RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ՀԱԹԱՅԻ ԱԼԱՎԻՆԵՐԸՙ ԹԻՐԱԽ «ԱԶԱՏ ՍԻՐԻԱՅԻ ԲԱՆԱԿԻ» ԹՈՒՐՔ ՄՈՋԱՀԵԴՆԵՐԻ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Հաթայը նախկին Ալեքսանդրետի Սանջակն է, սահմանակից լինելով Սիրիային, իր վրա է կրում նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ խռովարարների սանձազերծած պատերազմի բացասական ազդեցությունը: Վիլայեթի տարածքում գործում են սիրիացի փախստականների համար ստեղծված ճամբարներ, տեղակայված են «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանները, որոնք ազատորեն ելումուտք են անում փաստացի վերացված սահմանում:

Այսինքն, օրվա որոշ ժամերին անցնում են սահմանի սիրիական հատվածը, կռվում խռովարարների շարքերումՙ ընդդեմ Ասադի վարչակարգի, ապա սահմանում զգեստափոխվում են եւ վերադառնում են Հաթայ, որ ահաբեկեն Անտիոքի ալավիներին: Ի դեպ, Հաթայը, բացի ալավիներից, զգալի բնակեցված է արաբներով, որոնք դեմ են Սիրիայի դեմ չհայտարարված պատերազմին, «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանների տեղակայմանը իրենց վիլայեթում եւ թուրք մոջահեդների մասնակցությանը կռիվներին, որոնց թիվը թուրքական IMC tv-ի տվյալներովՙ շուրջ 3000 է: Ենթադրելի է, որ նրանք դեմ պետք է լինեն նաեւ վարչապետ Էրդողանի կառավարության Սիրիայի հանդեպ որդեգրած քաղաքականությանը:

Համենայն դեպս, «Ձեռքերդ հեռու Սիրիայից» կարգախոսով բողոքի բազմաթիվ ցույցեր են կազմակերպվել Հաթայի վարչական կենտրոն Անտիոքում, ցուցարարները կառավարությունից պահանջել են արգելել սիրիացի խռովարարների բնակությունը քաղաքում: Ըստ երեւույթին, բնակչության այս բողոքն ու դժգոհությունն է պատճառը, որ Անտիոքի ալավիները դարձել են թուրք մոջահեդների սպառնալիքի թիրախ: Այդ մասին մայիսի 1-ին տեղեկացրել էր Odatv.com կայքէջը: Տեղեկության համաձայն, ապրիլի 30-ին մոջահեդները ներխուժում են Անտիոքում գործող եւ Սիրիայի դեմ սանձազերծված պատերազմին ակտիվորեն հակադրվող Էհլ-ի Բեյթի մշակույթի եւ համերաշխության հիմնադրամի նախագահ Ալի Երալի բնակարան: Կնոջ եւ երեխաների ներկայությամբ տակնուվրա են անում նրա անձնական իրերը, կողոպտում կահ-կարասին եւ «քեզ այրելու ենք» մակագրությամբ նամակ են թողնումՙ հասցեագրված այդ պահին բացակայող Երալին:

Ներխուժմանը «Մեզ ոչ մոջահեդ մարդասպանները կվախեցնեն, ոչ էլ նրանք, ովքեր մարդասպաններին սնուցում են» խորագրով հաղորդագրությամբ արձագանքում է Հաթայի «Ժողովրդական տուն» կազմակերպությունը: Ահա թե ինչ է գրված. «Երեկ հարձակման է ենթարկվել Ալի Երալի բնակարանը: Ներխուժողների նպատակը ակնհայտ էր. անձնական իրերը խառնել, իսկ տան իրերը թալանել են: Մենք գիտենք, թե ովքեր են բնակարանում «քեզ այրելու ենք» գրությունը թողնելուց հետո իրենց մութ որջը վերադարձած այս մարդասպան մոջահեդները:

Նրանց ամեն օր տեսնում ենք քաղաքի փողոցներում շրջելիս:

Նրանց ամեն օր տեսնում ենք Անտիոքի այգիներում հանգստանալիս:

Նրանց ամեն օր տեսնում ենք ավտոկայանում զգեստափոխվելիս:

Նրանց ամեն օր տեսնում ենք մեր հիվանդանոցներում:

Մեր տեսածները տեսնում են նաեւ Հաթայի նահանգապետն ու ոստիկանապետը, նրանց գիտեն երկրի վարչապետն ու ներքին գործերի նախարարը: Տեսնում են, գիտեն, բայց նրանք կարողանում են ներխուժել ամիսներ շարունակ սպառնալիքի թիրախ դարձած Ալի Երալի բնակարանը:

Դեռ երեկ այս մարդասպաններն առեւանգում էին քրիստոնյա քաղաքացիների հոգեւորականներին, իսկ այսօր սպառնում են ալավիների ներկայացուցիչ Ալի Երալին:

Քանի դեռ Էրդողանի իշխանությունները այս մարդասպաններին համարում են ազատության մարտիկ, անդորր չի լինի մեր քաղաքի փողոցներում: Դրա համար անհրաժեշտ է քաղաքը մաքրել մարդասպաններից: Բնակչությանը կոչ ենք անում վտարել Սիրիայում կռվող եւ մեր քաղաքում հանգստացող այս մարդասպաններին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ