան Սեբաստիան Բախ/Շառլ Գունոյի «Ավե Մարիա կլարնետի եւ լարային նվագախմբի համար» ստեղծագործությունների համատեղ կատարմամբ: ՀՊԵՆ ծրագրում կներառվեն նաեւ Ղ. Սարյանի եւ Դ. Շոստակովիչի ստեղծագործություններից: |