RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013



ԲԱՔՈՒ

Տեղադրվել է` 2013-03-14 00:38:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1624, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 58

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ»` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Պարզվում է, հարեւան երկրում «ազատորեն գործող» հասարակական կազմակերպություններից մեկն էլ կոչվում է «Ակսակալների խորհուրդ», որ վերջերս գումարեց հերթական 6-րդ համագումարը: Եվ, «պաշտպանելով աշխատավորների շահերը ներկայացնող` արհմիութենական կազմակերպությունների համադաշնության միակ ճիշտ որոշումը», իր հերթին հավանություն տվեց, որ «նախագահի ծանր եւ պատասխանատու աշխատանքը» երրորդ ժամկետով շարունակի կատարել «համազգային առաջնորդի գործի արժանավոր շարունակող» Իլհամ Ալիեւը:

«Ակսակալների խորհրդի» համագումարին, չգիտես ինչու, ներկա չէր Հեյդար Ալիեւի հարազատ եղբայրը` ակադեմիկոս Ջալալ Ալիեւը: Բացակա էր նաեւ Ռամիզ Մեհթիեւը: Փոխարենը առիթն օգտագործել եւ սեփական հեղինակության «Տնտեսագիտական հանրագիտարանը» շնորհանդեսի էր ներկայացրել ակադեմիկոս, Միլլի մեջլիսի տնտեսական հարցերի կոմիտեի նախագահ, նախկինում Ադր. ԿԿ Կենտկոմի քարտուղար Զիադ Սամեդզադեն: Հունձքը չափազանց առատ էր. դահլիճի նախասրահ տարված «հանրագիտարանի» բոլոր օրինակներն սպառվեցին կայծակնային արագությամբ` մեկ օրինակը 50 մանաթով:

Այլ կերպ չէր լինի: Սամեդզադեն հասցրել էր շատերին ի լուր տեղեկացնել, որ «հանրագիտարանն ստեղծվել է, որպեսզի ցույց տրվի, թե ինչպիսի տնտեսական հաջողությունների է հասել Ադրբեջանը` շնորհիվ Հեյդար Ալիեւի մշակած զարգացման հայեցակարգի»: Այդքանից հետո ո՞վ կհանդգներ խնայողություն անել եւ իր հետ տուն չտանել «Տնտեսագիտական հանրագիտարանի» բոլոր հինգ հատորներից գոնե մեկական օրինակ: Փառք աստծո, որ հավաքվածները ոչ թե շարքային, այլ տիտղոսակիր-ձեռնարկատեր ակսակալներ էին:

Բայց զավեշտն առջեւում էր: «Ակսակալների խորհրդի» համագումարի ծափողջույնները դեռ չէին մարել, երբ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ սեփական հասարակական կազմակերպություն հիմնադրելու եւ քաղաքական գործընթացներին մասնակից դառնալու հայտ են ներկայացրել նաեւ... «սպիտակահեր կանայք»: Եթե «ճերմակամորուս» շողոքորթները կարող են համագումար հրավիրել, պաշտպանել «համազգային թեկնածու» Իլհամ Ալիեւին, ապա հանուն էմանսիպացիայի եւ սոցիալական արդարության նույնը չպիտի՞ անեն նաեւ «ճերմակահեր կանայք»: Ահա այս հիմնավորմամբ էլ ստեղծվել է «Ճերմակահեր կանանց» հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնող խումբ: Բայց հայտնի չէ` ում գլխավորությամբ:

Իսկ նախաձեռնողների ինքնությունը չի հրապարակվում, քանի որ վարչախումբը դեռեւս չգիտի` «ճերմակահեր կանայք» իրո՞ք Իլհամ Ալիեւի թեկնածությունն են պաշտպանելու, թե՞ «կանանց գունդ զորաշարժելու» գաղափարը պատկանում է Մեհրիբան Ալիեւային, եւ դրա տակ ինտրի՞գ կա: Մեկ էլ տեսար «ճերմակահեր կանայք» հավաքվեցին եւ նախագահի թեկնածու առաջադրեցին Մեհրիբան խանումին...

Ահա այս հարցականի վրա էլ Ադրբեջանում առկախվել է «քաղաքական էմանսիպացիան»: Կա թերեւս ուրիշ մտահոգություն էլ. Միլլի մեջլիսի նիստում պատգամավոր Ֆազաիլ Աղամալին պնդել է, որ «շատ բարձրաստիճան պաշտոնյաների մայրեր հայ են»: Գուցե վարչախումբը զգուշանում է, որ «ճերմակահեր կանանց» կազմակերպությանը նաեւ Աղամալիի նշած պաշտոնյաների մայրերը կանդամագրվե՞ն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ