«ՄԻԿԱՆ» ՈՒ «ՇԻՐԱԿՆ» ԷԼ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: «Փյունիկին» եւ «Գանձասարին» միացան «Միկան» ու «Շիրակը», որոնք կշարունակեն պայքարը պատվավոր մրցանակի համար: Գործող գավաթակիր «Շիրակն» Իջեւանում կայացած առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Արարատին»: Աբովյանում կայացած պատասխան խաղում թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը պահեստայինների նստարանին էր թողել փորձառու ֆուտբոլիստներ Անդրանիկ Բարիկյանին, Տիգրան Դավթյանին եւ Լեւոն Փաչաջյանին, իսկ Կարեն Ալեքսանյանն ընդհանրապես բացակայում էր հայտացուցակից: Խաղը հարուստ չէր գոլային պահերով: Առաջինը կարող էր հաջողության հասնել «Շիրակը», սակայն Մայիս Ազիզյանի դեմ մենմենակ հայտնված Դավիթ Հակոբյանը վրիպեց: «Արարատն» էլ ունեցավ դարպասը գրավելու հարմար պահ, սակայն Գալուստ Պետրոսյանի հարվածից հետո «Շիրակի» դարպասապահ Արթուր Հարությունյանը հաջող խաղաց: Ընդմիջումից հետո էլ շիրակցի Դիդիե Բորիսը փորձեց գլխի հարվածով խոցել դարպասը, սակայն Մայիս Ազիզյանն իր տեղում էր: Այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, ինչը ձեռնտու էր «Շիրակին»: Առաջին արգելքը հաջողությամբ հաղթահարեց 6-ակի գավաթակիր «Միկան», որը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ուլիսին»: Մրցակիցների առաջին խաղում դարպասները մնացել էին անառիկ: Այնպես որ ամեն ինչ վճռվելու էր պատասխան խաղում: Արդեն 11-րդ րոպեին «Ուլիսը» կարող էր բացել հաշիվը, երբ Պատոն մենմենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց: Սակայն Արմեն Ֆիշյանը փրկեց «Միկային»: Իսկ առաջին խաղակեսի վերջում ուլիսցի Շոթա Ջիքիայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Դեռ նոր էր սկսել 2-րդ խաղակեսը, երբ Արսեն Բալաբեկյանը կորցրեց «Ուլիսին» առաջ մղելու եւս մեկ հնարավորությունը: Իսկ ահա «Միկան» ավելի հաջողակ գտնվեց: 54-րդ րոպեին տուգանային հարվածը հիանալի իրացրեց թիմի ավագ Աղվան Մկրտչյանըՙ բացելով հաշիվը: Իսկ խաղավարտից 8 րոպե առաջ Աղվանը եւս մեկ անգամ գրավեց «Ուլիսի» դարպասըՙ ապահովելով թիմի հաղթանակը: Եվ այսպես, գավաթի համար պայքարը սկսած 9 թիմերից ասպարեզում մնացին 4-ը: Կիսաեզրափակիչում զույգեր են կազմել «Շիրակն» ու «Միկան», «Փյունիկն» ու «Գանձասարը»: Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Շիրակի» եւ «Միկայի» մրցավեճը, որոնք առաջնությունում էլ պայքարում են չեմպիոնի տիտղոսի համար: Մրցակիցներն արդեն 3-րդ տարին անընդմեջ մրցելու են գավաթի մրցաշարում: 2011-ին «Շիրակն» ու «Միկան» հանդիպել էին գավաթի եզրափակիչում: 4-1 հաշվով խաղը շահել էր «Միկան»ՙ 6-րդ անգամ նվաճելով գավաթը: Անցյալ տարի կիսաեզրափակիչում հաջողությունն ուղեկցել էր «Շիրակին», որը մտնելով եզրափակիչ, նվաճել էր գավաթըՙ 1-0 հաշվով պարտության մատնելով «Իմպուլսին»: |